‘Ուստա Հրանտ. Սևերով խաղը 2. հասկանալու խնդիրը’

1726

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը իր բլոգում հրապարակել է դեկտեմբերի վերջին լույս տեսած իր հոդվածի երկրորդ մասը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների:

Նոր տարվանից առաջ գրված նյութումս խոստացել եմ շարունակություն: Միանգամից շեշտեմ, որ բարձրացված և հարակից թեմաներով խոսակցությունը լինելու է երկար ու հանգամանալից: Ծրագրում եմ մի քանի հոդված՝ նվիրված հակահեղափոխական դիսկուրսի ապակառուցմանը (դեկոնստրուկցիային): Իմ խորին համոզմամբ՝ այս «սև» աշխատանքից հետո միայն հնարավոր կլինի նորից զբաղվել կառուցմամբ: Ես հասկանում եմ, որ շատերը գրվածը հակափաստարկներով ժխտելու փորձի փոխարեն կենտրոնանալու են այն կետի վրա, որ նյութերիս շարքը քննադատում է՝ առանց դրական լուծումներ առաջարկելու, իսկ քննադատությունն էլ առայժմ սահմանափակվում է միայն հակահեղափոխության ճամբարով: Բայց պնդում եմ, որ այս փուլում դա բացարձակ անհրաժեշտություն է:

Գոնե այս անգամ իրավիճակը պետք է փորձենք վերլուծել ու հասկանալ հնարավորինս մանրամասն և հնարավորինս լայն ընդգրկմամբ, այլապես միշտ նույն տեղում ենք դոփելու: Հայաստանի հասարակական կյանքում չկա այսօր ավելի մեծ խնդիր, քան հասկանալու՛ խնդիրը: Բոլոր մյուսները, այդ թվում՝ գործելու խնդիրը, տվյալ պահին ածանցյալ են այդ գերխնդրից: Իսկ հասկանալու համար միայն մեկ ճանապարհ կա՝ կազմաքանդում և ապա նոր՝ սինթեզ. սկզբում սև, հետո միայն «սպիտակ» գործ:

 Համառոտ ծրագիրը

Ծրագրիս առաջին մասն է լինելու մոտավորապես հետևյալը. հասարակական բանավեճի և լրատվական դաշտի վերջին 5 տարիների զարգացման համառոտ ուրվագծումն ու վերլուծումը, ապա՝ այդ դաշտում վերջին 2 տարում ստեղծված կեղծ-ընդդիմադիր, հակահեղափոխական դիսկուրսի առանձին հղացքների հատ-հատ կազմաքանդումը:

Միայն այս և մի քանի այլ՝ հարակից կետերի վերլուծումից հետո կփորձեմ անցնել հաջորդ փուլին՝ վերջին 5 տարվա հասարակական գործընթացների ավելի ընդգրկուն և լայն վերլուծությանն ու քննադատությանը, որից էլ կարող ենք սահուն անցում կատարել դեպի կառուցողական մաս: Կրկնեմ՝ ոչ ոք թող հույս չունենա, թե կարող է իրավիճակի տակից հենց այնպես դուրս գալ՝ առանց փորձելու կատարել այս անհրաժեշտ աշխատանքը: Ավանդական հայկական «ծուլամեծամանկամտությունը», թե բա՝ առանց այդ էլ ամեն բան պարզ է, եկեք ավելի լավ է միանգամից խոսենք ելքերի մասին, նոր ծրագրեր մշակենք, «գլոբալ» թեմաներ բացենք, քաք ու թեք անենք, բերելու է նույն ավանդական արդյունքին, և պետք է վերջապես հաղթահարվի:

Միշիկ-գրիշիկ չգիտեմ

Ներողություն եմ խնդրում առավել փութկոտ ընթերցողից, որ ստիպված եմ այսքան երկար նախաբանել, սակայն անհրաժեշտ եմ համարում ևս մի քանի խոսք ավելացնել: Պատճառը նախորդ նյութիս առիթով եղած մի քանի արձագանքներն են: Ուզում եմ, որ գրածս հնարավորինս հասկանալի լինի ոչ միայն մեր լրատվական դաշտին ուշադիր հետևողներին, այլև նրանց, ովքեր այնքան էլ թեմայի մեջ չեն: Իսկ դրա համար ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինելու տեմպս մի քիչ դանդաղեցնել առաջացող որոշ հարցեր պարզաբանելու նպատակով: Ելնելով արդեն հիշատակված արձագանքների մի մասից՝ այս պահին ուզում եմ անել հետևյալ մի քանի պարզաբանումը:

Ես հատուկ չեմ օգտագործել և չեմ օգտագործում «միշիկական լրատվամիջոցներ» և առհասարակ «միշիկական» բնորոշումը: Խնդիրը միայն ոճական չէ, այլև սկզբունքային: Երբ օգտագործում ենք «միշիկական»  բնորոշումը, մեր խոսքն ակամայից տեղադրում ենք ոչ հրապարակային տեղեկությունների, «էզոթերիկ»՝ միայն քչերին հասանելի քաղաքականության շրջարկ (կոնտեքստ): Ոչ հրապարակային տեղեկությունների դերը չեմ ժխտում, սակայն ուզում եմ շեշտել, որ իմ խոսքը կառուցում և կառուցելու եմ բացարձակապես բաց, բոլորին մատչելի հրապարակային խոսքի և տեքստերի վերլուծության վրա: Ես չեմ տեսել ո՛չ Միշիկին, ո՛չ նրա փողերը, ոչ էլ կարող եմ ապացուցել կամ հերքել, թե որևէ մեկն աշխատում է այդ չարաբաստիկ փողերի դիմաց:

Անկեղծ ասած՝ ինձ բացարձակապես չի էլ հետաքրքրում նրբերանգը, թե արդյո՞ք հայկական հակահեղափոխության գաղափարախոսական գործողությունը կատարվել ու կատարվում է փողի դիմաց, թե՞ զուտ «մաքուրով»՝ գաղափարական դրդմամբ: Ես կարող եմ խոսել միայն նրանից, ինչ տեսնում եմ: Կարծում եմ՝ այդ առումով ես նույն կարգավիճակում եմ, ինչ ՀՀ քաղաքացիների մեծ մասը: Եվ իմ միակ նպատակը հենց քաղաքացիների այդ մասի շահերի պաշտպանությունն է. նրանք են իմ լսարանը, նրանց եմ ուզում ուղղել իմ խոսքն ու մտորումները, որպեսզի բոլորս պաշտպանված լինենք լրատվական-քարոզչական ագրեսիայից:

Ինձ չեն հետաքրքրում իմ պոտենցիալ լսարանի ընթացիկ քաղաքական դիրքորոշումները, որոնք կարող են մասամբ կամ արմատապես տարբեր լինել տվյալ պահի դիրքերիցս: Ինձ հետաքրքրում է միայն մեկ բան՝ բոլորիս ընդհանուր շահը, որն է՝ պաշտպանությունը քարոզչական դիվերսիաներից:

Ես չեմ պատրաստվում զարգացնել հերթական դավադրության տեսությունը, որի տարատեսակների դեմ այդքան արտահայտվել եմ: Դրա համար իմ ձևակերպումն է ոչ թե «միշիկական ԶԼՄ», այլ «ընդդիմադրի ցուցանակի տակ իշխանական քարոզչություն տանող լրատվամիջոցներ»:

Երևույթն աննախադեպ է

Երկրորդը: Շատերը գրածս միայն կոնկրետ լրատվամիջոցների և անունների հիշատակման շրջարկում ընկալեցին: Դեմ չեմ այդ մոտեցմանը, քանի որ անուններ տալն իմ նպատակներից մեկն էր, այլապես խոսքս օդի մեջ էր կախվելու: Բայց կան կարևոր ճշտումներ:

Նախ՝ գրածս միայն այդ մասին չէր, այլ «հակահեղափոխություն» երևույթի:

Երկրորդ՝ խոսքն իրականում զուտ լրատվամիջոցներին ու լրատվական դաշտին վերաբերող իրականության մասին չէ: Եթե այդպես լիներ, գուցե չբացեի այս խոսակցությունը: Մեզանում քիչ չեն լրատվամիջոցները, որոնք զբաղված են «մուտիտով» կամ էլ կատարում են տարաբնույթ քաղաքական ու քարոզչական պատվերներ: Բայց դրանց մեծ մասը կա՛մ սոսկ բիզնես են անում (թեկուզ և անազնիվ), կա՛մ էլ սովորական, մանր-մունր քարոզչությունից այն կողմ չեն անցնում: Բայց տվյալ դեպքում, ուզում եմ շեշտել, որ խոսքը մեկ մակարդակ ավելի բարձր ու կարևոր երևույթի մասին է: Ո՞րն է դա:

ա. Նշածս «Առաջին Լրատվական» և «Լրագիր» կայքերը միայն անունով են լրատվամիջոց: Փաստացի դրանք յուրահատուկ քաղաքական կուսակցություններ կամ ակումբներ են, որոնց առաջնային նպատակը հենց քաղաքական է, և միայն երկրորդ և երրորդ հերթին՝ լրագրողական ու բիզնեսային: Բայց սա էլ ինքին մեծ մեղք չէ: Միակ կարևոր խնդիրն այն է, որ քաղաքական այս ակումբներն իրենց քաղաքական կողմնորոշումն ու նպատակները բաց և հրապարակային չեն հայտարարում, այլ առաջ են տանում ենթատեքստով: Հենց այս պատճառով է անհրաժեշտ գնահատական տալ և կազմաքանդել նրանց գործունեությունը, և գործել այնպես, ինչպես կգործես քաղաքական նպատակներ հետապնդող խմբի հետ:

Խնդիրը, ուրեմն, քաղաքական է, և ոչ՝ լրատվական կամ լրագրողական:

բ. Ուզում եմ հատուկ շեշտել, որ երևույթն ու իրավիճակն աննախադեպ են գոնե մեր՝ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության համար (դժվարանում եմ ասել, թե որքանով աննախադեպ է համաշխարհային մակարդակում): Շատերն ասում են՝ լավ, ի՞նչ ես կպել իշխանական քարոզչությունից, ավելի լավ է խոսի ընդդիմությունից ու նրա սխալներից, և այլն: Ո՛չ, սիրելիներս, նախքան դաշտի մյուս սուբյեկտներից խոսելը պարտադի՛ր է, անպայմա՛ն է, անհրաժե՛շտ է հասկանալ, որ գործ ունենք նոր, ցայսօր չտեսնված փորձի հետ. իշխանական քարոզչության առաջին գծում ոչ թե բացահայտ իշխանամետներն են, այլ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող սուբյեկտներ, իշխանական քարոզչությունն անուղղակի մեթոդներով առաջ տանող խմբեր: Եվ սովորական հայկական ծուլությամբ չնկատել նորը, չփորձել այն գնահատել ու մանրամասն վերլուծել՝ չափից ավելի մեծ անհոգություն ու շռայլություն է:

գ. Ի տարբերություն լրատվական դաշտի այլ «մուտիլյովշչիկներ»-ի, որոնք մշտապես կամ ժամանակ առ ժամանակ զբաղված են իշխանական պատվերի կատարմամբ՝ տվյալ դեպքում գործ ունենք ոչ թե միայն քարոզչության և հակաքարոզչության, այլև յուրահատուկ գաղափարախոսության հետ: Կարելի է ասել, որ նշված կայքերը վերջին մի երկու տարվա մեջ ստեղծել են Սերժ Սարգսյանի բռնապետությունն «առաջադե՛մ» դիրքերից պաշտպանելու կամ «հեղափոխություն վերևից» հայեցակարգին ծառայող յուրահատուկ գաղափարախոսական շտեմարան, որից, ի դեպ, առատորեն օգտվում են նաև քաղաքական ու քաղաքացիական դաշտի սուբյեկտները: Ճիշտ է՝ գաղափարախոսություն բառը մի փոքր չափազանցված կարելի է համարել, քանի որ ճիշտ կլիներ խոսել էկլետիկ և անորակ գաղափարական կոմպոտից, սակայն հայաստանյան պայմաններում այդքանն էլ բավական է:

Աղբյուրը` http://ustahrant.blogspot.com/2013/01/2.html  

Նախորդ հոդվածը‘ԿԸՀ-ը արձագանքում է. Որակավորման համար դիմած քաղաքացիները խնդիրներ չունեն’
Հաջորդ հոդվածը‘Լիոնել Մեսի. Երբեւիցե դա պետք է պատահեր’