‘Չեմպիոնների լիգա. 5-րդ տուրի ուշագրավ իրադարձությունները’

999

«Զենիթը» շարունակում է փայլել, «Բարսելոնան»` շատ գոլեր խփել, Կրիշտիանու Ռոնալդուն` ՉԼ-ում գերազանցել Լիոնել Մեսսիին: Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի վերաբերյալ առավել ուշագրավ փաստերը ներկայացված են ձեր ուշադրությանը:

  • 5 խաղում 5 հաղթանակ տոնելով` «Զենիթը» դարձավ այն 9 թիմերից մեկը, որը 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել: Ռուսաստանի չեմպիոնը կարող է դառնալ մրցաշարի պատմության մեջ 7-րդ թիմը, որը խմբային փուլում միայն հաղթանակներ է տոնել: Դրա համար անհրաժեշտ է վերջին տուրում հաղթել «Գենտին»:
  • «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի վերջնամասում փոխարինման դուրս գալով` «Յուվենտուսի» պաշտպան Պատրիս Էվրան մասնակցեց Չեմպիոնների լիգայում իր 100-րդ խաղին: Էվրան երկրորդ ֆրանսիացի ֆուտբոլիստն է, ով նման հաջողության է հասել. ՉԼ-ում 112 խաղի մասնակցել է լեգենդար Թյերի Անրին:
  • «Շախտյորի» հետ խաղում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ և շարունակում է գլխավորել մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցանկը` երկրորդ հորիզոնականում գտնվող Լիոնել Մեսսիին գերազանցելով 5 գոլով: Ռոնալդուի երկրորդ գոլը դարձավ «Ռեալի»` ՉԼ-ում 450-րդ գոլը: 
  • «Բարսելոնան» 6:1 հաշվով ջախջախեց «Ռոմային»: Կատալոնական թիմի` Չեմպիոնների լիգայում արդյունավետությունը կազմում է 1 խաղում միջինը 2 գնդակ: Ավելի լավ վիճակագրություն ունի միայն «Ռեալը»: «Բարսելոնայի»` 211 խաղում 425 գոլը հավասարվում է մեկ խաղում 2.014 գոլի, իսկ «Ռեալի» դեպքում այս ցուցանիշը կազմում է 2.074 գոլ:
  • «Մալմյո» — «Պարի Սեն Ժերմեն» խաղում Անխել դի Մարիայի առաջին գոլը դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության 7000-րդ գոլը:
  • «Բարսելոնան» 17-րդ անգամ դարձավ խմբի առաջատար: «Ռեալն» ու «Բավարիան» ևս առաջին հորիզոնականով են դուրս գալու 1/8 եզրափակիչ, սակայն մադրիդյան թիմը1 5-րդ անգամ դարձավ խմբի առաջատար, իսկ մյունխենյան թիմը` 14-րդ:
  • «Բարսելոնան» և «Բավարիան» Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ իրենց 9-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցին: Այս ցուցանիշով բացարձակ առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է. 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2008 թվականը սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմն Չեմպիոնների լիգայի շրջանակում «Օլդ Թրաֆֆորդում» 12 անընդմեջ հաղթանակ է տոնել:
  • «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «ՊՍՎ Էյնդհովենին»` 0:0: Սա «կարմիր սատանաների»` մրցաշարում սեփական հարկի 21-րդ ոչ-ոքին էր և 54-րդն էր առհասարակ: Չեմպիոնների լիգայում 54 անգամ ոչ-ոքի է խաղացել նաև «Միլանը», իսկ ոչ-ոքիների քանակով երրորդ հորիզոնականում «Բարսելոնան» է` 51:
  • 5-րդ տուրում թիմերն ընդհանուր 54 գոլ խփեցին` խաղային յուրաքանչյուր օրը 27 գոլ: 2013-14թթ. մրցաշրջանից հետո սա լավագույն ցուցանիշն է. այդ ժամանակ մեկնարկային տուրում արձանագրվել էր 59 գոլ, իսկ ռեկորդային ցուցանիշը գրանցվել է 2000-01թթ. մրցաշրջանի առաջին տուրում` 63 գոլ:

Նախորդ հոդվածը‘Մեսսին չորրորդ անգամ ստացել է «Goal 50» մրցանակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլիստների եւ մարզիչների 82 տոկոսը «Ոսկե գնդակը» տալիս են Մեսսիին’