‘Չեմ գնացել Հրապարակ` Րաֆֆիի կազմակերպած թամաշային մասնակցելու, և չեմ զղջում դրա համար’

3349

Վայ աման, էս ի՞նչ բերեց Րաֆֆին ժողովրդի գլխին: Ոչ մի բան էլ չբերեց: Եթե լավ չեք հիշում, նորից ընթերցեք Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը»:

Հենց էդ արեց: Մարդը համայն հայությանը բարևեց, պաչպչեց` հուսալով, որ բավարար թվով ձայն կհավաքի` Սերժիկ Սարգսյանից տեսակցություն մուրալու և տիկին Ռիտայի որպիսությունը հարցնելու բարեբախտությանն արժանանալու համար, բայց էս ժողովուրդը, որ մինչև կոկորդը զզված է էս իշխանությունից, անակնկալ մատուցեց` վերցրեց ու Րաֆֆիի և իշխանությունների սպասածից անհամեմատ ավելի ձայն տվեց նրան: Կոպիտ ասած`ժողովուրդը Րաֆֆիի և իշխանությունների խաղաքարտերը խառնեց: Հիմա երևի Րաֆֆին մտքում ասում է` քեզ զսպեիր, էլի, մի քիչ պակաս բարևեիր ու պաչպչեիր:

Ես այն մարդկանցից եմ, որ Րաֆֆիի, այսպես կոչված, ծոմապահությանը վերաբերվել եմ քմծիծաղով, չեմ գնացել նրա մոտ, չեմ ասել` ախ, Րաֆֆի ջան, մեռնեմ ազիզ արևիդ, հաց կեր, էլի, բա որ դու սոված մնաս, հացն իմ կոկորդով ո՞նց կգնա: Հակառակը` հոդված եմ գրել նրա այդ էժանագին շոուի դեմ և այսօր էլ չեմ զղջում դրա համար: Ես նաև այն մարդկանցից եմ, որ չեմ մասնակցել նրա հրավիրած ասուլիսին ու հանրահավաքին՝ չնայած հրապարակավ հայտարարել եմ, որ եթե նշաններ տեսնեմ, թե նա, իրոք, ուզում է պարտության մատնել ժողովրդի ընտրության իրավունքը խլած գողին, առանց երկմտանքի կմիանամ նրա պայքարին:

Ի՞նչ արեց Րաֆֆին: Նախ` ամեն ինչ արեց, որ Ազատության հրապարակում քիչ մարդ հավաքվի: Դրա նախանշանը նախապես հայտարարված հանրահավաքն ասուլիս հռչակելն էր: Եփած հավն անգամ հասկանում է, որ խայտառակ կեղծիքներով ընթացած ընտրությունների դեմ բողոքի իններորդ ալիք է լինում ընտրության հենց հաջորդ օրը: Րաֆֆին մեկ օր գլորեց, որ, կոպիտ ասած, ժողովրդի փուքսը նստի: Միջակայքերում իրար հակասող հայտարարություններ արեց` քար գլորելով այն «որոշ ուժերի» կողմը, որը, ուզենաք-չուզենաք, բարբաջեք-չբարբաջեք, զառանցեք-չզառանցեք, վերջին հինգ տարում Հայաստանում միակ իրական և կարող ընդդիմադիր ուժն է: Հանրահավաքի օ՞րն ինչ արեց: Հազար անգամ բերանում լմլմացրած նույն խոսքը տարբեր շարադասությամբ կրկնեց, հաջողությամբ մոռացավ 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հաղթանակն այդ նույն Սերժիկի նկատմամբ՝ հիանալի գիտակցելով, որ դրանով աղբահորն է նետում իր կեղծ բարեպաշտի կեցվածքը, թե ինքը մեծահոգի է, չգիտեմ` եսիմէլինչ է: Չէ, ինքը մեծահոգի է մարտի 1-ին ժողովրդին գնդակահարողների նկատմամբ, իսկ ահա իրեն բարև չտված Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ թունդ սկզբունքային է: Ինչու՞: Որովհետև նախագահականից իր ակնկալիքների պատասխան պատվերի մեխը հենց դա է: Հետո հայացքն աջուձախ ման  ածելով (որից միայն մի բան կարելի էր հասկանալ` նախագահականից դեռ ձեն-ձուն չկա՞)՝ անհամբերությունից եռացող հանրահավաքի մասնակիցներին «ավետեց», որ մինչև ժամը վեցը սպասեն: Նման անհեթեթություն միայն Րաֆֆին կարող էր անել: Հանրահավաք է, այ ազգընտիր պարոն, մարդիկ եկել են խոսք լսելու, ոգեշնչվելու, իրենց հետագա անելիքն իմանալու, խոսափողը հանձնիր նրանց, ովքեր բան ունեն ասելու ժողովրդին, տուր` թող ոգևորեն, դու ախր շատ բարի ու բարոյական մարդ ես, հետն էլ` սրբասուրբ ժողովրդավար: Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը նման բան աներ, ոհմակը կոռնար` տեսա՞ք, տեսա՞ք, միայն ինքն է, իրենից դենը մարդ չկա:

Հետո՞: Հետո խոստացավ, որ Հրապարակը չի լքելու, ու կեսգիշերին գնաց եղբորը ճանապարհելու, մի քիչ իր հայրենասեր գլուխը բարձին դնելու` մոռանալով, որ ինքն էն «փախչողի» պես չի, էէէէէ, որ ժողովրդին լքի-գնա: Այ քո հաջողությունից շշկռված պարոն, Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ հետ տասը գիշերն էլ Հրապարակում է անցկացրել, ու մենք էլ հատուկենտ չէինք ձեր՝ այս գիշեր Հրապարակում մնացածների նման` բոլոր օրերին հազար-հազարավորներ էինք, ու եթե «քո կողմից շատ հարգված» ռոբասերժի մարդասպան վարձկանները գիշերը չներխուժեին Հրապարակ, մնացած բոլոր տասնօրյակներն էլ էինք հազար-հազարավորներ լինելու, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ մեզ հետ էր թեյ խմելու: Մոռացկոտներին մի բան էլ հիշեցնեմ. Հրապարակը հոշոտված էր ու ամայացած, և այդ Հրապարակում մեն-մենակ մնացել էր Լևոն Տեր-Պետրոսյանը` ռոբասերժի ոհմակի «ընկերակցությամբ», և նրան այնտեղից հանեցին միայն բիրտ, անասնական ուժով: Մոռացկոտներին նորից հիշեցնեմ. Հրապարակն ազատագրելուց հետո էլ ենք տասն օր անցկացրել այնտեղ, և կրկին տասը գիշերն էլ Լևոն Տեր-Պետրոսյանը մեզ հետ էր թեյ խմում, իր եղբայրներին էլ ուրիշներն էին ճանապարհում: Եթե կարիք էր լինում:

Հիմա դառնանք Րաֆֆիի համակիրներին: Որտե՞ղ էիք անցած գիշեր, ինչու՞ էին հատուկենտ մարդիկ մնացել Հրապարակում: Փառք Աստծո, եղանակը մե~ղմ, 2008-ի նման դաժան ու ցուրտ ձմեռ չէր, դե մնայիք, ոչ թե գայիք Ֆեյսբուքում հայրենասիրության դասեր տայիք նրանց, ովքեր, պատկերացնու՞մ եք, չեն հավատում Րաֆֆիի «աստվածային» ազնվությանը և չեն գնում նրա հանրահավաքներին:

Չեմ գնացել ու չեմ զղջում: Երբեք չեմ հավատացել, որ Րաֆֆին ընդունակ է քաջության, վստահ եմ եղել, որ ժողովրդի վիզը ծուռ է թողնելու: Հիմա էլ եմ վստահ և խորապես ցավակցում եմ նրանց, ովքեր հավատում են, որ Րաֆֆին ուզում է` Սերժիկը հրաժարական տա պայքարի գնով: Իհարկե, դեմ չի լինի, որ ինքը տանը նստի ու թեյ խմի կամ Հրապարակը չափչփելով` բարևի ու պաչպչի, և էդ ճամփին Սերժիկը ռաստ գա ու ասի` այ Րաֆֆի, էս ու՞ր ես, մեռա ման գալով քեզ, որ իշխանությունը հանձնեմ, ա՛ռ, վայելի՛ր: Այս դեպքում չի հրաժարվի, չէ: Ավելին Րաֆֆիից չեմ սպասում, և ով սպասում է` սիրտս մղկտում է նրանց համար:

Ի դեպ. նույնիսկ այսօրվա Սերժիկ-Րաֆֆի հոգեպարար թամաշայից հետո ասում եմ` երանի սխալվեմ:

Լիզա Ճաղարյան  

Նախորդ հոդվածը‘Անահիտ Բախշյան. «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք Րաֆֆին ‘
Հաջորդ հոդվածը‘«Շալկեն» Դիդյե Դրոգբայի հարցով հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ’