‘Չեմպիոնների լիգա. Յուվեի վերջին որոշիչ կռիվը «դժոխքում»’

1170

Երկշաբաթյա ընդմիջումից հետո վերադառնում է Չեմպիոնների լիգան, որի 6-րդ տուրի առաջին խաղային օրում կորոշվի «Յուվենտուսի» և այլ թիմերի «փլեյ-օֆֆին» մասնակցության հարցը:

Խումբ A

«Մանչեստեր Յունայթեդ» — «Շախտյոր»

«Ռեալ Սոսյեդադ» — «Բայեր 04»

Մանչեստերում դժվարին ժամանակներ են, բայց միևնույն է` Մոյեսի պաշտոնանկության մասին խոսակցությունները միայն տոներից հետո կարող են լուրջ համարվել: Իսկ մինչ այդ ՄՅու-ն պետք է հնարավորինս շատ միավորներ վաստակի «Պրեմիեր լիգայում»: Այնպես որ, «Շախտյորի» հետ հավանական ոչ-ոքին ոչ ոք որպես ողբերգություն չի ընկալի: Ինչ վերաբերում է ուկրաինական ակումբին, ապա նրանց համար խմբային փուլը չհաղթահարելը կլինի այն փաստի արձանագրում, որ առանց Մխիթարյան ու Վիլիանի «Շախտյորը» դեռևս չի կարող ՉԼ-ում լուրջ հավակնություններ ունենալ:

«Բայերի» խնդիրը ավելի հեշտ է՝ «Բունդեսլիգայի» 2-րդ տեղը զբաղեցնող թիմը, որը որոշ վիճակագրական տվյալներով նույիսկ գերազանցում է  «Բավարիային» (օրինակ` արդյունավետ հակագրոհների թվով), պարզապես պետք է 3 միավոր վաստակի նույնիսկ Եվրոպայի լիգայում հայտնվելու հույսերը կորցրած «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում:

Խումբ B

«Գլաթասարայ» — «Յուվենտուս»

«Կոպենհագեն» — «Ռեալ Մադրիդ»

«Գալաթասարայի» մարզադաշտերում ընդմիշտ ներկա «Բարի գալուստ դժոխք» գրությամբ պաստառը վաղուց դարձել է ուղղակի պաստառ եվրոպական գրանդների համար: Նրանք արդեն երկար ժամանակ է, ինչ  «դժոխքից» դուրս գալով, թուրք երկրպագուների օրերը, հնարավոր է` նաև տարին, դարձնում են դժոխային: Այս երեկո, թվում է, որ Կոնտեի Յուվեն, որտեղ կբացակայի Պիրլոն, ամեն ինչ ունի, որպեսզի չպարտվի Ստամբուլում և որակավորվի «փլեյ-օֆֆ»:

Խմբի երկրորդ խաղում վնասվածքից ապաքինված Ռոնալդուի հետ Մադրիդի «Ռեալը» կփորձի դառնալ առաջին թիմը, որը հյուրընկալվելիս հաղթել է «Կոպենհագենին» ՉԼ-ի խմբային փուլում:

Խումբ C

«Բենֆիկա» — ՊՍԺ

«Օլիմպիակոս» — «Անդերլեխտ»

«Բենֆիկայի» համար «փլեյ-օֆֆում» չհայտնվելը սկսել է վերածվել սովորական երևույթի: ՊՍԺ-ի դեմ խաղում պորտուգալացիների համար շատ ավելի հեշտ կլինի, քանի որ քաթարյան գումարները փարիզցիներին օգնում են այդքան էլ չմտածել հաղթանակի համար տրվող 1 մլն $ մասին: Բլանի թիմի միակ խնդիրը, երևի թե, Իբրահիմովիչի գոլերի քանակը ավելացնելն է. շվեդը հավակնում է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը անցկացնել:

«Օլիմպիակոսի»` խումբը հաղթահարելու հավակնություններն, իհարկե, ավելի նախընտրելի են, անկախ նրանից, որ «Անդերլեխտի» դեմ կբացակայի թիմի առաջատար հարձակվող Միտրոգլուն: Կարևորը հունական ակումբների ամենաուժեղ կողմ համարվող երկրպագուներն են, ովքեր պետք է իրենց թիմին դուրս բերեն «փլեյ-օֆֆ»:

Խումբ D

«Բավարիա» — «Մանչեստեր Սիթի»

«Վիկտորիա Պլզեն» — ԲԿՄԱ

D խումբը բոլոր 8 խմբերից միակն է, որտեղ վերջին տուրից առաջ որոշված են «փլեյ-օֆֆի» մասնակիցները: Ինչը չի նշանակում, որ «Բավարիա» — «Մանչեստեր Սիթի» խաղում պայքարի ականատես չենք լինի: Գվարդիոլա-Պելեգրինի պայքարը միշտ առանձնահատուկ է՝ Պելեգրինին կփորձի հերթական անգամ հակախաղ գտնել Պեպի թիմի պրեսինգի դեմ, իսկ «Բավարիան» կփորձի հաստատել, որ միայն «Վերդերների» դեմ խաղերում չէ, որ մրցակիցներին գերազանցում է ֆուտբոլային բոլոր գործոններով: «Վիկտորիա Պլզեն» — ԲԿՄԱ խաղում էլ կորոշվի D խմբից Եվրոպայի լիգայի ուղեգրի հարցը:

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.04 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Հս Կորեայում իրականացվող «զտումները» անհանգստացրել են Հարավային Կորեային’