‘Ուրիշ էր Լեվոնի հանրահավաքը…Մամուլ’

1982

Չէ՜, թույլ տվեք անկեղծ լինել, ուրիշ էր Լեւոնի հանրահավաքը: Ուրիշ էր մթնոլորտը, ուրիշ էին մարդիկ, խոսքերը… Այնտեղ, ներեցեք ինձ, մարդիկ ավելի կենդանի էին, անկեղծ, անմիջական…, ու ես, որ նրանց անդամը չէի, երբ խոսում էին, թվում էր՝ նրանցից մեկն եմ, որովհետեւ խոսում էին յուրաքանչյուրի սրտից… Նիկոլի ձայնը թոնրի լավաշի պես բուրում էր, ու բույրը ծայր էր առնում ողջ Հայաստանում՝ այս հրապարակում դավաճան չկա… Իսկ երբ Լեւոնն էր մոտենում, ուղղակի ցնծություն էր, մարդիկ ուզում էին մոտիկից տեսնել նրան, հրմշտում էին միմյանց՝  նրան հասնելու համար, իսկ վերջում պարծենում էին՝ Լեւոնի թեւը բռնեցի… Լեւոնը վաստակել էր իր համակիրներին: Դրանք մարդիկ էին, որ խոսել, թռչել սովորեցին, որ վախը հաղթահարել սովորեցին… Ուրիշ, բոլորովին ուրիշ էր Լեւոնի հանրահավաքը: Րաֆֆու հանրահավաքում չկար այդ կախարդող, մագնիսական ուժը, փախչել էի ուզում այնտեղից, հեռանալ, առանց հասկանալու, թե որն է պատճառը… ինչո՞ւ նրա էներգետիկ դաշտը չի համոզում… Րաֆֆիի շուրջը համախմբվել էին մարդիկ, ովքեր պարզապես դեմ էին ռեժիմին… ովքեր ակնկալիք ունեին…. Նրանց հայացքներում վառվելու, փոթորկվելու կրակը չկար, ավելին, գաղտուկ կասկածանքով էին վերաբերվում նրա յուրաքանչյուր խոսքին, որը գործող նախագահին էր վերաբերում… Եվ մի քանի անգամ տրվող «սեղմելո՞ւ եք նախագահի ձեռքը» հարցը այդպես էլ ցեխաթաթախ մնաց օդում կախված: Րաֆֆին նշեց՝ պահանջում է, որ Սերժ Սարգսյանն ընդունի ժողովրդի հաղթանակը, եւ պահանջելու է, որ այդ հաղթանակը մինչեւ վերջ տարվի: Դա էր ձեռք սեղմելու կոռեկտ պատասխանը:  Ինչո՞ւ միայն դա, օրախնդիր հարցերը շրջանցվում էին դիվանագիտորեն… ու դառնում կախված հարցականներ… Նոր հանրահավաքի խոստումը պարզապես իրավիճակից դուրս գալու ելք էր: Նա կսպասի, թե ինչ կհրահանգի նախագահը, որ ըստ այդմ որոշի հետագա քայլերը… Առաջնորդից կվերածվի կատարածուի կերպարանքի, ու հանրահավաքը կհանգի… Էլ ոչ կրակ կա, ոչ էլ ցանկություն կրակ բերելու…

Հասմիկ  ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

«Հրապարակ»

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը չի գա Ազատության հրապարակ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’