‘Չեմպիոնների լիգա. «Շախտյորը» մոտ էր հաղթանակին, ԲԱՏԷ-ն սենսացիոն հաղթում է’

1103

Կայացան Չեմպիոնների լիգայի 2012/2013 մրցաշարի կայացան խմբային փուլի երկրորդ տուրի առաջին խաղային օրվա բոլոր՝ ութ հանդիպումները: Բավական գոլառատ տուր էր, հագեցած դրամատիկ իրադարձություններով եւ խոշորագույն անակնկալով:

E խումբ

Բնականաբար, մեծ հետաքրքրություն էր առաջացրել Իտալիայում կայացած հանդիպումը: Թե «Յուվենտուսը», թե «Շախտյորը» գերազանց էին սկսել մրցաշրջանը, շարունակում էին անպարտելի հանդիպումների երկար շարքը: Հանդիպումը հաղթողին չորոշեց. թիմերը մնացին անպարտելի: Օրվա թերեւս ամենաբարձրակարգ եւ բարդ խաղը: Իրար արժանի մրցակիցներ, չնայած, «Շախտյորն» իհարկե, ավելի մոտ էր հաղթանակին, գոլային պահերով բացահայտ գերազանցեցին մրցակցին: Միայն Մխիթարյանը քանի անգամ վրիպեց: Ի դեպ, եթե գնահատենք Մխիթարյանի խաղը, ապա երկրորդ խաղակեսում նա լավագույններից մեկն էր, շատ լավ տպավորություն թողեց: Ընդհանրապես, «Շախտյորը» հիանալի տպավորություն թողեց:

Խմբի մյուս խաղում մրցակցություն չստացվեց: ՉԼ գործող գավաթակիրը` Լոնդոնի «Չելսին» խոշոր հաշվով հաղթեց Դանիայի չեմպիոնին` «Նորշելանդին»: Այժմ «Չելսին» երկու անգամ կխաղա «Շախտյորի» հետ: Հնարավոր է, որ հենց այդ մրցավեճում որոշվի խմբի ապագան:

 «Յուվենտուս» — «Շախտյոր»՝ 1:1

Լեոնարդո Բոնուչի, 26 – Ալեքս Տեյշեյրա, 23

«Նորշելանդ» — «Չելսի»՝ 0:4

Խուան Մատա, 33, 82, Դավիդ Լուիս, 80, Ռամիրես, 89

 

F խումբ 

Մրցաշարի գերանակնկալը գրանցվեց այս խմբում: Անհավատալի է, բայց փաստ. Համեստ բելառուսական ԲԱՏԵ-ն, որը նույնիսկ մի կարգին մարզադաշտ չունի եւ ստիպված Մինսկում է անցկացնում խաղերը, 3:1 հաշվով հաղթեց Մյունխենի «Բավարիային»: Այն «Բավարիային», որը Գերմանիայի Բունդեսլիգայում պարզապես քարը քարից չէր թողնում մրցակիցներից եւ այս մրցաշրջանում միայն հաղթանակներ էր տարել: Պետք ասել, որ ԲԱՏԵ-ն հենց խաղով հաղթեց եւ դեռ մի դյուժին գոլային պահեր չիրացրեց:

Մինչ ֆուտբոլային մասնագետները տարակուսանքով կմտածեն, թե ինչ կնշանակի այս ամենը, ԲԱՏԷ-ն միանձնյա` 6 միավորով գլխավորեց այս խումբը: Գնդակների 6:2 հարաբերակցությամբ: Բելառուսների հաջորդ մրցակիցը «Վալենսիան» է: Հետաքրքիր է, իսպանական ակումբի դեպքում ինչ է պատրաստել ԲԱՏԵ-ն: «Վալենսիան» հանգիստ հաղթեց ֆրանսիական «Լիլին», որը իր առաջատարի` Էդեն Ազարի հեռանալուց հետո չափազանց թույլ է հանդես գալիս:  

ԲԱՏԷ – «Բավարիա»՝ 3:1

Ալեքսանդր Պավլով, 23, Վիտալի Ռոդիոնով, 78, Ռենան Բրեսան, 90 – Ֆրանկ Ռիբերի, 90

 

«Վալենսիա» — «Լիլ»՝ 2:0

Ժոնաս, 38, 75

 

G խումբ 

«Բենֆիկան» — «Բարսելոնա» հանդիպումը մեծ հետաքրքրությամբ էր սպասվում, սակայն այն չարդարացրեց այդ ակնկալիքները: «Բարսելոնան» բավական վստահ եւ հանգիստ հանդես եկավ, կիսաէկոնոմ ռեժիմով 2:0 հաշվով հաղթեց, ուժերի մի մասը պահպանելով առաջիկա «սուպերկլասիկոյի» համար: Երկու գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մեսին: Մեկ տհաճ լուր. ծանր վնասվածք ստացավ Կառլես Պույուլը, որը բաց կթողնի մոտ 2 ամիս:

Մյուս խաղում «Սպարտակը» բաց թողեց հաղթանակը «Սելթիկի» հետ խաղում եւ պարտվեց: Ընդհանուր առմամբ, սխալներով եւ կարգով ոչ այնքան բարձր կարգով մրցավեճ էր:

«Բենֆիկա» — «Բարսելոնա»՝ 0:2

Ալեքսիս Սանչես, 6, Սեսկ Ֆաբրեգաս, 56

«Սպարտակ» — «Սելթիկ»՝ 2:3

Էմանուել Էմենիկե, 41, 48, — Գարի Հուպեր, 12, Դմիտրի Կոմբարով, 71 (ինքնագոլ), Գեորգիոս Սամարաս, 90

 

H խումբ 

«Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ հաղթանակը տարավ եւ շարունակում է այս խմբի առաջատարը մնալ: Չնայած պետք է նշել, որ առայժմ մանկունյանցիներին մեծ դժվարությամբ են տրվում միավորները: Եթե մրցակիցը մի փոքր ավելի համարձակ գործեր առջեւի գծում կամ իրացներ գոլային պահերի գոնե կեսը, ապա «ՄՅՈւ»-ն Ռումինիայում «Բավարիայի» օրը կընկներ:

Երկրորդ պարտությունն անընդմեջ կրեց թուրքական «Գալաթասարայը», չնայած այդպիսի աստղային կազմ ունի:

«Կլուժ» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Պանտելիս Կապետանոս, 14 – Ռոբին վան Պերսի, 29, 49

 

«Գալաթասարայ» — «Բրագա»՝ 0:2

Ռուբեն Միկայել, 27, Ալան, 90

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը կոչ է անում միջազգային հանրությանը՝ իրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին ‘
Հաջորդ հոդվածը‘Օբաման և Ռոմնին երես առ երես կհանդիպեն Դենվերում կայանալիք հեռուստաբանավեճի ընթացքում’