‘Չեխիայի հրեաները դեմ են Պուտինի այցելությանը Օսվենցիմ’

929

Չեխիայի հրեական համայնքը հանդես է եկել Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ  2015 թ. հունվարին կայանալիք միջոցառմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Չեխիա հրավիրելու՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի  որոշման դեմ: Այդ մասին տեղեկացրել է Bloomberg-ը:

Հրեական համայնքի կարծիքով՝ այդ այցն անտեղի է: Ռուսաստանը, ինչպես ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, «չի հարգում միջազգային պայմանագրերը, իրեն ագրեսիվ է պահում և օգտագործում է իր իշխանությունը՝ հարևան պետության տարածքն օկուպացնելու համար», ուստի Պուտինի մասնակցությունն այդ միջոցառումներին ճիշտ չի լինի՝ հաշվի առնելով «ներկա քաղաքական իրավիճակը»:

Միլոշ Զեմանը նացիզմի դեմ կռված պետությունների, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարներին հրավեր է ուղարկել նոյեմբերի կեսերին: Հիշատակի միջոցառումների կազմակերպմամբ Պրահայում զբաղվում են հրեական կազմակերպությունները:

Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարը (գերմանական անվանումը՝ Աուշվից) գործել է նացիստական Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի տարածքում 1940-1945 թթ.: Պաշտոնական տվյալներով՝ այնտեղ սպանվել է 1,4 միլիոն մարդ, դրանցից 1,1 միլիոնը՝ հրեաներ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. Sony Pictures-ի վրա գրոհի ետևում Փհենյանն է’
Հաջորդ հոդվածը‘Բելառուսում 21 խանութ է փակվել՝ տեղական արտադրության կոշկեղեն չլինելու պատճառով’