‘Չեմպիոնների լիգա. «Արսենալն» ու «Ատլետիկոն» ավելիի են հավակնում, քան սպասվում էր’

993

Երեկ երեկոյան տեղի ունեցան ՉԼ-ի երկրորդ տուրի հանդիպումները, որտեղ, ինչպես և առաջին տուրում, շարունակվեցին սպասված արդյունքներ գրանցվել:

E Խումբ

«Ստյաուա» — «Չելսի» 0:4

Գոլերը՝ Ռամիրես 20, 55, Դանիել Գեորգիևսկի 44 (ինքնագոլ), Ֆրանկ Լեմպարդ 90

Այս տուրում «Ստյաուայի» հետ հանդիպումը կարծես հատուկ Մոուրինյոյի համար նախատեսված լիներ, քանի որ «Բազելից» կրած պարտությունից հետո «Պրեմիեր լիգայում» վատ ելույթները Մոույի և նրա սաների «օդը փակել էին»: Ժոզեն հիմնական կազմ է վերադարձնում Մատային, իսկ հարձակման գծում՝ Տորեսին, բայց Ֆերնանդոյի վնասվածքի պատճառով  նրան փոխարինում է Էտո՛օն, ով որոշիչ է առաջին երկու գոլերում: «Ստյաուան» որոշել էր չփակվել և հենց դրա միջոցով էլ ինքնասպանություն է գործում:

«Բազել» — «Շալկե-04» 0-1

Գոլը՝ Յուլիան Դրաքսլեր 54

Առաջին տուրում «Չելսիի» նկատմամբ հաղթանակից հետո շվեյցարացիները կարող էին ավելի լուրջ հավակնել խմբից դուրս գալուն: Ընդհանուր առմամբ՝ հավասար հանդիպում, որտեղ երկու կողմերն էլ կարող էին հաղթել, բայց որոշիչ է դառնում Դրաքսլերի փայլուն հարվածը, ով իր պոտենցիալով չի զիջում և ոչ մի երիտասարդ գերմանացու, Գյոտցեին՝ նույնպես: «Շալկեն» հաղթում է և 6 միավորով մոտենում է նրան, որպեսզի որակավորվի 1/8-րդ եզրափակիչ:

F Խումբ

«Արսենալ» — «Նապոլի» 2:0

Գոլերը՝ Մեսութ Օզիլ 8, Օլիվյե Ժիրու 15

«Նապոլին» դաշտ է դուրս գալիս արդեն պարտված: Հնարավոր է՝ դրա պատճառները հենց Բենիտեսի մոտ էին, ով միշտ բարդություններ է ունեցել Վենգերի դեմ խաղերում, հնարավոր է նաև՝ հենց խաղացողների, որոնց, «Էմիրեյթսում» հնարավոր հաղթանակից հետո, կդասեին ՉԼ-ի ֆավորտների թվին:  Ամեն դեպքում՝ տարօրինակ էր «Նապոլիին» տեսնել նման հուսալքված և անօգնական վիճակում. մի թիմի, որը «Սերիա Ա-ում» հավասար մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում Յուվեի հետ, իսկ ՉԼ-ում հաղթում է նախորդ խաղարկության եզրափակչի մասնակցին: «Արսենալում» լավ տրամադրություն է, որտեղ գերիշխում են՝ Ռեմսին՝ այս անգամ գոլի հեղինակ չի դառնում, բայց նորից որոշիչ է և գոլային փոխանցում է կատարում Օզիլին, և հենց ինքը Օզիլը՝ գոլ և գոլային փոխանցում, ով միայն իր աստղային կարգավիճակով ոգեշնչում է բոլոր «կանոնիրներին»: Մեկնարկային գոլերից հետո մնացած 75 րոպեներից հիշելու քիչ բան կա:

«Բորուսիա  Դորտմունդ» — «Մարսել Օլիմպիկ» 3:0

Գոլերը՝ Ռոբերտ Լևանդովսկի 19, 79, Մարկո Ռոյս 52

«Մահվան խմբում» անմիջապես վիճակահանությունից հետո կարելի էր պնդել, որ «Մարսելը», ով խաղացողների կարգով և ցուցադրած ֆուտբոլով զիջում է մնացած երեք թիմերին, միավորներ է բաժանելու, բայց կարող է որոշիչ լինել «փլեյ-օֆֆի» համար, ով նրանց հետ խաղերում միավոր կորցնի՝ կնվազեցնի խմբից դուրս գալու հնարավորությունները:

 «Բորուսիան», Կլոպի հետ թե առանց նրա, պետք է հաղթեր, ինչին էլ հասնում է բավականին հեշտ: Մխիթարյանի մասին առանձին կարելի է ասել, որ Հենրիխը ավելի լավ հանդիպում անցկացրեց, քան «Նապոլիի» դեմ, բայց միևնույն է, ի տարբերություն «Բունդեսլիգայի»՝ ՉԼ-ում նա կաշկանդված տեսք ունի:

G Խումբ

«Զենիթ» — «Աուստրիա» 0-0

«Աուստրիան» Պետերբուրգ էր ներկայացել առանց մի շարք առաջատար խաղացողների, և «Զենիթի» հաղթանակը, թվում էր, միայն պետք է փաստել:

Սպալետտիի սաները մեկնարկում առավելություն ունեին, բայց զգացվում էր, որ «Սպարտակի» դեմ խաղից հետո նրանք ընդամենը 2 օր են հանգստացել: Բացի Հալկի հարվածներից՝ առաջին խաղակեսում նրանք որևէ պահ չստեղծեցին, իսկ ընդմիջումից առաջ մրցավարը հեռացրեց Վիտցելին (բելգիացին գնդակին խաղաց, պարզապես «Աուսստիայի» խաղացողն իր ճիչով կարողացավ ազդել մրցավարի վրա): Երկրորդ խաղակեսում տանտերերը շարունակում էին առավելություն ունենալ, բայց նորից, բացի Հալկից՝ ոչ ոք չէր երևում:

«Պորտո» — «Ատլետիկո» 1:2

Գոլերը` Ջեքսոն Մարտինես 16 — Դիեգո Գոդին 58, Արդա Թուրան 86

«Ատլետիկոն» այս պահին Եվրոպայի լավագույն ակումբն է և հաղթում է նաև այն խաղերում, որոնցում դրան արժանի չէ: Ջեքսոն Մարտինեսի գոլից հետո, որին «ներքնակավորների» երկրպագուները պնդում էին գնել որպես Ֆալկաոյի փոխարինող, թվում էր, թե նրանք մրցաշրջանում առաջին պարտությունը կկրեն, բայց ընդմիջմանը Սիմեոնեն նորից կարողացավ փոխել հանդիպման ընթացքը: «Ատլետիկոն» ավելացրեց, և նախ 58-րդ րոպեին Գոդինը հավասարեցրեց, իսկ 86-ին՝ Գաբին և Արդան նորից էացրին Սիմեոնեի հետաքրքիր տուգանայինների խաղարկման միտքը: 1-2, և «Ատլետիկոն» մոտենում է «փլեյ-օֆֆին», որտեղ նրանցից կցանկանա խուսափել նույնիսկ «Բավարիան»:

H խումբ

«Սելտիկ» — «Բարսելոնա» 0:1

Գոլը` Սեսկ Ֆաբրեգաս 76

Առանց Մեսսիի՝ Բարսան խաղադաշտ է դուրս գալիս մի կազմով, որտեղ բացառապես «կանտերանոներ» են և բրազիլացիներ: Ի տարբերություն անցյալ խաղաշրջանի՝ Բարսան «Սելտիկ Պարկում» շատ ավելի հասուն տեսք ունի, որտեղ լավագույնները Բարտրան ու Նեյմարն ու Վալդեսն են, առաջինը ոչ մի մենամարտում չի զիջում Սամարասին, երկրորդը սրում է խաղը առջևում և հրահրում Բրաունին հարվածել նրան, ինչի հետևանքով շոտլանդացիները մնում են 10 հոգով, իսկ Վալդեսը, ինչպես արդեն սովորական է դարձել այս մրցաշրջանում, կատարում է բոլոր հնարավոր և անհնարին «սեյվերը»:

«Այաքս» — «Միլան» 1:1

Գոլերը` Ստեֆանո Դենսվիլ 89 — Մարիո Բալոտելլի 90 (11-մ.)

Թե՛ առաջին խաղակեսում և թե՛ երկրորդում «Այաքսը» ամեն առումով գերազանցում է Ալեգրիի սաներին. պատկերացրեք միայն, որ Դե Բուրը ավելի բարձրակարգ կատարողներ ունենար, բայց հաշիվը բացում է միայն 90-րդ րոպեին: Իսկ ավելացրած ժամանակում տեղի է ունենում այն, ինչը ներմուծեցին Պեպեն ու Մունյիզ Ֆերնանդեսը՝ Բալոտելլին տուգանայինում քաշում է Դեր Հոորնի թևից և մրցավարից 11 մետրանոց է պահանջում, որն էլ ինքն իրացնում է: Խաղից հետո Դե Բուրը կտրուկ է. «Մենք գիտեինք, որ Բալոտելլին կարող է գոլ ստեղծել ոչնչից՝ թատրոն խաղալով»: Իրականում «Այաքսը» ունակ է հաղթել նաև «Սան Սիրոյում», բայց «Միլանից» հետ է մնում արդեն 4 միավորով:

Նախորդ հոդվածը‘Նեթանյահու. Իրանի առաջնորդը գայլ է՝ գառան մորթիով ‘
Հաջորդ հոդվածը‘Կարեն Թովմասյան. Այսօր իմացա, որ «արմատական» Կարապետ Ռուբինյանն արտագաղթել է ‘