‘Չեմպիոնների Լիգա. «Յուվենտուսի» եւ ՊՍԺ-ի վստահ հաղթանակները’

825

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում իսպանական «Վալենսիան» ընդունել էր ֆրանսիական ՊՍԺ-ին: Մեծ հաշվով պայքար չստացվեց: Ոչ այնքան ՊՍԺ-ն էր ուժեղ, որքան «Վալենսիան»՝ թույլ:

Առաջին խաղակեսում ՊՍԺ-ն մեծ առավելություն ուներ, կարող էր 4-5 գոլ խփել, սակայն բավարարվեց երկուսով. աչքի ընկան Լավեցին եւ Պաստորեն: Ընդ որում, երկու դեպքում էլ բավական անվստահ գործեց «Վալենսիայի» դարպասապահ Գուաիտան:

Երկրորդ խաղակեսում ՊՍԺ-ն արդեն հանգիստ խաղում էր հաշվի վրա՝ գործելով պաշտպանողական մարտավարությամբ: «Վալենսիան» անընդհատ գրոհում էր, սակայն միայն հանդիպման վերջին րոպեին Ռամին կրճատեց հաշվի տարբերությունը: Իսկ ամենավերջում «աչքի ընկավ» ՊՍԺ-ի գերաստղ Զլաթան Իբրահիմովիչը, որը մրցակցի խաղացողներին միտումնավոր հարվածելու համար անմիջապես հեռացվեց դաշտից: Թերեւս միայն գոլն ու Իբրահիմովիչի բացակայությունը պատասխան խաղում իսպանացիներին տեսական հույսեր թողեցին հաջող արդյունքի համար:

Իսկ Գլազգոյում կայացավ Շոտլանդիայի եւ Իտալիայի գործող չեմպիոնների՝ «Սելթիկ» — «Յուվենտուս» հանդիպումը:

Շոտլանդացիները հանդիպման հենց առաջին վայրկյաններից գրոհների տարափ տեղացին մրցակցի վրա եւ… գոլ բաց թողեցին: Դարպասապահի եւ պաշտպանի սխալից օգտվեց Ալեսանդրո Մատրին: Չնայած բաց թողած գոլին, «Սելթիկը» շարունակեց տարածքային մեծ առավելություն ունենալ եւ պաշարել մրցակցի տուգանային հարվածը: Մի քանի դրվագում շոտլանդացիները մոտ էին հաջողությանը, սակայն փայլուն եւ անձնուրաց էին գործում Բուֆոնը եւ «Յուվեի» պաշտպանները:

Երկրորդ խաղակեսում շոտլանդացիները շարունակում էին գրոհել, սակայն արդեն ոչ նախկին սրությամբ:  Հանդիպման վերջնամասում «Յուվենտուսը» երկու դասական հակագրոհ կազմակերպեց եւ արձանագրեց խոշոր հաշվով հաղթանակը՝ 3:0: Իտալիայի չեմպիոնը գործնականում ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում:

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում 

«Վալենսիա» – ՊՍԺ` 0:2

Ադել Ռամի, 90 – Էզեկիլ Լավեցի, 10, Խավիեր Պաստորե, 43

 «Սելթիկ» – «Յուվենտուս» `0:3

Ալեսանդրո Մատրի, 3, Կլաուդիո Մարկիզիո, 77, Միրկո Վուչինիչ, 83

Նախորդ հոդվածը‘Կրկին գնդակոծություն Տավուշում. Կա վիրավոր. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հակառակորդի կրակից պայմանագրային զինծառայող է վիրավորվել’