‘Չինական մշակույթը ներկայացվեց Գյումրիում ‘

1456

Հայաստանում հոկտեմբերի 26-31-ը անցկացվող Չինաստանի մշակույթի օրերի շրջանակում հոկտեմբերի 28-ին Գյումրիում էր չինական Ջուհայ քաղաքը ներկայացնող «Հանսեն» համույթը: Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում գյումրեցի հանդիսատեսին ընձեռված էր հրաշալի հնարավորություն ծանոթանալու չինական մշակույթի մասը կազմող ազգային պարերին: Խմբի ներկայացրած պարային ելույթները ընդմիջվում էին նաեւ ակրոբատիկ եւ աճպարարական համարներով:

Ներկայացվեցին նաեւ չինական ազգային նվագարանները: «Արմենպրես»-ի թղթակցի հետ  զրույցում խմբի ղեկավար Ու Շաուլին նշեց, որ 18 տարվա պատմություն ունեցող համույթում ընդգրված բոլոր պարողները` 15 աղջիկ եւ  10 տղա, պրոֆեսիոնալ են եւ ներկայացնում են Չինաստանի հայտնի պարային դպրոցները: «Թեեւ սա մեր խմբի առաջին այցն է Հայաստան, բայց տպավորությունները շատ լավն են:  Հայկական ընդունելությունը, մարդիկ, եղանակը, այստեղ ամենի ինչ տպավորիչ է: Մենք կվերադառնանք մեր հայրենիք հայկական լեռների գեղեցկությունը եւ հայի հյուրընկալությունն ու բարությունը մեր հոգիներում: Կկարոտենք այս փոքրիկ երկիրը: Մենք կգնանք, բայց անհամբեր կսպասենք նոր հնարավորության` Հայաստան գալու համար», — նշեց Շաուլին:

Համույթը հոկտեմբերի 30-ին ելույթ կունենա նաեւ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնում: 

Նախորդ հոդվածը‘Տաթևի ճոպանուղում մնացած 41 քաղաքացիները տարհանվել են’
Հաջորդ հոդվածը‘Ավազակային հարձակում Երևան-Երասխ ճանապարհին’