‘Չեչնիան առաջարկում է օրինականացնել գրոհայինների ընտանիքներին պատժի ենթարկելը’

895

Չեչնիայի հանրապետության խորհրդարանականները պետդումա են ներկայացրել մի օրինագիծ, որը քրեական պատիժ է սահմանում ահաբեկչության մեջ մեղադրվող գրոհայինների հարազատների նկատմամբ:

Օրինագծի հեղինակների մտահղացմամբ՝ պատասխանատվության չափը կախված կլինի «հասարակական անվտանգության դեմ հանցանք գործած անձի ծնողների և ազգականների տեղեկացվածության աստիճանից»:

Ինչպես պարզաբանել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Դուկուվախա Աբդուռախմանովը, քրեական պատասխանատվության ենթակա կլինեն ահաբեկչություն կատարած անձի ծնողները կամ չափահաս ազգականները, «եթե ապացուցվի համագործակցելու փաստը»: Թե ինչպիսի համագործակցության մասին է խոսքը՝ չի պարզաբանվում:

Ռուսաստանի քրեական օրենսգրքում արդեն օրենք կա՝ «ահաբեկչական գործունեությանը նպաստելու» վերաբերյալ, սակայն չեչեն օրենսդիրներին դա բավարար չի թվում. նրանց առաջարկը, ընդհանուր առմամբ, համահունչ է հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի՝ վերջերս արված հայտարարությանը, թե անհրաժեշտ է պատասխանատվություն սահմանել գրոհայինների ընտանիքների համար:

ՌԴ պետդումայում կասկածներ են հնչում օրենսդրության մակարդակով «կոլեկտիվ պատասխանատվություն» սահմանելու վերաբերյալ, իսկ իրավապաշտպանները չեչեն պատգամավորների նախաձեռնությունը որակում են որպես վերադարձ դեպի միջնադար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օբաման հաստատել է՝ ԱՄՆ-ում չեն համարում, թե Պաղեստինն ինքնիշխան պետություն է’
Հաջորդ հոդվածը‘ Sportbox.ru. Յուրա Մովսիսյանի գոլային փոխանցումը ճանաչվել է լավագույնը (տեսանյութ)’