‘Չինացիները հիասթափվել են ԱՄՆ-ի հետ բարեկամությունից’

899

Վերջին երկու տարիներին Չինաստանի բնակիչներն սկսել են ավելի սառը վերաբերվել իրենց երկրի և Միացյալ Նահանգների փոխհարաբերություններին: Ինչպես վկայում են Pew Research Center կազմակերպության անցկացրած սոցհարցման արդյունքները՝ հարցվածների ընդամենը 39 տոկոսն է այն կարծիքի, թե երկու պետությունները տրամադրված են համագործակցելու, իսկ 26 տոկոսը երկկողմ հարաբերությունները գնահատել են որպես թշնամական: Համեմատության համար՝ 2010 թ. այդ ցուցանիշները եղել են 68 և 8 տոկոս՝ համապատասխանաբար: Ընդ որում՝ ԱՄՆ-ի վերաբերյալ դրական գնահատականներ  տվել են հիմնականում առավել ապահովված, երիտասարդ և կրթություն ստացած, ինչպես նաև քաղաքաբնակ չինացիները: Pew Research Center-ի հարցումն անցկացվել է ՉԺՀ-ում և ԱՄՆ-ում սպասվող կարևոր քաղաքական իրադարձություններից առաջ. Չինաստանը պատրաստվում է քաղաքական ղեկավարության փոփոխությանը, որն ըստ պլանի՝ տեղի է ունենալու 2013 թ., իսկ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 6-ին, ընդ որում՝ երկու հիմնական թեկնածուներն էլ իրենց ելույթներում բավական տեղ են հատկացրել չինական թեմային: Ըստ այդմ՝ հանրապետական Միթ Ռոմնին Պեկինին մեղադրել է  արտարժութային մանիպուլյացիաների մեջ, որոնք խոչընդոտում են ԱՄՆ տնտեսական զարգացմանը, և մեղադրել է Սպիտակ տանը՝ Պեկինի նկատմամբ չափազանց մեղմ քաղաքականություն վարելու համար: Մինչդեռ գործող նախագահ, դեմոկրատ Բարաք Օբաման պնդել է, որ իր վարչակազմը «աննախադեպ» ճնշումներ է գործադրում Չինաստանի վրա՝ պաշտպանելով իր երկրի տնտեսական շահերը:

Նախորդ հոդվածը‘Հունաստանի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ արտգործնախարարին ‘
Հաջորդ հոդվածը‘Yandex-ի առաջին տասը աշխատակիցները դարձել են միլիոնատերեր’