‘Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանություն. «Շախտյոր» — «Բորուսիա», «Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ», եւ մյուս զույգերը. Տեսանյութ’

897

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը միանգամից մի քանի թոփ, գրանդ, հզոր… տարբերակները բազմաթիվ են, զույգեր կազմեց: Արդեն կարելի է վստահ լինել, որ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անեծքների եւ մեղադրանքների տարափ է տեղալու ՈւԵՖԱ-ի հասցեին, ում թեթեւ ձեռքով «Ռեալի» մրցակիցը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդը», թերեւս ամենաբարդը բոլոր հնարավորներից: Սա, անկասկած, 1/8-ի զարդն է խոստանում լինել: Ռոնալդուն իր նախկին թիմի դեմ, Ֆերգյուսոնն՝ ընդդեմ Մոուրինյոյի… ամեն ինչ հնչեղ է:

Պակաս «զարդոտ» չի խոստանում լինել նաեւ մեկ այլ ուշագրավ դիմակայություն. «Շախտյոր» — «Բորուսիա»: Չհաշված «Բարսելոնային», այս պահին Եվրոպայի երկու ամենադիտարժան ֆուտբոլ ցուցադրող կոլեկտիվները՝ հրաշալի խաղացողներով, թեթեւ, կոմբինացիոն ֆուտբոլով, մեծ ամբիցիաներով եւ իհարկե՝ Հենրիխ Մխիթարյանով: Ուշագրավ է, որ Մխիթարյանի հանդեպ «Բորուսիան» էլ էր ակտիվություն ցուցաբերում, այնպես որ այժմ գարնանը կարող է գնահատել լավագույն հայ ֆուտբոլիստի ունակությունները:

«Միլանի» բախտը չբերեց. նրան բաժին ընկավ «Բարսելոնան», ինչը հավասարազոր է մահապատժի:

Եթե մինչեւ գարուն Արսեն Վենգերը վերջապես խելքի բերի «Արսենալին», ապա միգուցե «Բավարիայի» հետ մրցավեճը նույնպես դառնա ամենասպասվածներից եւ դրամատիկներից մեկը: Իսկ այսպես, տվյալ պահին «Բավարիան» բացահայտ ֆավորիտ է:

«Յուվենտուսը» իր կամային հատկանիշների համար «պարգեւատրվեց» «Սելթիկով»: Չնայած սա ֆուտբոլ է, սա այն «Սելթիկն» է, որը «Բարսային» է հաղթել, բայց դժվար է հավատալ երկրորդ նման հրաշքին:

Մնացած երեք զույգերը, պետք է խոստովանել, պարզապես խամրում են մեր կողմից նշված զույգերի կողքին: Բայց, ունենք այն, ինչ ունենք:

Չեմպիոնների լիգա

1/8 եզրափակիչ

«Գալաթասարայ» — «Շալկե»

 «Սելթիկ» -«Յուվենտուս» 

«Արսենալ» -«Բավարիա» 

«Շախտյոր» Դոնեցկ — «Բորուսիա» Դորտմունդ 

 «Միլան» -«Բարսելոնա» —

«Ռեալ» — «Մանչեսթեր Յունայթեդ» 

«Վալենսիա» — ՊՍԺ 

 «Պորտու» — «Մալագա» 

Նախորդ հոդվածը‘Վարչախումբը պղծել է մեր անցյալն ու ապագան. գյումրեցի ազատամարտիկի նամակը ‘
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ի ձմեռվա տրանսֆերային շուկայի ցանկություններն ու հնարավորությունները’