‘«Չելսի»- «Արսենալ». Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղից առաջ’

1143

Մայիսի 29, մեկնարկը՝ 23:00, Օլիմպիական մարզադաշտ, Բաքու

Հանդիպման մրցավար՝ Ջանլուկա Ռոկի 

Այսօր կմեկնարկի երկար սպասված՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչը, որտեղ միմյանց դեմ դուրս կգան լոնդոնյան   թիմերը՝ «Չելսին» ու «Արսենալը»: Իհարկե, անչափ վատ է, որ հանդիպման վայր է ընտրվել է Ադրբեջանի մայրաքաղաքը՝ Բաքուն:  Խնդիրն այն է, որ Լոնդոնից այս քաղաք հասնելը բավականաչափ դժվար է, որի պատճառով էլ ակումբները, պահանջարկի բացակայության պատճառով, ՈՒԵՖԱ-ին վերադարձրեցին մոտ 6000 տոմս: Բացի դրանից, շատ լուրջ ու մեզ հայտնի հիմնավորումով հանդիպմանը չի մասնակցի հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Այս ամենը, իհարկե, չէր կարող անտարբեր թողնել ողջ աշխարհի ֆուտբոլասեր հասարակայանությանը և չբարձրացներ բողոքի ալիք: Այնուհանդերձ, կարևորն այն է, որ նշված հանգամանքները չազդեն ֆուտբոլիստների տրամադրվածության վրա. չէ՞ երկու թիմերի համար էլ հաղթանակը անչափ կարևոր է: Եվ վերջապես,  սա Եվրոպայի լիգայի եզրափակիչն է:

Անդրադառնանք թիմերի մոտիվացիային: Պարզից էլ պարզ է, որ նման կարևոր հանդիպման մասնակցներից յուրաքանչյուրն էլ ուզում է հաղթել, և դա համարժեք ցանկություն է: Այնուհանդերձ, հնարավոր է, որ հաղթանակն ավելի շատ հարկավոր է Ունայի Էմերիի սաներին:  Պրեմիեր լիգայի արդյունքով «Չելսին» կարողացավ իր համար ապահովել 3-րդ հորիզոնականը և հանդես կգա Չեմպիոնների լիգայում:  

Ունայի Էմերիի թիմը բավարարվեց միայն 5-րդ տեղով, չնայած իրական հնարավորություն ուներ բրոնզե մեդալ նվաճելու: Մրցաշրջանի վերջին հատվածում «Արսենալի» խաղում կտրուկ անկում եղավ, ինչի հետևանքով վճռորոշ հանդիպումներում թիմն ուղղակի ձախողվեց: Եվրոպա լիգայում լոնդոնյան ակումբը ցուցադրեց կայուն ֆուտբոլ: «Արսենալի» գլխավոր զենքն այս մրցաշարում դարձավ Լակազետ-Օբամեյանգ հարձակողական զույգը, որի դեմ մրցակից թիմերն այդպես էլ հակախաղ չգտան: Հարձակման այս զույգը ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ խփել է 46 գնդակ և կատարել 21 գոլային փոխանցում: Եվրոպա լիգայի վերջին հինգ հանդիպումներում Էմերին Լակազետին և Օբամեյանգին ընդգրկել էր մեկնարկային կազմում: Լակազետը որակազրկման պատճառով բաց էր թողել երկու հանդիպում, ինչի հետևանքով «Արսենալի» մոտ խնդիրներ էին ծագել: Մասնավորապես, 1/16-րդ եզրափակչում Բելառուսի չեմպիոն ԲԱՏԷ-ի հետ առաջին մրցավեճում Լակազետը մրցակցին հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել և որակազրկվել 3 խաղով: Ֆրանսիացի հարձակվողը բաց էր թողել ԲԱՏԷ-ի հետ պատասխան և 1/8-րդ եզրափակչի «Ռենի» հետ առաջին հանդիպումը: Այն ավարտվել էր ֆրանսիական թիմի հաղթանակով՝ 3:1 հաշվով: Պատասխան խաղից առաջ ՈՒԵՖԱ-ն վերանայել էր որոշումը և Լակազետին թույլատրել էր մասնակցել «Էմիրեյթս» մարզադաշտում տեղի ունեցած պատասխան խաղին: Էմերին գիտակցում էր, որ Եվրոպա լիգայի խաղարկությունում Օբամեյանգ-Լակազետ տանդեմը դեռևս անկասելի է, և շարունակում էր խաղադրույք անել այս զույգի վրա: Կարճ ասած՝ այս հարձակվողները «Արսենալի» համար Բաքվի ճանապարհը հիմնական բացողներն էին:

Նշենք, սակայն, որ եզրափակիչ մրցավեճում Էմերիի գլխավոր զենքը կարող է կորցնել արդյունավետությունը: Այս խաղում Էմերի համար դժվար կլինի տակտիկապես հաղթել «Չելսիին», քանզի վերջինիս մարզչական շտաբը վաղուց արդեն ծանոթ է «Արսենալի» ուժեղ և թույլ կողմերին: Այո, Լակազետ-Օբամեյանգ զույգը Եվրոպա լիգայի կիսաեզրափակչում զինաթափեց «Վալենսիային», բայց պնդել, որ խաղային այս մոդելը արդյունավետ կգործի նաև վճռորոշ խաղում՝ ճիշտ չի լինի: Ամեն դեպքում, կարծում ենք, այսօր Էմերին Լակազետին և Օբամեյանգին կընդգրկի մեկնարկային կազմում՝ վերջին անգամ գործի դնելով Եվրոպայում հաջողության բերած մոդելը:

Ըստ կանխատեսումների՝ «Արսենալը» կպայքարի 3-4-1-2 դասավորությամբ: Դարպասում կլինի Չեխը, իսկ պաշտպանական եռյակը կկազմեն Կոսելնին, Սոկրատիսն ու Մոնրեալը: Կիսապաշտպանության աջ եզրում կխաղա Մայթլենդ-Նայլսը, իսկ աջ եզրում՝ Կոլաշինացը: Հենակետային գոտում կլինեն Ջական և Տորեյրան, իսկ ենթահարձակվողի դիրքում՝Օզիլը: Հարձակողական բռունցք էլ կկազմեն Օբամեյանգն ու Լակազետը:

Նշենք, որ Մխիթարյանի և Ռեմսիի բացակայության պայմաններում ենթահարձակվողի դիրքում Էմերին այլընտրանք չունի և ըստ էության ստիպված է լինում մեկնարկային կազմում ընդգրկել Օզիլին: Վերջինս, կարելի է ասել, «Արսենալի» ամենաթույլ օղակն է, և եթե այս ֆուտբոլիստի խաղը չստացվի, հնարավոր է մրցակիցը լուրջ առավելություն ստանա: Նման դեպքերը քիչ չեն վերջին շրջանում: Նշենք նաև, որ ծանր վնասվածքից հետո շարք է վերադարձել «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը: Չի բացառվում, որ վճռորոշ այս խաղում Էմերին նրան խաղաժամանակ տա: 

Այս հանդիպումը կարևոր նշանակություն ունի նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի համար, որը Բաքու չի մեկնել: Վերջին շրջանում շատ է խոսվում մեր ֆուտբոլիստի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալից» հնարավոր հեռանալու մասին: Բնական է, որ Եվրոպա լիգայի գավաթը չնվաճելը ակումբի ղեկավարության կողմից կդիտվի որպես ձախողում, քանզի չի հաջողվել լուծել Պրեմիեր լիգայում դրված խնդիրը: Այդ դեպքում մեծ է հավանականությունը, որ «Արսենալի» ղեկավարությունը փոխի հատկապես ֆինանսական քաղաքականությունը: Ձախողման դեպքում, որը կնվազեցնի նաև ֆինանսական հոսքերը, «Արսենալի» ղեկավարները կարող են գնալ կրճատումների և թիմը համալրել երիտասարդ կադրերով: Չի բացառվում, որ նպատակին չհասնելու դեպքում օրակարգային դառնա ոչ միայն Մխիթարյանի և Օզիլի, այլև գլխավոր մարզիչ Էմերիի հետ համագործակցությունը դադարեցնելու հարցը:Այնպես, որ թե՛ Մխիթարյանի և թե՛ մյուս առանցքային ֆիգուրների համար վաղվա հանդիպումն անչափ կարևոր նշանակություն ունի:

Սակայն սա դեռ ամենը չէ: Շատ լուրջ մոտիվացիա ունի նաև Մաուրիցիո Սարին:  60-ամյա մասնագետը կարող է որպես գլխավոր մարզիչ նվաճել իր առաջին տիտղոսը: Մինչ այս, իտալացին ոչ մի անգամ պատիվ չի ունեցել հաղթելու որևէ մրցաշարում, նույնիսկ «Էմպոլիի» հետ, 2013-2014 թթ. մրցաշրջանում (վերջինս հանդես էր գալիս Սերիա Բ-ում և բարձրագույն առաջնությունում հայտնվեց միայն 2-րդ տեղով):  Ավելացնենք նաև Էդեն Ազարի գործոնը: 28-ամյա ֆուտբոլիստը, հավանաբար, իր վերջին հանդիպումը կանցկացնի «Չելսիի» կազմում, որից հետո կտեղափոխվի «Ռեալ»: Անկասկած, բելիգացի ֆուտբոլիստը շատ կուզենա գեղեցիկ հեռանալ՝ գավաթը ձեռքին:

Եվրոպայի լիգայի եզրափակչից առաջ  «Չելսին» կորուստներ ունեցավ. վնասվածքների պատճառով հանդիպմանը չեն կարող մասնակցել առանցքային կիսապաշտպան Անտոնիո Ռյուդիգերը և երիտասարդ, տաղանդավոր ֆուտբոլիստ Կալում Հադսոնը: Ցավալիորեն,  ընկերական հանդիպման ընթացքում, ծանր վնասվածք ստացավ նաև հիմնական կազմում իր տեղը նվաճած Ռուբեն-Լոֆտուս-Չիկը:  Նգոլո Կոնտեն, ով պետք է խաղար «Արսենալի» դեմ, մարզման ժամանակ նոր վնասվածք  ստացավ և նրա մասնակցությունը բացառվում է: Եվ սա լոնդոնյան թիմի համենալուրջ կորուստն է: Հավանաբար, դաշտի կենտրոնի եռյակը կկազմեն Ժորժինյոն, Կովաչիչը և Բարկլին: Կանտեն, թեև թիմի հետ մեկնել է Բաքու, սակայն նրա մասնակցությունը ևս այնքան էլ հավանական չէ:

Հուսանք, որ «Արսենալին» այսօր կհաջողվի հաղթել «Չելսիին»:

Նախորդ հոդվածը‘Կրավչուկը մեկնաբանել է Սաակաշվիլիին քաղաքացիությունը վերադարձնելու որոշումը’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. «Միակ տղամարդու» հաղթական երթի պերճանքն ու թշվառությունը’