‘Չեխիայի վարչապետը հրաժարական է տվել իր գրասենյակի ղեկավարի կալանավորման պատճառով’

876

Չեխիայի վարչապետ Պետեր Նեչասը հրաժարական է տվել ինչպես կառավարության ղեկավարի, այնպես էլ իշխող Քաղաքացիական դեմոկրատական կուսակցության առաջնորդի պաշտոններից, հաղորդում է չեխական ЧТК լրատվական գործակալությունը՝ հղում անելով Նեչասի հայտարարությանը:

Նեչասն իր որոշման մասին հայտարարել է իշխող կուսակցության գիշերային նիստից հետո: «Բնականաբար, ես ուշադիր հետևում եմ ընթացիկ քաղաքական իրավիճակին և հասկանում եմ, թե դա ինչ հետևանքներ կունենա ինձ համար: Ուստի ես հայտնել եմ իմ կուսակիցներին և կառավարական դաշինքի մեր գործընկերներին, որ երկուշաբթի հրաժարական եմ տալու»,- նիստի ժամանակ ասել է Նեչասը:

Ավելի վաղ Չեխիայի դատախազությունը  պետական կառույցներում խուզարկությունների արդյունքում մեղադրանք էր առաջադրել ձերբակալված յոթ անձանց, այդ թվում՝ վարչապետ Պետեր Նեչասի գրասենյակի ղեկավար Յանա Նագյովային, ինչպես նաև ռազմական հետախուզության երկու աշխատակիցների: Ոստիկանությունը չորեքշաբթի օրը ձերբակալել էր Նագյովային, ինչպես նաև՝  իշխող կուսակցությանը մոտ կանգնած մի քանի քաղաքական գործիչների: Նագյովային ներկայացված մեղադրանքների թվում է ռազմական հետախուզության գործառույթների չարաշահումը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել են, որ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել  իշխող կուսակցությանը մոտ կանգնած գործարարների՝Պրահայի գրասենյակներում ու նաև նրանց առանձնատներում: Խուզարկություններ են կատարվել նաև պաշտպանության նախարարությունում, Պրահայի քաղաքապետարանում և պետական այլ հիմնարկներում, հաղորդում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արթուր Սարկիսովը կարիերան կշարունակի «Ուրալում»’
Հաջորդ հոդվածը‘Երկու օրվա ընթացքում 8 օձ է հայտնաբերվել’