‘«ՉԻ». Սուտը որպես իշխանությունների միակ գործիք ‘

1216

Իշխանությունները ակնհայտորեն սևեռվել են այս տարվա մայիսին կայացած ԱԺ ընտրությունների վրա: Այդ ընտրությունների հետ կապված նրանք չեն դադարում պարբերաբար սուտ տեղեկություններ հնչեցնել, ընդ որում, ուշագրավն այն է, որ այդ սուտ տեղեկությունները նրանք հնչեցնում են հիմնականում Հայաստանից դուրս իրենց ունեցած ելույթների ժամանակ: ԱԺ ընտրությունների կապված նման բացահայտ ստեր արտերկրում արդեն հնչեցրել են Սերժ Սարգսյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Վերջինս, ի դեպ, իր այդ սուտը հնչեցրել է երեկ՝ Դուբլինում ընթացող ԵԱՀԿ նախարարական խորհրդի 19-րդ հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում: Մասնավորապես, խոսելով այս տարվա մայիսին կայացած ԱԺ ընտրությունների մասին, Նալբանդյանն ասել է. «2012թ. մայիսի Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատվել են ԵԱՀԿ/ԺՄԻԳի կողմից որպես ԵԱՀԿում ստանձնած պարտավորություններին և ժողովրդավարական ընտրությունների այլ միջազգային չափանիշներին համապատասխանող»: Իրականում, սակայն, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում՝ մայիսին կայացած ԱԺ ընտրությունների վերաբերյալ որևէ նման ձևակերպում չկա: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցում տրված գնահատականն այսպիսին էր. «Ընտրությունները, որոնք անցկացվեցին բարեփոխված իրավական դաշտի ներքո, բնորոշվեցին մրցակցային, ակտիվ և հիմնականում խաղաղ նախընտրական քարոզչությամբ, ինչը, սակայն, ընդգծվեց գործընթացների  ամբողջականության նկատմամբ վստահության ցածր մակարդակով: Ընտրություններին մասնակիցների կողմից նախընտրական քարոզչության դրույթների որոշ խախտումներ, այդ թվում, վարչական միջոցների օգտագործումը և ընտրողների ընտրության ազատությունը սահմանափակելու փորձերը, ստեղծել էին անհավասար մրցակցային դաշտ և հակասում էին ԵԱՀԿ պարտավորություններին»:

Նույն կեղծ տեղեկատվությունը մինչ այդ հնչեցրել էր Սերժ Սարգսյանը՝ այս տարվա հոկտեմբերին՝ Բուխարեստում (Ռումինիա) Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում ունեցած իր ելույթի ժամանակ: «Մեր երկիրը պատրաստվում է հերթական նախագահական ընտրությունների: Գարնանը Հայաստանում կայացածխորհրդարանական ընտրությունները միջազգայինդիտորդների կողմից որակվեցին որպես լավագույննանկախության հռչակումից ի վեր»,- հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Դրանից առաջ էլ՝ հունիս ամսին Բելգիա մեկնած Տիգրան Սարգսյանը, ով  ելույթ էր ունեցել Եվրոպական քաղաքականության հետազոտությունների (CEPS) կենտրոնում, նորից կեղծված էր ներկայացրել ԱԺ ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականները: «Մայիսի 6-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններն իրական առաջընթաց են գրանցել մեր երկրում ժողովրդավարության զարգացման գործում: Եվրոպացի դիտորդների դիտարկումների համաձայն` այս ընտրություններն անկախության հռչակումից ի վեր 20 տարիների ընթացքում Հայաստանում անցկացված լավագույն ընտրություններն էին»,- հայտարարել էր Սարգսյանը:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, Հայաստանի իշխանությունների համար խնդիրը ոչ թե ընտրություններն ազատ ու արդար անցկացնելն է, և նույնիսկ ոչ այնքան՝ դրանց տրված միջազգային գնահատականները, այլ այն, որ դրսում հայտարարեն, թե միջազգային դիտորները մեր ընտրություններին սուպեր գնահատականներ են տվել: Անգամ, եթե իրականում նման գնահատականներ չեն հնչել: Ամենազավեշտալին թերևս, Էդվարդ Նալբանդյանի պահվածքն է. նա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականների մասին ստել է հենց ԵԱՀԿ-ին:

Քրիստինե Խանումյան

«ՉԻ» 

Նախորդ հոդվածը‘8 հանդիպումներ, որոնք չարժե բաց թողնել’
Հաջորդ հոդվածը‘«Փուչիկների գործով» դատապարտված Սերոբ Բոզոյանին երեկ վիրահատել են’