‘«Չեք անցկացնի». Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են մեկ անձի հավերժական իշխանություն ‘

1541

Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը կանգնած է մեծ վտանգի առաջ: Սերժ Սարգսյանը, քաղաքական հակառակորդների նկատմամբ ահաբեկչական մեթոդներ կիրառելով հաշվեհարդար տեսնելուց հետո, վերստին ձեռնամուխ է եղել Սահմանադրության՝ մի քանի անգամ հարկադրաբար հետաձգված, վտանգավոր և հակապետական փոփոխության իրականացմանը:

Ինչպես նշվում է «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ, նախաձեռնությունը վերահաստատում է իր մտահոգությունն առ այն, որ սահմանադրական փոփոխությունների իրականացման միակ նպատակը Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրությունն է, որը որևէ աղերս չունի իշխանական քարոզչամեքենայի կողմից ներկայացվող պետականության հիմնադրույթների՝ կառավարման համակարգերի կամ մարդու իրավունքների ընդլայնման հիմնահարցերի հետ։

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը մտահոգություն է հայտնում, որ Սերժ Սարգսյանի հավանությանն արժանացած հայեցակարգով, նախատեսում են ոչ թե խորհրդարանական կառավարման համակարգ, այլ մեկ անձի հավերժական իշխանության հաստատում երկրում, որի հետևանքով Հայաստանը որդեգրելու է հյուսիսկորեական կառավարման մոդելը:

Նախաձեռնությունը վերահաստատում է նաև այն մտահոգությունը, որ սահմանադրական փոփոխությունների «հաջողության» դեպքում հանրությունը կանգնելու է տոտալ բռնաճնշումների, ներկա Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով երաշխավորվող մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների համատարած սահմանափակումների, եղած ժողովրդավարական ձեռքբերումները կորցնելու իրական վտանգի առաջ:

«Չեք անցկացնի»-ն ակնկալում է քաղաքական և քաղաքացիական դաշտում գործող բոլոր սուբյեկտների հստակ և աներկբա դիրքորոշումը՝ իրականացվող սահմանադրական փոփոխությունների գործընթացի նկատմամբ, ինչպես նաև կոչ է անում համատեղ ու գործուն քայլեր ձեռնարկել սահմանադրական փոփոխությունների վտանգավոր նախաձեռնության չեզոքացմանն ուղղված։

«Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը պատրաստ է իշխանության վերահսկողությունից դուրս գործող բոլոր հանրային-քաղաքական միավորների հետ ձևավորել համագործակցության միասնական ալյանս և անել հնարավոր ամեն բան կանխելու այս արկածախնդիր և կործանարար նախաձեռնության կյանքի կոչումը:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Պաշտոնատար անձը բռնություն է կիրառել իր ենթակայի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Հարազատներն ու ընկերները հրաժեշտ տվեցին Բաթումում հանկարծամահ եղած լրագրող Արթուր Երնջակյանին’