‘Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ. «Բարսելոնա» — «Միլան» և «Շալկե 04» — «Գալաթասարայ»’

1084

Դասական դարձած եվրոպական հակամարտություն և գերմանաթուրքական «դերբի»՝ iLur.am-ի` ՉԼ-ի հերթական խաղային օրվա անոնսում:

«Բարսելոնա» — «Միլան»

«Կամպ Նոու» մարզադաշտ, սկիզբը` ժամը 23:45

«Բարսելոնան» ապրում է շատ դրամատիկ ժամանակահատված, որտեղ ամեն ինչ փայլուն էր ընթանում՝ մինչ գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովայի առողջական խնդիրները: Իհարկե կարելի է հիշել, որ խնդիրները սկսեցին նոր տարվանից հետո, երբ պաշտոնապես հայտարարվեց Պեպ Գվարդիոլայի ապագա ակումբի անունը, որից հետո նաև Վալդեսը հրաժարվեց երկարաձգել ակումբի հետ պայմանագրի ժամկետը:

Շատերն այն կարծիքի են, որ իրականում այս Բարսայի շրջափուլի ավարտը անցյալ մրցաշրջանն էր, որի ավարտին Գվարդիոլան այդպես էլ զարգացման նոր ուղիներ չգտնելով՝ լքեց իր իսկ կառուցած թիմը:

Կատալոնացիների փառահեղ շրջափուլի ավարտի մասին անդադար խոսում են 2008-2009 մրցաշրջանից հետո, երբ առաջին անգամ կատալոնացիների դեմ կիրառվեց Մոուի ստեղծած «ավտոբուսը», որը անցյալ մրցաշրջանում հաջողությամբ կիրառեց նաև Դի Մատեոյի «Չելսին»:

Տիտոն աստիճանաբար, բայց ամեն դեպքում՝ որոշակիորեն փոխում էր Բարսայի խաղային փիլիսոփայությունը, և մինչ նրա ուռուցքի ի հայտ գալը՝ կատալոնցիները համարվում էին գլխավոր ֆավորիտները բոլոր այն մրցաշարերում, որտեղ մասնակցում էին: Տոներից հետո Բարսայի ֆիզիկական պատրաստվածության խնդիրների ֆոնին սկսեցին ի հայտ գալ նաև խաղային խնդիրներ, որոնց արդյունքում նույնիսկ ամենահավատարիմ «կուլեները» արդեն խոստովանում են, որ այս անգամ ամեն ինչ շատ մոտ է իր ավարտին:

«Միլանից» առաջին խաղում կրած պարտությունից հետո Բարսայի գլխավոր մարզիչը այդպես էլ որոշիչ փոփոխություններ չկատարեց հետագա երկու «սուպերկլասիկոներում», այդ իսկ պատճառով էլ հանդիպման ամենակարևոր հարցերից մեկը հենց կատալոնացիների մեկնարկային կազմն է: Անցած շաբաթվա ընթացքում կատալոնական մամուլը պնդում էր, որ Բարսան խաղալու է 3 պաշտպանով, 1 հենակետայինով, 2 խաղարկողով, 2 վառ ընդգծված եզրայիններով և 2 հարձակվողով, ինչը շատ նման է իտալական «3-5-2», որտեղ կատալոնացիների երկրպագուները հուսով են, որ տեղ չի գտնվի Ալեքսիս Սանչեսի կամ Սեսկի համար:

«Միլանում»,  հակառակը, ամբողջովին այլ տրամադրություն է տիրում: Ալեգրիին հաջողվեց վերակենդանացնել այն թիմը, որին իրենց իսկ երկրպագուները թաղում էին մրցաշրջանից առաջ: Ալեգրին նախ դիմացավ մրցաշրջանի սկզբում իր հասցեին հնչած բոլոր քննադատություններին, հետո կառչեց Էլ Շարավիի փայլուն մարզավիճակից և կարողացավ ՉԼ-ի 1/8-րդ փուլի ուղեգիր ձեռք բերել:

Նոյեմբերի ավարտին Ալեգրիի սաները, գերպաշտպանական ֆուտբոլ ցուցադրելով, անակնկալ հաղթանակի հասան «Յուվենտուսի» նկատմամբ, ինչն ապացույցն էր նրա, որ Ալեգրին, չունենալով բարձրակարգ կատարողներ, կարողանում է առավելագույնը քաղել իր սաներից: Պետք է նշել, որ Յուվեին հաղթելուց հետո «Միլանը» ընդամենը մեկ պարտություն է կրել «Սերիա Ա»-ում անցկացրած 14 հանդիպումներում ՝4-2 հաշվով զիջելով «Ռոմային»:

Թիմում տրամադրությունը կտրուկ փոխվեց Մարիո Բալոտելիի ակումբ տեղափոխվելուց հետո, իսկ Բարսայի հետ առաջին խաղից հետո «Միլանի» տիֆոզիները սկսեցին հիշել, որ վերջին շրջանում ով շրջանցել է Բարսային՝ հաղթել է նաև ՉԼ-ի գավաթը:

«Կամպ Նոուում» խաղից առաջ Ալեգրին մնացել է առանց Պացինիի, և քանի որ Բալոտելին չի կարող խաղալ ՉԼ-ում, շատ հավանական է Բոյանի հայտնվելը թիմի մեկնարկային կազմում: Խոսում են նաև Մեքսեսի և Բոատենգի մկանային խնդիրների մասին, բայց դրանք դժվար թե խանգարեն Ալեգրիին՝ կառուցելու ամուր «ավտոբուս» սեփական դարպասների առջև:

Վերջաբան

Ժորդի Ռոուրան երեկ երկու կարևոր հայտարարություն արեց. նախ՝ նա նշեց, որ իրենք գլուխները կորցրած չեն գրոհելո, իսկ հետո ավելացրեց, որ եթե դրա կարիքը լինի, նրանք կգնան հեղափոխական փոփոխությունների խաղի ընթացքում:

Արժե սպասել Բարսայի, որը մի քանի անգամ ավելի լավը կլինի, քան «Սան Սիրոյում» էր, և ի տարբերություն առաջին խաղի՝ անպայման գոլ կխփի, այլ հարց է՝ արդյոք Բարսան կկարողանա՞ սեփական դարպասը պահել անառիկ. ցանկացած ստանդարտ իրավիճակ կամ արագ զարգացող հակագրոհ «Միլանի» կողմից կարող է վերջնականապես թաղել Բարսային, ինչքան էլ որ Պիկեն վստահ է, որ իրենք ունակ են 4 գնդակ խփելու:

«Շալկե 04» — «Գալաթասարայ»

«Վելտին-Արենա» մարզադաշտ, սկիզբը` ժամը 23:45

Ցավոք՝ ՉԼ-ի վիճակահանությունը հնարավորություն է տվել այս երկու թիմերից մեկին հայտնվել 1/4-րդ եզրափակչում, օրինակ` Բարսայի կամ «Միլանի» փոխարեն: Կելլերի գլխավորած թիմը վերջապես լավ մարզավիճակ է ձեռք բերել և պետք է որ ունակ լինի շրջանցել թուրքական ակումբին, որն ամեն պահի կարող է ամեն ինչ փոխել Դրոգբայի կամ Սնեյդերի կարգի ֆուտբոլիստների շնորհիվ:

 

Նախորդ հոդվածը‘Հյուծված համակարգը’
Հաջորդ հոդվածը‘Կոնկլավի մեկնարկը. «Դո՛ւրս բոլորդ»’