‘Ուսուցչուհու հարվածից երեխան 90% կուրացել է. Մամուլ’

2313

«Դարակերտի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհին, որի հարվածի հետեւանքով 6-րդ դասարանի աշակերտ Գեւորգ Սարուխանյանը կորցրել է տեսողության 90 տոկոսը, Մասիսի Դարբնիկ գյուղի գյուղապետի կինն է, Մասիսի նախկին ԲՀԿ-ական քաղաքապեւտ Դմիտրի Նազարյանի խնամին։ Այս դաժան դեպքը տեղի է ունեցել մարտին։ Գեւորգի մայրը՝՝ Գայանեն, պատմում է, որ Սուսաննա Գալոյանն առաջադրանքներ կատարելու մեջ թերանալու համար է հարվածել երեխային։ «Երեխան կանգնում է, ինքը մոտենում է, ձախ ձեռքի մատանին շուռ է տալիս եւ ուժեղ հարվածում։ Երեխան լաց է լինում, նստում է, ուզում է պայուսակից ջրի ամանը հանել, որ ջուր խմի, ուսուցիչը նորից մոտենում է, ասում՝ ես քեզ պատժում եմ, պետք է ջուր էլ չխմես։ Երեխան լաց է լինում ամբողջ ժամին, 45 րոպե չի թողնում որևէ բանից օգտվի, դա բոլորը նկատել են։

Երեխաս եկավ տուն լացելով, նկատեցինք, թե ինչ է կատարվել, աչքի մեջ կարմրել էր, արյուն լցվել, իսկ տակը ուռել։ Հարցրեցի, իմացա, բոլորն այդ ուսուցչուհու համբավը գյուղում գիտեն, նա միշտ էլ աշակերտների հետ այդկերպ է վարվել։ Մտածեցի՝ գնամ դպրոց, որեւէ բան ասեմ, ոչ մի արդյունք չեմ ունենա, իրեն հաղթել հնարավոր չէ»,– պատմեց մայրը։ Միջադեպից հետո անցել են ամիսներ, եւ արդեն մայիսին Դարակերտի դպրոց բժիշկներ են եկել՝ աշակերտների աչքերն ստուգելու համար։ Այդ ժամանակ նրանք Գեւորգի մոտ տեսողական խնդիրներ են հայտնաբերել։ Ատուգումից մեկ ամիս անց Գայանեին դպրոցից տեղյակ են պահում, որ երեխայի մոտ աչքի լուրջ խնդիր կա, պետք է տանել ստուգման։ Տանում Են «Մալայան» ակնաբուժության կենտրոն, որտեղ իմանում են, որ երեխայի աչքի տեսողությունն իջել է մինչեւ 10 տոկոս, գլխի շրջանում՝ քունքի կողքը, հարված է ունեցել, թաղանթը մահացել է, ինչն անբուժելի հիվանդություն է։ «Հետո սկսեցին երեխային հարցուփորձ անել բժշկի ներկայությամբ, թե ով է քեզ խփել եւ այլն, ապա կամաց– կամաց հիշեցինք, որ մարտին նման բան էր կատարվել, մի քանի օր երեխայի գլուխը ցավում էր, աչքը կարմրել էր, ասում էր, որ երկար նայում եմ՝ կարմիր է ցույց տալիս, հանգստացրինք, թե կանցնի։ Ի վերջո հասկացանք, որ հենց այդ հարվածն է եղել, քանի որ մեր երեխան շատ խելոք է, մենք 8 երեխա ենք մեծացնում։ Տղաս նույնիսկ հեծանիվ չունի և ֆուտբոլի խմբակ հաճախելու հնարավորություն..»,–երեխայի մոր խոսքերն է փոխանցում թերթը և հավելում, որ ուսուցչուհին մինչ այժմ շարունակում է աշխատել դպրոցում:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Հարությունյանի եղբոր «Էյր Արմենիան»՝ նոր ազգային ավիափոխադրող. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Անանյանը ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաևին կամ Քարիմովին. Մամուլ’