Չեխիա․ Նախագահական ընտրություններում հաղթել է պաշտոնաթող գեներալ Պյոտր Պավելը

217

Չեխիայի նախկին վարչապետ, միլիարդատեր Անդրեյ Բաբիշն ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում։ Եվրոպամետ լիբերալ, պաշտոնաթող գեներալ Պյոտր Պավելը կդառնա երկրի նոր նախագահը։

Գրեթե բոլոր ընտրատեղամասերում ձայների հաշվարկի արդյունքում Պավելը հավաքել է 58 %, իսկ նրա մրցակից Բաբիշը՝ 42 %։

«Հասկանում եմ, որ շատերն այսօր հիասթափված են, որ իրենց թեկնածուն չի հաղթել։ Բայց ես նաև տեսնում եմ, որ մեր երկրում քվեարկողների շրջանում չկան հաղթողներ ու պարտվողներ։ Ես տեսնում եմ, որ այս ընտրություններում այնպիսի արժեքներ են հաղթել, ինչպես՝ ճշմարտությունը, արժանապատվությունը, հարգանքն ու համեստությունը։ Համոզված եմ՝ մեզնից շատերն են գնահատում այդ արժեքները, և արժի դրանք դարձնել մեր առօրյայի մի մասը ու վերադարձնել քաղաքականություն»,- Պրահայում իր կողմնակիցներին դիմելով՝ ասել է 62-ամյա Պավելը։

Պյոտր Պավելը երդում կտա մարտին՝ նախագահի պաշտոնում փոխարինելով Միլոշ Զեմանին։

Չեխիայում, ինչպես նաև Եվրոպայի շատ այլ խորհրդարանական երկրներում, նախագահը հիմնականում արարողակարգային պաշտոն է և կարող է քաղաքականության վրա ազդել միայն կողմնակիորեն։ Իսկ քաղաքականությունը, այդ թվում՝ նաև արտաքին քաղաքականությունը որոշողը, նախկինի պես, կառավարությունն է, որն այժմ գլխավորում է աջ կենտրոնամետ Պյոտր Ֆիալան, և որի օրոք Չեխիան հսկայական թվով ուկրաինացի փախստականներ է ընդունել և ակտիվորեն ռազմական օգնություն է ցուցաբերում Ուկրաինային։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻրան․ Ռազմական գործարանին հարված է հասցվել անօդաչու սարքերի միջոցով
Հաջորդ հոդվածըՋոնսոնը պատմել է «հատուկ գործողությունից» առաջ Պուտինի հետ իր խոսակցության մասին