‘Չեմպիոնների լիգա. Կասերեսը հասցնում է փրկել իր կարիերան (Տեսանյութ)’

1155

Ոչ այնքան գոլառատ խաղային օր ՉԼ-ում (հատկապես՝ առաջին խաղակեսերում), որում ի սկզբանե, բացի Թուրինում կատարվելիքից, ավելին պետք էլ չէր ակնկալել:

A խումբ

«Շախտյոր» — «Բայեր 04» 0-0

«Ռեալ Սոսյեդադ» — «Մանչեստերր Յունայթեդ» 0-0

 Ի սկզբանե երկրորդ տեղի համար պայքարող «Շախտյորի» և «Բայերի» երկրորդ հանդիպման ընթացքում ավելի շատ պայքար նկատվեց, քան առաջինում: Լուչեսկուի սաները ոչ միայն ցանկանում էին հաղթել, այլև վերադարձնել Լևերկուզենում ստացած ապտակը: Երկու թիմերն էլ հանդիպումը սկսեցին արագ տեմպով, որտեղ հաղթանակի ավելի շատ ձգտում էին տանտերերը: «Շախտյորի» լավ մեկնարկը գոլի վերածել խանգարում էր Լենոն, որի կատարած  մի քանի «սեյվերից» հետո, խաղը հավասարվեց: «Հանքափորները» լավ անցկացրին նաև խաղակեսի ավարտն ու երկրորդ խաղակեսի սկիզբը, որտեղ լավագույնը Բերնարդ էր, ով կարծես ամենուր էր հասցնում: Բայց Հյուպյայի թիմին անընդհատ փրկում էր Լենոն, կամ վրիպում էին «Շախտյորի» հարձակվողները: Արդյունքում՝ 0-0, որը ամբողջովին ձեռնտու էր հյուրերին: Սան Սեբաստյանում էլ «Սոսյեդադը» հերթական անգամ ցույց տվեց, որ առանց Մոնտանյեսի՝ նման կազմով նրանք լուրջ հավակնություններ չեն կարող ունենալ: ՄՅՈՒ-ի խաղացողները վրիպում էին ահնավանական դիրքերից՝ հատկապես Չիչարիտոն, իսկ Վան Պերսին չկարողացավ իրացնել 11-մետրանոցը: Ամեն դեպքում՝ «Սոսյեդադը» դեռևս «փլեյ-օֆֆ» դուրս գալու հույսեր է պահպանում:

B Խումբ

«Յուվենտուս» — «Ռեալ Մադրիդ»

«Կոպենհագեն» — «Գալաթասարայ»

«Յուվենտուսի» մրցաշրջանի կենտրոնական հանդիպում վերնագրված խաղին «սերուցքայինները» ներկայացան երևի թե վերջին տասնամյակի գրանդների կողմից կրած ամենատգեղ մարզահագուստով: Եվ մինչ Կասերեսի տգետ սխալը (ովքեր հետևել են «Մերկ» մականվամբ ուրուգվայցու կարիերային, կարող են վերհիշել, որ նա նման սխալներ թույլ էր տալիս դեռևս Պեպ Գվարդիոլայի «Բարսելոնայում») հյուրերը խաղադաշտում գրեթե այնքան վատ էին, որքան նրանց մարզահագուստն էր: Պիրլո-Պոգբա-Վիդալ եռյակը պարզապես «կերավ» ամբողջ դաշտի կենտրոնը: Կոնտեի սաները իրենց առավելությունը կարողացան նյութականացնել միայն 11-մետրանոցից, իսկ մինչ այդ «Ռեալին» փրկում էր Կասիլյասը: Երկրորդ խաղակեսի մեկնարկում Կասերեսի սխալից հետո Անչելոտտիի թիմը կարծես վերակենդանացավ և նաև առաջ անցավ հաշվի մեջ, կրկին թույլ էր Յուվեի պաշտպանության եզրը, որտեղ Կյելինիի բացակայութամբ խաղում էր ոչ թե Օգբոննան, այլ նոմինալ կիսապաշտպան Ասամոան: Կոնտեն ուշացնում էր փոփոխությունները, բայց Բեյլի գոլից ընդամենը 5 րոպե հետո Կասերեսը փրկեց ոչ միայն Յուվեին, այլև իր, օրինակ, «Սևիլյայի» կարգի թիմ վերադառնալու հեռանկարը: Վերջնամասում «բյանկոներիները» բավարար թարմություն չունեցան հաղթանակի համար, բայց միևնույն է, «Կոպենհագենի» հաղթանակի շնորհիվ շարունակում են պահպանել «փլեյ-օֆֆ» դուրս գալու հիանալի հնարավորություններ:

C Խումբ

«Օլիմպիակոս» — «Բենֆիկա» 1-0

ՊՍԺ — «Անդերլեխտ» 1-1

Մրցաշարի ամենաձանձրալի և ոչ մրցունակ կազմով խմբում կենտրոնականը «Օլիմպիակոս» — «Բենֆիկա» խաղն էր, որտեղ և մեծ հաշվով կարող էր որոշվել խմբից «փլեյ-օֆֆ» դուրս եկող երկրորդ թիմի հարցը: Հույները սկսեցին շատ ավելի վատ և մինչև Մանոլասի անկյունայինը՝ տառապում էին մեկնարկային հուզումից: Գոլից հետո «Բենֆիկան», միևնույն է, շարունակում էր տիրել առավելությանը, բայց Կարդոսոյի խաղը սկսեց խամրել, իսկ Մարկովիչը վրիպեց  մեն-մենակ իրավիճակում: Ընդմիջումից հետո «Բենֆիկայի» առավելությունը է՛լ ավելի հստակեցվեց: Գաիտանը փայլուն կերպով առաջնորդում էր թիմակիցներին, ովքեր այդպես էլ չկարողացան գրավել Ռոբերտոյի դարպասը: 1-0, և «Օիլպիակոսը» մոտ է «փլեյ-օֆֆին»: Խմբի մեկ այլ խաղում ՊՍԺ-ն պարզապես որոշեց ուժեր խնայել «Անդերլեխտի» դեմ խաղում և զարթնեց միայն գոլ բաց թողնելուց հետո: Իբրահիմովիչը դարձավ այս ՉԼ-ի խաղարկությունում արդեն 7-րդ գոլի հեղինակը, որը նրանց դեռևս չի ապահովում «փլեյ-օֆֆի» ուղեգիր:

B Խումբ

«Մանչեստեր Սիթի» — ԲԿՄԱ  5-2

«Վիկտորիա» — «Բավարիա» 0-1

Խմբի կենտրոնական խաղը, իհարկե, «Սիթի» — ԲԿՄԱ-ն էր, որի ավարտից հետո «բանակայինները» հուսով էին, որ դեռևս կկարողանան մտածել «փլեյ-օֆֆի» մասին: Բայց պայքարը ավարտվեց արդեն երրորդ րոպեին: Սերխիո Ագուերոն, իրացնելով 11-մետրանոցը, հենց սկզբից սպանեց հանդիպման ինտրիգը: Հետագայում ընթացավ խաղ առանց պաշտպանների, որտեղ «դուբլ» ձևակերպեցին Ագուերոն ու Դումբիան, և «հեթ-տրիկ»՝ Նեգրեդոն:

«Բավարիան» էլ սպասվածից ավելի շատ նյարդայնացրեց իրենց հաղթանակի վրա խաղադրույք կատարած ֆուտբոլասերներին. Մանջուկիչը միայն 65-րդ րոպեին գրավեց «Վիկտորիայի» դարպասը և այն նույնիսկ չցանկացավ տոնել: Ճիշտ է՝ պետք է ուժեր խնայել: 

Նախորդ հոդվածը‘Հայտնի են 20 ձերբակալվածների անունները’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանին քիչ անց կձերբակալեն’