‘Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչ. «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» և «Շախտյոր» — «Բորուսիա Դորտմունդ»’

915

«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Յունայթեդ»

«Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտ, սիկզբը` ժամը 23:45

Մադրիդում այսօր տեղի կունենա 1/8-րդ փուլի ամենահնչեղ զույգի հանդիպումը, որտեղ շատ բարդ է ֆավորիտ գտնել: Երկու թիմերն էլ համարվում են մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդները, հարցն, ուղղակի, այն է, թե ով ավելի մեծ ցանկություն ունի այն նվաճելու, և ով է ավելի լավ մարզավիճակում մոտենում հանդիպմանը:

«Ռեալ Մադրիդն»  անցկացնում է ոչ թե վատ, այլ տարօրինակ մրցաշրջան՝ ներքին սկանդալներով, վնասվածքներով և դրանից բխող խաղային խնդիրներով հագեցած: Անցյալ խաղաշրջանը, որը Մոուի սաների կայացման համար վճռորոշ էր, թիմն անցկացրեց փայլուն. ռեկորդային մրցաշրջան անցկացրեց «Պրիմերայում», որտեղ գրանցեց միավորների և խփած գնդակների ռեկորդային ցուցանիշներ, իսկ ՉԼ-ում դուրս մնաց կիսաեզրափակչից՝ «Բավարիային» զիջելով միայն 11-մետրանոցներով:

Այն, ինչ տեղի է ունենում այս մրցաշրջանում, իհարկե՝ կարելի է բարդել, ինչպես դա անում է Ժոզեն անհաջողությունների ժամանակ, մրցավարների, վնասվածքների, առանձին խաղացողների, խաղային օրացույցի և մի շարք այլ խնդիրների վրա: Բայց իրականում այս ամենն ընդամենը 3-րդ մրցաշրջանի խնդիրն է, որի մասին խոսել են բազմաթիվ մարզիչներ և վերլուծաբաններ: 2011-2012 թթ. մրցաշրջանը Մոուրինյոյի թիմի համար ըմբոստացման տարի էր, երբ նրանք որոշեցին, վերջ ի վերջո, հավասարը հավասարի պես «խոսել» Բարսայի հետ, և վերջապես ավարտել նրանց խաղային փիլիսոփայության հեգեմոնիան ամբողջ համաշխարհային ֆուտբոլում: Արդյունքների առումով՝ Մոուին հաջողվեց հասնել դրան, բայց երբ մրցակցին տապալելուց հետո պարզապես եկավ ժամանակը իր կողմից որևէ բան ստեղծելու, այդ պահին սկսեցին արտահայտվել Մոուրինյոյի թույլ կողմերը, ով «Պորտոյից» հետո որևէ տեղ իրականում ոչինչ էլ չկարողացավ ստեղծել:

«Լա Լիգայում» մրցաշրջանը տապալված է, և այնտեղ բարդ կլինի նույնիսկ 2-րդ տեղը գրավել, Արքայական գավաթի խաղարկությունում նույնպես շատ բարդ կլինի եզրափակչի ուղեգիր նվաճել «Կամպ Նոու» մարզադաշտում, և հենց այդ պատճառով «Յունայթեդի» հետ դիմակայությունը, առաջին հերթին՝ հենց Մոուրինյոյի համար, կյանքի և մահվան պայքար է լինելու: Պորտուգալացին ուղղակի երազում է իր 3-րդ և մադրիդցիների 10-րդ ՉԼ գավաթը նվաճել, որից հետո կդադարի լինել ինքնակոչ «յուրահատուկ»:

«Մանչեստեր Յունայթեդում» «Պրեմիեր լիգան» զիջելով իրենց համաքաղաքացիներին՝ վերջապես որոշեցին Ռոնալդուի՝ ակումբը լքելուց ի վեր, ձեռք բերել աստղային խաղացող, ով իր հետ կբերեր բավարար փորձ և գոլ: Վան Պերսին հենց սկզբից սկսեց դրսևորվել փայլուն կերպով և հարմարվելու որևէ խնդիր չունեցավ, ինչը չի կարելի ասել Կագավայի մասին, ում ձեռք բերեցին կենտրոնում խաղը սրելու համար: Ի տարբերություն Մոուրինյոյի՝ Ֆերգյուսոնը որևէ հանդերձարանային խնդիր և ինտրիգ չի հանդուրժում, և «մանկունյանցիների» մոտ դրանք ավելի ֆուտբոլային են: Օրինակ՝ նույն Կագավայի գոտում լուծումներ փնտրելը, որտեղ Ֆերգյուսոնը երկար ժամանակ օգտագործեց Ուեյն Ռունիին, կամ  Ֆերդինանդի մարզավիճակի հետ ծագած պաշտպանության կենտրոնի թուլացված լինելը:

Այս կազմը և նրա ցուցադրած խաղը, իհարկե, չի հավակնում Ֆերգիի՝ ակումբը գլխավորած 25-տարիների ընթացքում նույնիսկ լավագույն 5-ում հայտնվելու, բայց նրանք շատ լավ հասկանում են, թե ինչ է ուզում իրենցից մարզիչը, և ինչպիսին են նրանց իրական հավակնությունները այս մրցաշրջանում:

«Պրեմիեր լիգայում» նրանք այնպիսի առավելություն ունեն իրենց հետապնդող թիմի նկատմամբ, որ կարող են այս դիմակայության ժամանակ մի փոքր անտեսել այն, ինչքան էլ որ անկանխատեսելի են անգլիական առաջնության զարգացումները:

 Վերջաբան

Որքան էլ որ մադրիդյան թերթերը փորձեն առանձնացնել Ռոնալդուին, ով իրոք ֆանտաստիկ մարզավիճակում է, և պարզ է, որ առանձնահատուկ երեկո է ունենալու իր նախկին թիմի դեմ, այս դիմակայությունը, առաջին հերթին, մարզչական պայքար է լինելու, որտեղ մեկը իր մարզչական կարիերայի կարևորագույն փուլի վճռական հանդիպումներն է անցկացնելու, իսկ երկրորդը՝ ընդամենը «հերթական» բարդ խաղը:

«Շախտյոր» — «Բորուսիա Դորտմունդ»

«Դոնբաս Արենա» մարզադաշտ, սկիզբը` ժամը 23:45

Այստեղ նույնպես, առաջին հերթին, արժե առանձնացնել թիմերի գլխավոր մարզիչներին, ովքեր արդեն իսկ իրենց թիմերի հետ հասել են ավելիին, քան իրենցից սպասում էին: Հայ երկրպագուների համար, իհարկե, շատ ցանկալի է, որպեսզի Հենրիխ Մխիթարյանը շարունակի իր ելույթները ՉԼ-ում, բայց «Բորուսիայի» հավակնությունները ՉԼ-ում ավելի իրատեսական են թվում: Թիմերից երկուսն էլ բավականին թարմ են մոտենում ներքին առաջնություններում հանդիպումներին՝ երկարատև դադարի պատճառով, և պետք է որ ցույց տան այն ամենը, ինչին ունակ են:

 

Նախորդ հոդվածը‘Ընտրակաշառք ստանալու մասին ահազանգող քաղաքացիները կազատվեն պատասխանատվությունից’
Հաջորդ հոդվածը‘Խոշոր վթար Աշտարակի կամրջին. Բեռնատարից թափված երկաթները փակել են ճանապարհը’