‘Չեմպիոնների լիգա. «Գալաթասարայը» «Ռեալին» մրցակից չէր, գոլազուրկ ոչ-ոքի Մալագայում’

1266

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ խնդիրներ չունեցավ «Գալաթասարայի» հետ մրցավեճում:

Մադրիդցիների առավելությունը բացահայտ էր: Առաջին խաղակեսում «արքայական» ակումբը 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը: Նախ, 9-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, իր գոլերի քանալը մրցաշարում դարձրեց 9-ը եւ միանձնյա գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը: 8-ական գոլով երկրորդ տեղում են Մեսին եւ «Գալաթասարայի» հարձակվող  Բուրաք Յիմլազը:

29-րդ րոպեին Քարիմ Բենզեման կրկնապատկեց հաշիվը:

73-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Գոնսալո Իգուաինը հաշիվը դարձրեց 3:0 եւ «Ռեալը» ըստ էության արդեն ապահովեց կիսաեզրափակիչի ուղեգիրը:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին Ստամբուլում:

Օրվա մյուս խաղում «Մալագան» ընդունել էր Գերմանիայի չեմպիոն Դորտմունդի «Բորուսիային»: Չնայած խաղն անցավ լարված պայքարում, սակայն կողմերը այդպես էլ չկարողացան գոլ խփել եւ արձանագրվեց ոչ-ոքի՝ 0:0:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ Դորտմունդում:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում 

«Ռեալ» — «Գալաթասարայ»՝ 3:0 

Կրիշտիանու Ռոնալդու, 9, Քարիմ Բենզեմա, 29, Գոնսալո Իգուաին, 73

«Մալագա» — «Բորուսիա Դ.»՝ 0:0

Նախորդ հոդվածը‘2 տարի է՝ հանցագործությունների քանակով առաջատարը Կոտայքի մարզն է’
Հաջորդ հոդվածը‘Այսօր՝ ապրիլի 4-ին սպասվող իրադարձությունները’