‘Ուսանողական թատրոնի նոր խաղաշրջանը կմեկնարկի Չապեկի «Մայրը» ստեղծագործության բեմադրությամբ’

986

Չեխ ականավոր արձակագիր եւ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացմամբ կմեկնարկի Երևանի թատրոնի և պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի նոր խաղաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը նշեց, որ խաղաշրջանը հատուկ մեկնարկում են Չապեկի «Մայրը» ստեղծագործությամբ, քանի որ այն կրում է հայրենասիրական բնույթ: «Բոլոր ժամանակներում երիտասարդությանը պետք է սերմանել հայրենասիրություն: Պատմությունը ցույց է տալիս, որ արվեստը, մշակույթն են պահում և քաջալերում ազգի մարտական ոգին»,-ասաց Բարսեղյանը:

Նա նաև  կարևորում է թատրոնի խաղացանկում հայրենասիրական ներկայացումների ներառումը: Թատրոնի նոր խաղաշրջանում, բացի հայրենասիրական թեմատիկայով ներկայացումներից, ներառված են նաեւ կատակերգություն, ողբերգություն և այլ ժանրերի ներկայացումներ: 
 
ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը նշեց, որ «Մայրը» ներկայացմամբ սեպտեմբերին մասնակցել են Բրեստի «Բելայա Վեժա» միջազգային թատերական փառատոնին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Բրեստի փառատոնում հայաստանյան ներկայացումը մրցել է բավականին լուրջ թատրոնների հետ, և մասնակիցներն ու հանդիսատեսը զարմացել և դժվարությամբ են հավատացել, որ բեմին կանգնած են երկրորդ կուրսի ուսանողներ: «Ռիսկի գործոնը շատ մեծ էր այն առումով, որ բեմում խաղալու էին ուսանողներ և, ի վերջո, դերասանը բեմի զինվոր է. կհաղթի` հաղթանակած տուն կգա, կպարտվի` կլսի ոչ հաճելի բաներ: Մենք կարողացանք հաղթահարել ու մրցանակով վերադարձանք հայրենիք»,-ուրախությամբ նշեց ՀՀ վաստակավոր արտիստուհին: 
Հայրենասիրություն քարոզող ներկայացումը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 20 ամյակին: Մնացականյանի խոսքով` հայենասիրության մասին չեն գոռում. հայրենասերն այն մարդն է, ով անում է ամեն ինչ` տնտեսության, լեզվի, մշակույթի և այլ գործոնների միջոցով, հայրենիքի կայացման համար: «Մենք փորձում ենք մշակույթի միջոցով հայրենիքի համար ներդրում կատարել: Ի վերջո, ժողովրդին ճանաչում են մշակույթի միջոցով, մենք ունենք հարուստ մշակույթ, որի միջոցով կարող ենք դուրս գալ միջազգային ասպարեզ: Մենք ուզում ենք մեր հայրենիքի համար մեր ներդրումը կատարել մշակույթի միջոցով »-,նշեց Լալա Մնացականյանը` հավելելով, որ դա է դերասանների վարած քաղաքականությունը:

 Թատրոնի նոր եթերաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 17-ին` Ուսանողության միջազգային օրը:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ տունը կքննարկի Թեքսասի և Լուիզիանայի անկախության վերաբերյալ հանրագրերը’
Հաջորդ հոդվածը‘Միքայել Դանիելյան. Ես քաղաքական «բոզություններից» գլուխ չեմ հանում’