‘«Չելսիում» նորից «իշխանափոխություն» կատարվեց’

910

Ինչպես եւ կանխատեսվում էր, Չեմպիոնների լիգայում «Յուվենտուսից» կրած 0:3 խոշոր հաշվով պարտությունից հետո այսօր պաշտոնանկ եղավ «Չելսիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մատեոն:

«Հաշվի առնելով վերջին շրջանում թիմի անբավարար արդյունքներն ու ցուցադրած խաղը, ակումբի սեփականատերն ու տնօրենների խորհուրդը համարեցին, որ թիմում անհրաժեշտ են փոփոխություններ՝ ճիշտ ուղղությամբ առաջ շարժվելու համար: Մեր նպատակը անփոփոխ  է. բոլոր մրցաշարերում մնալ մրցունակ թիմ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Ռոբերտոյին այն աշխատանքի համար, որ նա կատարել է մարտից սկսած, երբ գլխավորեց թիմը: Ռոբերտոյի շնորհիվ «Չելսին» պատմական հաղթանակի հասավ Չեմպիոնների լիգայում, ինչպես նաեւ յոթերորդ անգամ նվաճեց Անգլիայի գավաթը: Մենք երբեք չենք մոռանա նրա ծանրակշիռ ավանդը ակումբի պատմության մեջ, եւ «Ստեմֆորդ Բրիջում» միշտ ցանկալի անձ կլինի»,- նշված է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքում:

«Չելսիի» նոր մարզիչի թեկնածության շուրջ այժմ ակտիվ քննարկումներ են ընթանում: Առաջինը նշվեց թիմի նախկին գլխավոր մարզիչ Աբրաամ Գրանտի անունը: Սակայն այժմ այդ պաշտոնի գլխավոր թեկնածու է համարվում իսպանացի հայտնի մասնագետ, «Լիվերպուլի» եւ «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը: Վերջինս նույնիսկ արդեն հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր ակումբը. «Չելսին» իր առջեւ լուրջ նպատակներ է դնում, դա այն է, ինչ ինձ անհրաժեշտ է»,- ասել է իսպանացին Sport 360°-ին տված հարցազրույցում: Հաղորդվում է, որ Բենիտեսը պատրաստվում է Լոնդոն մեկնել:

Նախորդ հոդվածը‘Թել-Ավիվի կենտրոնում ավտոբուս է պայթել (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Բարսեղյան. Գյումրիի քաղաքապետարանը վերջին երեք տարում շուրջ $90 հազար հեռախոսավճար է մուծել’