‘Չեզարե Պրանդելի. Հայաստանի հավաքականը հսկայական առաջընթաց է գրանցել’

1405

Հոկտեմբերի 12-ին Երևանում տեղի կունենա Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մրցավեճից առաջ «Արմենպրեսը» զրուցել է «սկուադրա աձուրա»-ների գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի հետ:

Ի՞նչ տեղեկություններ ունեք Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և, առհասարակ, հայկական ֆուտբոլի մասին:

-Հայաստանի հավաքականը հսկայական առաջընթաց է գրանցել վերջին երեք մրցաշրջանների ընթացքում, մասնավորապես, վերջին մրցաշրջանում, երբ նրանք Եվրո-2012-ի ընթացքում ընդամենը «փլեյ օֆ»-ի մի դրամատիկ մրցավեճում պարտվեցին Իռլանդիայի հավաքականին: Գլոբալիզացիան և, ընդհանուր առմամբ, տեխնիկական բարեփոխումները մայրցամաքային առաջնություններում օժանդակեցին հայկական ավանդական ֆուտբոլին սթափվել և վերելք ապրել:

Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մասին:

-Այն ամուր հավաքական է, հատկապես, երբ խաղում են սեփական հողի վրա. բազմաթիվ տեսանկյուններից այն շատ ամուր, լավ կազմակերպված, տեխնիկապես հավասարակշռված թիմ է և հարձակման գծում ունի բազմաթիվ լուծումներ: Հայաստանը մի մրցակից է, որն արժանի է առավելագույն հարգանքի ցանկացած հավաքականի կողմից: 

Հայ ֆուտբոլիստներից ո՞ւմ եք ճանաչում:

-Հենրիխ Մխիթարյանն ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է: Խաղի նրա տեսլականն իրեն հնարավորություն է տալիս նույն որակով և արդյունավետությամբ խաղալ  ինչպես կիսապաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Միևնույն ժամանակ կցանկանայի նշել Մարկոս Պիզելիին, ով շատ հմուտ հարձակվող է, ինչպես նաև հավաքականի վետերան Սարգիս Հովսեփյանին, ով հայկական պաշտպանողական համակարգի հենասյունն է և, ընդհանուր առմամբ, համարվում է առաջատար:

Ձեր կարծիքով ովքե՞ր են B խմբի ֆավորիտները և ինչո՞ւ եք նրանց ֆավորիտ համարում:

-Ճիշտն ասած B խմբում ընդգրկված են  Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի երեք մասնակիցներ` Իտալիայի, Դանիայի, Չեխիայի և երկու հավակնոտ` Հայաստանի և Բուլղարիայի հավաքականները: Այս բոլոր հինգ հավաքականներն էլ կոշտ մրցակցության մեջ են եզրափակիչ փուլ անցնելու համար: Համոզված եմ` սեփական հարկի տակ տարած հաղթանակները վճռորոշ են լինելու բոլորի համար:

Արդարացան արդյո՞ք Ձեր ակնկալիքները Բուլղարիայի հետ խաղում արձանագրված 2:2 և Մալթայի հետ խաղում` 2:0 հաշիվներով:

-Ես մասամբ բավարարված եմ: Մեր նպատակն էր ավարտել այս առաջին երկու տուրը 6 միավորով, բայց միաժամանակ մենք տեղյակ էինք այն դժվարություններին, որոնք ծառացած էին Իտալիայի առջև մրցաշրջանի մեկնարկին: Ամեն դեպքում մենք և Բուլղարիան գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը, բայց, այնուամենայնիվ, դեռևս շատ աշխատանք կա անելու` անկախ այն բանից, որ մենք Եվրոպայի առաջատարներից ենք: Եվրո-2012-ից հետո մենք ներգրավել ենք նորեկների և դեռ աշխատանքներ ենք տանում ու անհամբերությամբ սպասում առաջընթացի` խաղի նոր բովանդակություն գտնելու համար:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք հոկտեմբերի 12-ին կայանալիք ՀայաստանԻտալիա խաղից:

— Ինչպես մեր բոլոր մրցակիցները, Իտալիան եւս պայքարում է մեր խմբում հաղթելու համար: Դրան հասնելու համար մենք պետք է ցույց տանք, որ դասեր ենք քաղել նախորդ խաղերից: Դա նշանակում է, որ պետք է լինել կոփված, խաղադաշտում համարձակ փոխանցումների հնարավորություններ ստեղծել` մեր ֆուտբոլային ոճում ավելացնելով ինտենսիվությունը: Հեշտ չի լինի խաղալ դրսում եւ այնպիսի թեժ մթնոլորտում, որը լինելու է Երևանում` ընդդեմ այնպիսի ամուր թիմի, ինչպիսին է Հայաստանի հավաքականը: Այնուամենայնիվ, մրցակցությունը մնում է մրցակցություն, և համոզված եմ, որ իմ թիմը ճիշտ մոտեցում կցուցաբերի այս մրցավեճում հաղթելու համար:

 —Շնորհակալություն, մինչ հանդիպում Հայաստանում:

Նախորդ հոդվածը‘Լուչեսկու. Մխիթարյանը կարեւոր ֆուտբոլիստ է’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. բոլոր արդյունքները’