‘«Չեք անցկացնի»-ն ստեղծում է Ժողովրդավարության Ազգային պլատֆորմ’

1509

Մենք՝ «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության թիմը և մեր համախոհները,

մտահոգված լինելով Հայաստանում ժողովրդավարության սահմանափակումների և մարդու իրավունքների ոտնահարման համակարգված խնդիրներով,

ընտրությունների և հանրաքվեների  կեղծման մշտական պրակտիկան համարելով երկրի զարգացմանն ուղղված լրջագույն մարտահրավեր,

Հայաստանում ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքերի պաշտպանության և ազատ ու օրինական ընտրությունների անցկացման կարևոր նախապայմանը դիտարկելով քաղաքացիական արժեքների լայն տարածումը և քաղաքացիական հասարակության զարգացումը,

 

կարևորելով մեր ջանքերի համադրումը սպասվող ընտրական շրջանում ընտրությունների վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ստեղծման գործում,

հռչակում ենք Ժողովրդավարության Ազգային պլատֆորմի  ստեղծումը:

Պլատֆորմի առաջիկա գործունեության հիմնական ուղղություններն են՝

  1. Ներգրավվել Ընտրական օրենսգրքի մշակումներին՝ հանդես գալով ընտրակեղծարարության մեխանիզմների սահմանափակմանն ուղղված սկզբունքային առաջարկներով,
  2. Ապահովել հանրային լայն ներգրավածություն փաստաթղթի մշակման աշխատանքներին,
  3. Քաղաքացիներին իրազեկել ընտրակեղծարարության դեմ պայքարի հնարավոր մեթոդների մասին՝ նախապատրաստելով առաջիկա ընտրություններին:

Պլատֆորմն ընտրում է  ոչ բռնի պայքարի, հրապարակայնության, համագործակցության, ակտիվ դիմադրության, կամավորության, ընդհանրություններն առաջ մղելու, իսկ տարակարծությունները՝ մի կողմ թողնելու սկզբունքներն ու պայքարի մեթոդները:

Նախորդ հոդվածը‘Դժվարանցանելի ճանապարհներ կան’
Հաջորդ հոդվածը‘Դամասկոսում ահաբեկչական գործողությունների արդյունքում զոհերի թիվը հասել է 76-ի’