‘ Չժան Իմոուին տուգանել են բազմազավակության համար’

1043

Չինացի ռեժիսոր Չժան Իմոուն տուգանվել է 7,48 միլիոն յուանով (1,2 մլն դոլար)՝ մեկ ընտանիքում երեխաների թվի սահմանափակման օրենքը խախտելու համար: Այդ մասին այսօր հաղորդել է «Սինխուա» լրատվական գործակալությունը: Գումարը հաշվարկվել է ըստ երեխաների ծնված տարիներին ռեժիսորի և նրա կնոջ եկամուտների: Պաշտոնյաների տվյալներով՝ նրանք այդ ընթացքում վաստակել են մոտավորապես 600 հազար դոլար:

Չժան Իմոուն 2013 թ. դեկտեմբերին խոստովանել էր, որ խախտել է «մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականաությունը: Նրա ասելով՝ իրենք ունեն երկու որդի և մեկ դուստր: Ռեժիսորն այն ժամանակ ներողություն էր խնդրել և խոստացել վճարել տուգանքը:

Չժան Իմոուն Արևմուտքում ամենահայտնի չինացի ռեժիսորներից է: Նրա աշխատանքները բազմիցս ներկայացվել են «Օսկարի», ինչպես նաև պարգևների են արժանացել Բեռլինի, Վենետիկի և այլ կինոփառատոներում: Նրա աշխատանքներից են՝ «Բարձրացրու կարմիր լապտերը», «Հերոսը», «Ճանապարհ դեպի տուն», «Թռչող դաշույնների տունը» ֆիլմերը:

«Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որ Չինաստանում գործում է 1970-ական թթ., հաճախ է քննադատության ենթարկվում օրենքի առջև հարուստ և աղքատ քաղաքացիների անհավասարության պատճառով: Ապահովված չինացիները մեղադրվում են այն բանի համար, որ կարողանում են, զգալի տուգանքներ վճարելով, ավելի շատ երեխաներ ունենալու իրավունք ձեռք բերել, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2013-ի հունվար-նոյեմբերին կրճատվել է 4.3 %-ով ‘
Հաջորդ հոդվածը‘Ամանորյա կոկորդիլոսը` ֆրանսիական մամուլի ուշադրության կենտրոնում’