‘Չեմպիոնների լիգա. «Ստուգողական խաղ» Յուվեի համար’

1146

Երկշաբաթյա դադարից հետո վերադառնում է ՉԼ-ն: Խմբային փուլի 4-րդ խաղային տուրից առաջ, առաջին 4 խմբերի առաջատարները, հանգիստ են «փլեյ-օֆֆում» իրենց տեղի համար, բոլորը՝ բացի «Յուվենտուսից»:

A Խումբ

«Շախտյոր» — «Բայեր 04»

«Ռեալ Սոսիեդադ» — «Մանչեստեր Յունայթեդ»

A խմբի մասնակիցների կազմը թույլ էր տալիս ենթադրել, որ Մոյեսի «Յունայթեդը» բավականին լուրջ խնդիր կարող է ունենալ՝ խմբից դուրս գալու հետ կապված: Բայց Ռունին և խաղընկերները հերթական անգամ ապացուցեցին ՉԼ-ում փորձի կարևորությունն ու 3 խաղից հետո վաստակելով 7 միավոր՝ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Սան Սեբաստյանում ոչ ոքի համար հեշտ չի լինում, բայց ՄՅՈՒ-ն այժմ որոշակիորեն կարգավորել է իր խաղը, բացի այդ՝ ոչ-ոքի արդյունքը նույնպես ընդունելի տարբերակ է: Մանչեստերցիներին մի փոքր նյարդայնացնում է իրենց ՉԼ-ի արտագնա հանդիպումների վիճակագրությունը՝ վերջին անգամ նրանք հյուրընկալվելիս հաղթանակ են տարել 2012-ի նոյեմբերին: Հետաքրքիր է, որ երկու թիմերն էլ ազգային առաջնությունում վաստակել են 17 միավոր:

Էլ ավելի կարևոր է այս խմբի երկրորդ հանդիպումը: «Շախտյորը» իր առաջատարների վաճառքից հետո նույն հզորությունը չունի և լավ մեկնարկից հետո տապալեց Լևերկուզենում տեղի ունեցած հանդիպումը: Լուչեսկուն կադրային լուրջ խնդիրներ չունի, վնասվածքով միակ խաղացողը Վելինգտոմ Նեմն է, և նա խաղադաշտ դուրս կգա առաջին համարով խաղալու միտումով: «Բայերն» էլ խաղին ներկայանում է մի փոքր նյարդայնացած, քանի որ «Բունդեսլիգայի» վերջին տուրում Հյուպյայի ոչ խելամիտ ռոտացիայի պատճառով պարտվեց վերջին հորիզոնականում ընթացող Բրաունշվեյգի «Այնտրախտին»:

B Խումբ

«Յուվենտւուս» — «Ռեալ Մադրիդ»

«Կոպենհագեն» — «Գալաթասարայ»

Զիդանն ու Անչելոտտին վերադառնում են այնտեղ, որտեղ վերջին անգամ էին միմյանց հետ աշխատել: Նոստալգիան՝ նոստալգիայ, բայց Կոնտեն նրանց ոչ մի կերպ հանգիստ, ընկերական պայքար չի խոստանում: Հատկապես առաջին խաղում տեղի ունեցածից հետո: «Յուվենտուսը» արդեն երկրորդ տարին է՝ ՉԼ-ի խմբային փուլը սկսում է չափազանց անհաջող, և եթե անցյալ տարի նրանց համար «կյանքի և մահվան» խաղում հաջողվեց ջախջախել «Չելսիին», ապա այսօր նմանատիպ խաղ է սպասվում «Ռեալի» դեմ, որին ոչ այդքան մտահոգում է մրցաշարային գործոնը, որքան գրանդ ակումբին հաղթելու քաղցը: Զիջելով «Ատլետիկոյին» և «Բարսելոնային»՝ «սերուցքայինների» երկրպագուները մտահոգ են, որ նրանց թիմը ունակ է միայն «Էլչեներին» կամ «Ռայո Վալյեկանոներին» հաղթելու: Կոնտեի թիմը իր կարգով ունակ է պայքարել նույնիսկ ՉԼ-ի գավաթի համար, ինչը պետք է ապացուցի հենց այսօր: Իտալական լրատվամիջոցները պնդում են, որ Կոնտեն կրկին կսկսի «4-3-3-վ». Անչելոտտին՝ նույնպես, որտեղ գլխավոր խնդիրը կենտրոնական պաշտպանների զույգն ու հենակետայիններն են. առջևում, ամենայն հավանականությամբ, կտեսնենք թափ հավաքած Ռոնալդու-Բեյլ-Բենզեմա եռյակին:

Խմբի երկրորդ խաղում «Գալաթասարայը» կփորձի դառնալ առաջին թիմը, որը «Կոպենհագենին» հաղթել է ՉԼ-ի խմբային փուլում: Մանչինիի թիմում իր լավագույն մարզավիճակն է ձեռք բերել 35-ամյա Դիդյե Դրոգբան, ով վերջին 6 խաղից 5-ում դարձել է գոլի հեղինակ:

C Խումբ

ՊՍԺ — «Անդերլեխտ»

«Օլիմպիակոս» — «Բենֆիկա»

C խմբում իրավիճակը այդպես էլ չի փոխվում, այստեղ են «ՊՍԺ-ն և մնացած երեքը»: Բլանի թիմը սեփական հարկի տակ կընդունի խմբի հետնապահ «Անդերլեխտին», որտեղ ամենակարևոր հարցը երևի թե այն է, թե քանի գոլի հեղինակ կդառնա Զլատան Իբրահիմովիչը: Շվեդ հարձակվողը թեթև մկանային խնդիրների պատճառով բաց թողեց ներքին առաջնության վերջին խաղը, բայց այսօր ամբողջովին պատրաստ է շատերին հերթական  մտորելու առիթը տալ «Ոսկե գնդակի» քվեարկության ընթացքում:

Իսկ ահա «Օլիմպիակոս» — «Բենֆիկա» խաղում կարող է որոշակիորեն հստակեցնել երկրորդ տեղի հարցը: Այս պահին նրանք ցանկալի մրցակից են «փլեյ-օֆֆ» որակավորվող բոլոր թիերի համար, բայց ոչ Հունաստանում, ոչ էլ Պորտուգալիայում հեշտ չէ խաղալ: Իսկ այս երեկո հետաքրքիր կլինի հետևել Կարդոսո-Միտրոգլու հակամարտությանը:

D Խումբ

«Վիկտորիա» — «Բավարիա»

«Մանչեստեր Սիթի» — ԲԿՄԱ

Պեպ Գվարդիոլային սկսում է նյարդայնացնել յուրաքանչյուր խաղում առաջինը գնդակ ընդունելու ավանդույթը: Կատալոնացին կազմ է վերադարձնում Խավի Մարտինեսին, ինչի հետևանքով Ֆիլիպ Լամը կրկին վերադառնում է այնտեղ, որտեղ նա, հնարավոր է, լավագույնն է աշխարհում: Պեպին կարող է մտահոգել նաև Ռիբերիից կախվածությունը, սակայն կախված լինել այն խաղացողից, ով այս պահին, բուքմեյքերների կարծիքով, համարվում է «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդը, երևի թե նորմալ է. նա դրան պետք է սովորած լիներ մի փոքրամարմին արգենտինացու հետ աշխատելիս, ով, երևի թե, Պեպի կարիքը այս պահին ամենից շատը ունի:

«Սիթի» — ԲԿՄԱ խաղում հյուրերը, առանց վնասվածքներ ստացած Վասիլի Բերեզուցկիի և Ալա Ձագոևի, միևնույն է, կփորձեն ամեն կերպ չկորցնել երկրորդ տեղը գրավելու հույսերը: Ինչը անելը ամենևին հեշտ չի լինի, «Սիթին» լավ մարզավիճակ է ձեռք բերել, բացի այդ՝ Պելեգրինին սկսել է բնավորություն դրսևորել՝ պահեստայինների նստարանին ուղարկելով Ջո Հարտին:

Նախորդ հոդվածը‘Լիսկայի գործ. Տեղի է ունեցել սառնասրտորեն կատարված սպանություն (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դեսպան. Ռուսաստանի գերիշխող դիրքը դժվարացնում է ինտեգրացիոն գործընթացները’