‘Չինովնիկների մեղքով մայրն ու անչափահաս երեխաները 7 օր մեկուսացվել են Չելյաբինսկում’

1104

Shamshyan.com-ը հաղորդում է, որ իրենց է դիմել 30-ամյա Երանուհի Նավասարդյանը և պատմել, թե ինչպես է Չելյաբինսկում պատանդի կարգավիճակով իր երկու անչափահաս երեխաների հետ մնացել մեկուսացված վիճակում.

«Ամուսինս՝ 36-ամյա Արմանը, արտագնա աշխատանքի պատճառով գտնվում է Ռուսաստանում: Սեպտեմբերի 6-ին երկու երեխաներիս՝ 5-ամյա Լևոնիս և 7-ամյա աղջկաս, վերցրել և մեկնել եմ ամուսնուս մոտ»:

Մինչ այդ ոստիկանության Էրեբունու բաժնի անձնագրային ծառայությունից վճարումներ կատարելով երեխաների համար ստացել է օրինական անձնագիր, ինչից հետո նշված անձնագրերով ինքնաթիռի տոմսեր է գնել: Անձնագրերը ստացել է 29.07.2013-ին, Զվարթնոց օդանավակայանի անցակետում նայել են 5-ամյա Լևոնի անձնագիրը, որի 8-րդ և 25-րդ էջերը խոտանված են եղել և Զվարթնոց օդանավակայանի տվյալ ծառայության աշխատակիցները հարցը շտկելու փոխարեն, հայտնել են, թե «ոչ մի խնդիր չկա, տպագրական խոտան է, այդ անձնագրով երեխային կարող ես տանել» և մայրը՝ երկու երեխաների հետ մեկնել է Չելյաբինսկ, որտեղ էլ սկսվել է իսկական քաոսը:

Մայրը պատմում էր, որ «Չելյաբինսկի օդանավակայանում տեսնելով երեխայի անձնագիրը` մեզ պահեցին ու արգելեցին օդանավակայանից դուրս գալ, պատճառաբանելով, թե հնարավոր է անձնագիրը կեղծ է: Ինչի համար էլ պետք է հետ վերադառնաք Հայաստան»:

7 օր անօգնական վիճակում գտնվելուց հետո, Երանուհին 7-ամյա աղջկան թողնում է Չելյաբինսկում ծանոթ դայակի մոտ և ինքը 5-ամյա Լևոնի հետ վերադառնում է Հայաստան:

Երանուհուն և նրա ծնողներին ավելի շատ զայրացրել է այն փաստը, որ երբ խոտանված անձնագրով ներկայացել են անձնագրային և վիզաների վարչություն, վարչության պետ Նորայր Մուրադխանյանը և մի քանի աշխատակիցներ հայտնել են, թե «անձնագիրը, որ ստանում էիր բարի լինեիր բացեիր, էջերը նայեիր»: Իսկ նոր անձնագիր ստանալու համար պահանջել են, որպեսզի Երանուհին վճարի 25 հազար դրամ:

Նրանք պնդում էին, թե ինչու պետք է պետական մարմնի թույլ տված սխալի համար իրենք լրացուցիչ վճարում կատարեն, եթե այդ ամենը տեղի է ունեցել Էրեբունու անձնագրային ծառայության և Զվարթնոց օդանավակայանի աշխատակիցների մեղքով, ովքեր վստահեցրել էին , թե «ոչ մի խնդիր էլ չկա, այդ անձնագրով ցանկացած երկիր կարող ես երեխային տանել»: «Հիմա ով է փոխհատուցելու նյութական ու բարոյական վնասը, քանի որ հենց էնպես ամուսինս չի գնացել խոպան, ու մենք էլ պարտք էինք արել, որպեսզի բարեհաջող հասնեինք Չելյաբինսկ, իսկ ավելի ցավալին այն էր, որ Չելյաբինսկում ծիծաղում էին մեր օվիրի ու Զվարթնոցի աշխատակիցների վրա` ասելով, թե էդպիսի բան ոչ մի քաղաքակիրթ երկրում տեղի չէր ունենա»: 

Նախորդ հոդվածը‘ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը միշտ հավանություն են տվել կառավարության նախագծերին ‘
Հաջորդ հոդվածը‘Արգենտինայի ԱԺ-ում կազմավորվել է հայ խորհրդարանականների հետ բարեկամական խումբը ‘