‘«Չեբուրաշկայի ծառայություն» մատուցողները’

1949

Բանահյուսությանը հայտնի է «արջի ծառայություն մատուցել» արտահայտությունը, երբ մեկը փորձում է, իր կարծիքով՝ լավ բան անել մյուսի համար, սակայն իր քայլով միայն վնաս է հասցնում այն մարդուն, ում համար այդ բանն արվում է:

Հայաստանն առաջ է անցել «արջի ծառայություն մատուցողներից» ու մտել է մի նոր բանահյուսական փուլ, երբ սրանով չեն սահմանափակվում ու «Չեբուրաշկայի ծառայություն են մատուցում»:

«Չեբուրաշկայի ծառայությունը» «արջի ծառայությունից» տարբերվում է նրանով, որ Չեբուրաշկայի հասցեատերը չի գիտակցում, որ իրեն վնաս են հասցնում, և քաջալերում է իրեն այդպիսի ծառայություններ մատուցողներին ու, միաժամանակ, չի թաքցնում Չեբուրաշկայի ականջներն այդ բոլոր պրոցեսների ետևում, իսկ որոշ դեպքերում էլ մարդ ինքն է իրեն այդպիս ծառայություններ մատուցում: Ականջներն այս կոնտեքստում ամենակարևոր օրգաններն են, ու պատահական չէ, որ Երանոսյան Լյովան, ով իր մարտական ուղին թրծել է կազինոներում, սպառնում է կտրել բոլոր նրանց ականջները, ովքեր իր ներկայությամբ Սերժ Սարգսյանին վատ բան կասեն:

Այս ականջակրտման սպառնալիքի արտահայտությունը շատ ավելի խորքային է, քան կարելի է պատկերացնել:

«Չեբուրաշկայի ծառայություն» մատուցողները փորձում են ցույց տալ Սերժ Սարգսյանին, որ առանց իրենց Սերժ Սարգսյանը ոչինչ է, ու միայն իրենց շնորհիվ է, որ նա կարող է շարունակել պաշտոնավարել: Ու որքան ցինիկ են «Չեբուրաշկայի ծառայություն» մատուցողները, այնքան Սերժ Սարգսյանն ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում նրանցից ու ավելի շատ պարտական լինում նրանց:

Ի տարբերություն «արջի ծառայություններ» մատուցողների, երբ կարելի է հրաժարվել այդպիսի ծառայություններից, «Չեբուրաշկայի ծառայություններ» մատուցողներից պրակտիկորեն անհնար է ազատվել, որովհետև հասցեատիրոջ ականջներն այնքան հստակ են երևում հանցագործությունների ետևում, որ նույնիսկ դրանք կտրելը չի կարող քողարկել հասցեատիրոջ պահանջները:

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի վրա հարձակվելիս դիմակավորված անձիք հայտարարել են, թե՝ իմացիր, որ Թոխմախի Մհերն է պատվիրել այս ծեծը: Ազատամարտիկը, սակայն, կարծում է, որ Թոխմախի Մհերի անունը տալով՝ հանցագործները փորձել են թաքցնել իրական պատվիրատուին ու հետաքննությունն այլ հունով շեղել:Սակայն ազատամարտիկը շատ ավելի լավ կարծիք ունի մեր ոստիկանության, թաղի խուժանի ու Սերժ Սարգսյանի մասին, քան կարելի է պատկերացնել:

Չի բացառվում, որ հենց Թոխմախի Մհերն էլ պատվիրած լինի այդ հանցագործությունը, որ բոլորն էլ իմանան, թե ով է իրականում «Չեբուրաշկայի ծառայություն» մատուցողը: Թե՞ Շմայսն է թաքցնում Արամ Մանուկյանի վրա հարձակման պատվիրատուն լինելը իր խոպանչի ռազմահայրենասեր վարորդի միջոցով, կամ էլ էն մյուս «հերոսը», ով Հրազդանի ՀԱԿ կառույցի ղեկավարի վրա էր հարձակվել:

Ու այս «Չեբուրաշկայի ծառայություն» մատուցողները իրենց բոլոր գործողությունները բացատրում են ազնիվ ու հայրենասիրական մղումներով, ինչպես համանուն մուլտֆիլմի հերոս «Շապոկլյակը» իր «Լարիսկա» առնետի հետ միասին իր բոլոր գործողությունները կատարում էր միայն «ազնիվ» մղումներից ելնելով՝ խոստանալով արժանապատիվ ու ապահով Հայաստան՝ հաշվի չառնելով, որ իրենց այսպիսի գործողություններով Հայաստանը տանում են դեպի կոկորդիլոսի երախը, ինչ էլ որ այդ կոկորդիլոսի անունը լինի` «Կրոկոդիլ Գենա» թե «Կրոքոդայլ Դենդի»:

Նարեկ Մելքոնյան

Նախորդ հոդվածը‘Սիդնեյում ահաբեկիչը շուրջ 40 պատանդ է վերցրել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Այսօր տեղի կունենա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանությունը’