‘Չարլզ Դարվինը ԱՄՆԿոնգրեսի ընտրություններում չորս հազար ձայն է ստացել ‘

879

Բրիտանացի բնագետ Չարլզ Դարվինը Ջորջիա նահանգից ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում ստացել է չորս հազար ձայն, lenta.ru-ի փոխանցմամբ՝ հաղորդում է The Athens Ranner-Herald-ը: Ընդ որում՝ այդքան ձայն Դարվինին տվել են միայն նահանգի մի շրջանի՝ Աթենս-Քլարքի բնակիչները, իսկ թե մյուս 24 շրջաններից որքան ձայն է հավաքել բրիտանացի գիտնականը՝ հայտնի չէ:

Ջորջիայի բնակիչներն իրենց քվեն տվել են հանգուցյալ բնագետին՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ հանրապետական Փոլ Բրաունի վերընտրության, որն այդ ընտրություններում միակ առաջադրված թեկնածուն էր: Դարվինի անունն ընտրողներն իրենք են ավելացրել քվեաթերթիկում: Դարվինի ընտրությունը՝ որպես այլընտրանքային թեկնածուի, պայմանավորված էր նրանով, որ նա էվոլյուցիայի տեսության հեղինակն է, մինչդեռ Փոլ Բրաունն ամբողջությամբ հերքում է այդ տեսությունը: Ընտրողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ  Բրաունը էվոլյուցիայի տեսությունը, սաղմնագիտությունը և Մեծ պայթյունի տեսությունն անվանել էր «դժոխային կեղծիք» և կոչ էր արել ամեն հարցում  հիմնվել բացառապես աստվածաշնչյան գիտելիքների վրա: Այդ ելույթից հետո Ջորջիայի բնակիչներից շատերը հանդես եկան քաղաքական այդ գործչի քննադատությամբ, իսկ նրանցից մեկը՝ Ջորջիայի համալսարանի կենսաբան Ջիմ Լիբնես-Մեքը, ֆեյսբուքում նախաձեռնեց «Դարվինը՝ ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու» կամպանիան:

Չնայած Դարվինի ստացած քվեների պատկառելի քանակությանը՝ այնուամենայնիվ, Բրաունն իր հավաքած 209 հազար ձայնով վերընտրվեց Կոնգրեսում:

Նախորդ հոդվածը‘Բարոնուհի Քոքսը քննադատել է Բաքվի քաղաքականությունը’
Հաջորդ հոդվածը‘Վրաց քաղաքագետ. Եթե ճնշումները չլինեին, ընտրությունները համեմատաբար արդար չէին լինի’