‘Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակիչ. «Ռեալ Մադրիդ» — «Գալաթասարայ» և «Մալագա» — «Բորուսիա Դորտմունդ»’

1361

Երեկվա հանդիպումներին այսօր սպասվող հանդիպումները իհարկե զիջում են իրենց հնչողությամբ: Երեկոյան խաղադաշտ դուրս եկող չորս թիմերին էլ, չնայած նրանց կազմում եղած ոչ քիչ թվով բարձրակարգ աստղերի առկայությանը, կարելի է համարել մարզչական թիմեր:

«Ռեալ Մադրիդ» — «Գալաթասարայ»

«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ, սկիզբը` ժամը 22:45

Բացառությամբ երևի թե «Բորուսիա Դորտմունդի», որտեղ թուրքերը ուղղակի ահռելի շատ են, մնացած 6 ակումբները 1/4-րդ փուլի վիճակահանության ժամանակ, շատ կցանկանային, որպեսզի իրենց բաժին հասներ «Գալաթասարայը»: Բայց երկրորդ մրցաշրջանն անընդմեջ, վիճակահանության զամբյուղի ամենաթույլ թիմը բաժին հասավ «սերուցքայիններին»:

Մոուրինյոյի թիմի համար մրցաշրջանի վատ ընթացքը փոխվեց այն պահից, երբ մադրիդցիները «Կոպա դել Ռեյից» կարողացան դուրս մղել Բարսային: Հանդերձարանային խնդիրները Մադրիդում շարունակվում են, օրինակ՝ նույն Կասիլյասի և Մոույի միջև, բայց խաղային լուրջ խնդիրների նրանք հանդիպեցին միայն «Մանչեստեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղում, որտեղ նրանց օգնության հասավ հենց ազգությամբ թուրք մրցավար` Ջյունյեթ Չաքիրը:

«Յունայթեդին» դուրս թողնելուց հետո մադրիդիստների գլխավոր երազանքը շատ պարզ է, վերջապես հաղթել 10-րդ ՉԼ-ի գավաթը, որից հետո նրանք այդքան էլ չեն ցավա Մոուրինյոյի՝ ակումբից հեռանալուց հետո:

Թուրքական թիմում էլ, հաղթահարելով ՉԼ-ի խմբային փուլը, ձմռան ընթացքում օգտվելով տրանսֆերային շուկայի հնարավարություններից, իրենց կազմը ուժեղացրին ի դեմս Դրոգբայի և Սնեյդերի: Թերիմի տղաները գլխավորում են նաև «Սուպեր լիգայի» մրցաշարային աղյուսակը, և դա թույլ է տալիս ավելի կենտրոնանալ մադրիդցիների դեմ խաղերին: Պարզ է, որ ՉԼ-ի 1/4-րդ եզրափակչում ավելի վառ ֆավորիտ կարելի էր ընդգծել միայն նախորդ տարվա ԱՊՈԵԼ — «Ռեալ Մադրիդ» զույգում, բայց բացի Դրոգբայից ու Սնեյդերից, այլ բարձրակարգ խաղացողներ ևս կան: Բացի ֆուտբոլասերներին վաղուց հայտնի` Ռիերայից, Ֆելիպե Մելոյից և Էբուեյից, արժե առանձնացնել իհարկե այս պահին ՉԼ-ի գլխավոր ռմբարկու Բուրաք Յըլմազին և Սելրուկ Ինանին: Սելչուկը համարվում է ներկայիս ամենախելացի թուրք կիսապաշտպանը և արդեն 3 մրցաշրջան է, «Սուպեր լիգայում» կատարում է ամենից շատ գոլային փոխանցումները:

Հավանական մեկնարկային կազմերը

«Ռեալ Մադրիդ»: Դիեգո Լոպես, Արբելոա, Ռամոս, Վարան, Կոենտրաո, Ալոնսո, Խեդիրա, Օզիլ, Դի Մարիա, Ռոնալդու, Իգուաին:

«Գալաթասարայ»: Մուսլերա, Էբուե, Նունկեու, Կայա, Ռիերա, Մելո, Ալթինթոփ, Ինան, Սնեյդեր, Յիլմազ, Դրոգբա:

«Մալագա» — «Բորուսիա Դորտմունդ»

Սա այն զույգն է, որի դիմակայությունը կարող է ամենամեծ հաճույքը պարգևել չեզոք երկրպագուներին, որոնց թիվը այս խաղում բավականին մեծ է: Երկու թիմերի 1/4-րդում հայտնվելը կարելի է և անակնկալ համարել և օրինաչափություն: Այս հակամարտությունում առավելությունը մի փոքր կարելի է տալ գերմանացիներին, քանի որ նրանք ունեն պատասխան խաղը սեփական հարկի տակ անցկացնելու առավելություն:

«Մալագան» հիմնականում ի շնորհիվ իր գրագետ գլխավոր մարզիչ` Մանուել Պելեգրինի, կարողացավ ոչ ամենահեշտ խմբում գրավել առաջին տեղը: «Մալագայի» ՉԼ-ում լուրջ հավակնությունների մասին սկսեցին խոսել հատկապես «Միլանի» դեմ խաղերից հետո, որտեղ իրենց առանձնակի լավ դրսևորեցին Խոակինն որ Իսկոն: Առաջինը 31 տարեկանում իր լավագույն մրցաշրջանն է անցկացնում, իսկ Իսկոն իր խաղով ամենաշատն է հավակնում «նոր Ինյեստա» կոչմանը: ՈՒԵՖԱ-ն ֆինանսական ֆեյր-փլեյի հետ կապված պարտավորվածությունը չկատարելու համար ակումբին զրկել է հաջորդ չորս մրցաշրջաններից մեկում եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից և թիմի ապագան այժմ մի փոքր մշուշոտ է թվում:

Դորտմունդցիներն էլ «Մանչեստեր Սիթիի», «Այաքսի» և «Մադրիդի Ռեալի» հետ հայտնվելով ՉԼ-ի մահվան խմբում` փայլուն խաղ ցուցադրելով գրավեցին այդ խմբի առաջին հորիզոնականը: ՉԼ-ում հաջող ելույթները վատ միևնույն ժամանակ վատ անդրադարցան «Բունդեսլիգայում» Դորտմունդցիների խաղի վրա: Եվ դեռևս տոներից առաջ պարզ էր, որ նրանք ներքին առաջնությունը այս մրցաշրջանում թողնելու են ետին պլանում: Մի կողմ թողնելով չեմպիոնության հույսերը, Կլոպպի սաները, առջևի գծի նոր առաջատար Ռոյսի հետ հեշտությամբ շրջանցեցին գերագնահատված «Շախտյորին» և հիմա բոլոր  հնարավորությունները ունեն՝ հայտնվելու ՉԼ-ի կիսաեզրափակչում:

Հավանական մեկնարկային կազմերը

«Մալագա»: Կաբալյերո, Խեսուս Գամես, Դեմիկելիս, Վելիգտոն, Անտունեշ, Տուլալան, Իտուրրա, Բապտիստա, Խոակին, Իսկո, Սանտա Կրուզ:

«Բորուսիա Դորտմունդ»: Վայդենֆելլեր, Պիսշչեկ, Սուբոտիչ, Սանտանա, Շմելցեր, Գյունդոգան, Բենդեր, Գյոցե, Ռոյս, Գրոսկրոյց, Լևանդովսկի:

Նախորդ հոդվածը‘Արքայազն Ուիլյամն ու դքսուհի Քեյթը կմասնակցեն Թամար Մանուկյան բարեգործական կենտրոնի բացմանը’
Հաջորդ հոդվածը‘«Սեւան» ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Մարտիրոսյանը դատապարտվեց ազատազրկման’