‘Չեչնիայի նախագահը եւ Բրիժիտ Բարդոն պաշտպանում են Ժերար Դըպարդյեին ‘

760

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պատրաստ է ընդունել Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարված հայտնի դերասան Ժերար Դըպարդյեին:

«Դըպարդյեն հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից: Դրա համար նա իր պատճառներն ունի: Ես մտադիր չեմ քննարկել այդ քայլը, բայց կարող եմ միանշանակորեն հայտարարել, որ մենք պատրաստ ենք մեզ մոտ ընդունել մեխ դերասանին», — ըստ BBC-ի, չորեքշաբթի լրագրողներին ասել է Կադիրովը:

Նշենք, որ օրերս Ժերար Դըպարդյեն հայտարարել է, որ Ֆրանսիայում ներմուծված ծանր հարկերի պատճառով մտադիր է տեղափոխվել Բելգիա կամ Մոնտենեգրո, կամ Ռուսաստան: Նրա այդ քայլը հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել Ֆրանսիայում: Մինչդեռ, ըստ Interfax-ի, հայտնի ֆրանսիացի դերասանուհի Բրիժիտ Բարդոն այսօր հանդես է եկել Դըպարդյեի պաշտպանությամբ:

«Ես աջակցում եմ անարդարացի մեղադրանքների զոհ դարձած Դըպարդյեին, ասել է դերասանուհին: — Թեեւ Ժերարը սիրում է ցլամարտը (Բրիժիտ Բարդոն կենդանիների պաշտպանության առաջամարտիկ է-խմբ.) դա նրան չի խանգարում հրաշալի դերասան լինել, որը ներկայացնում է Ֆրանսիան իր բացառիկ հանրաճանաչությամբ եւ փառքով»:

 

Նախորդ հոդվածը‘Թոխմախի Մհերը Հայաստանը տանում է դեպի «ապահով Հայաստան»’
Հաջորդ հոդվածը‘Հալեպում տղամարդը քաղաքական հայացքների համար գնդակահարել է կնոջը ‘