‘Չինաստանի իշխանություններն ուժեղացնում են համալսարանների վերահսկողությունը’

993

Չինաստանի կրթության նախարարը հայտարարել է, որ երկրի համալսարանները պետք է խուսափեն այն դասագրքերից, որոնք «արևմտյան արժեքներ» են քարոզում:

Յուան Հույժենը հայտարարել է, թե համալսարանները պետք է քաղաքական միասնականություն պահպանեն և ձեռնպահ մնան Չինաստանի առաջնորդների կամ քաղաքական համակարգի քննադատությունից: Կրթության վերաբերյալ համաժողովում նախարարի այս խոսքը մեջբերում է «Սինխուա» գործակալությունը:

Վերջերս Չինաստանում ճնշումը կրթական համակարգի վրա մեծացել է: Անցյալ տարվա դեկտեմբերին իրավունքի պրոֆեսոր Չժան Կսուհոնգը հեռացվել էր Շանհայի Իրավունքի և քաղաքականություան արևելաչինական համալսարանից, քանի որ հրաժարվել էր ներողություն խնդրել կառավարությանը քննադատող իր հոդվածի համար: Դրանից առաջ փաստաբան Սյա Յելյանգին հեռացրել էին Պեկինի համալսարանից, որովհետև նրա ստորագրությունը եղել էր մի փաստաթղթի տակ, որում կոչ էր արվում ժողովրդավարական բարեփոխումներ սկսել երկրում: Իսկ մեկ այլ պրոֆեսոր՝ Իլհամ Թոհթին, որ կոչ էր անում երկխոսություն հաստատել Պեկինի և Սինցզյանի ույգուր փոքրամասնության միջև, դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ անջատականության մեղադրանքով: Ազատազրկվեցին նաև նրա ուսանողներից մի քանիսը:

Անցյալ տարեվերջին ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը կոչ էր արել խստացնել գաղափարական վերահսկողությունը համալսարաններում, ուժեղացնել կուսակցության «առաջնորդությունը և ղեկավարությունը» և «բարելավել գաղափարակուսակցական աշխատանքները»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բրիտանացին գրադարանի գիրքը վերադարձրել է 65 տարի անց’
Հաջորդ հոդվածը‘Սպանություն Երևանում. Կասկածյալները դեպքի վայրից բերման են ենթարկվել’