‘ Ուսումնասիրություն. Մասնակցության աճին զուգահեռ Ս. Սարգսյանի ձայներն աճել են’

1292

Փետրվարի 18-ին Սերժ Սարգսյանի օգտին տրված ձայների քանակը բարձր է եղել այն տեղամասերում, որտեղ բարձր է եղել մասնակցությունը: Լրագրողներին այսօր ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:  Վերջինս, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի եւ Կանանց ռեսուրսային կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանի հետ միասին, ներկայացրեց ընդարձակ ուսումնասիրություն, որը, բանախոսների ձեւակերպմամբ, լուրջ կասկածներ է հարուցում առ այն, որ փետրվարի 18-ի ընտրությունները կեղծված են:

Ուսումնասիրության հեղինակները համեմատել են տեղամասերում քվեարկության մասնակցության ցուցանիշների եւ հիմնական թեկնածուների՝ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի օգտին տրված ձայների հարաբերակցությունը:

Վարուժան Հոկտանյանի ներկայացմամբ՝ Սերժ Սարգսյանը որակական առավելություն՝ 50%+1 ձայն ստացել է միայն 72% եւ ավելի մասնակցություն գրանցած տեղամասերի ընդգրկմամբ: 72%-ից ավելի մասնակցություն գրանցվել է 1988 տեղամասերից  554-ում:

Փաստորեն, ըստ բանախոսների՝ Սերժ Սարգսյանի «հաղթանակն» ընտրություններում ապահովվել է անհամաչափ բարձր մասնակցություն ապահովելու շնորհիվ:  «Թրանսփերենսի ինթերնեյշնլ»-ի տնօրենն այս առիթով հիշեց ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանի ձեւակերպումը՝ այդ տեղամասերում «ՀՀԿ կառույցները չափազանց լավ են աշխատել»:

Ըստ ուսումնասիրության՝ 49 տեղամասերում (հիմնականում՝ գյուղական համայնքներում), որտեղ 90 տոկոսից ավելի մասնակցություն է գրանցվել, Սերժ Սարգսյանը ստացել է ձայների 88 տոկոսը:

«Եթե այս պատկերը փորձենք բացատրել այլ երկրների փորձով, պետք է արձանագրենք, որ այստեղ լուրջ խախտումների կասկած կա», — ասաց պարոն Հոկտանյանը:

Ըստ ուսումնասիրության՝ մինչեւ 60% մասնակցություն գրանցած տեղամասերում Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան ձայների հարաբերակցությունը եղել է համապատասխանաբար՝ 46%-43%:  Իսկ հանրապետությունում ընդհանուր  մասնակցությունը, հիշեցնենք, պաշտոնական տվյալներով 60 տոկոսից քիչ ավելի է:  

Ի դեպ, ուսումնասիրության հեղինակները հաշվել են նաեւ, թե բարձր մասնակցություն գրանցած տեղամասերում ինչ հաճախականությամբ են քվեարկել ընտրողները: Այսպես, 101 տեղամասերում միջինը 40 վայրկյանը մեկ՝ քվեարկություն է տեղի ունեցել: Դա այն դեպքում, երբ իրականացրած խրոնոմետրաժից պարզ է դարձել, որ 50 վայրկյանից պակաս ժամանակահատվածում հնարավոր չէ քվեարկություն իրականացնել:

Ըստ Վարուժան Հոկտանյանի, հակասություն կա այն փաստի մեջ, որ գյուղական համայնքներում, որտեղ սովորաբար արտագաղթի բարձր ցուցանիշներ են գրանցվում, փետրվարի 18-ին առավել բարձր մասնակցության ցուցանիշներ են եղել:     

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ընթերցեց  մի շարք ՀԿ-ների հայտարարությունը, որում փաստվում է, որ հակառակ իշխանությունների փորձերին՝ նվազագույնի հասցնել մրցակցությունը եւ ապահովել արտաքուստ հանգիստ ընտրություններ, քաղաքացիներն իրենց մասնակցությամբ արտահայտեցին իշխանությունների նկատմամբ իրենց անվստահությունը:

«Օրհասական համարելով ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահությունը՝ պհանջում ենք ՀՀ իշխանություններից հրապարակել ստորագրված ընտրացուցակները՝ հավաստիացնելու իրենց եւ բացակա ընտրողների անունը չչարաշահելու հանգամանքը եւ ձեւավորել իշխանության լեգիտիմությունը: Հակառակ պարագայում Հայաստանի քաղաքացիները բոլոր հիմքերն ունեն համարելու, որ 2013-ի նախագահական ընտրությունները կեղծվել են՝ իշխանությունն ամեն գնով պահպանելու նպատակով», — ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես հավելեց Արթուր Սաքունցը, Սերժ Սարգսյանը, եթե վստահ է, որ լեգիտիմ նախագահ է, պետք է ինքը դիմի համապատասխան մարմիններին՝ բացելու ընտրացուցակները: «Հակառակ պարագայում՝ նրանք կապացուցեն, որ հենց իրենք չեն հավատում իրենց լեգիտիմությանը»:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում դեռ հետընտրական զարգացումները քննարկելու ձևաչափ չեն գտել’
Հաջորդ հոդվածը‘Հինգ տարի առաջ այս օրը (Տեսանյութեր)’