ՉԼ․ «Ինտերը» հաղթեց «Պորտուին», «Մանչեսթեր Սիթին» բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)

160

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումներն անցկացրին Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու գերմանական «ՌԲ Լայպցիգը», Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ու պորտուգալական «Պորտուն»։

Միլանում իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

«Ինտերի» մեկնարկային կազմում հանդիպմանը մասնակցեց նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 72-րդ րոպեին։

78-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց «Պորտուի» պորտուգալացի կիսապաշտպան Օտավիոն։

«Ինտերը» թվային առավելությունը գոլի վերածեց 86-րդ րոպեին։ Աչքի ընկավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Գերմանիայում «ՌԲ Լայպցիգի» հետ դիմակայությունում բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

27-րդ րոպեին «ՌԲ Լայպցիգի» դարպասը գրավեց մանչեսթերյան թիմի ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը։

70-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «ՌԲ Լայպցիգի» խորվաթ պաշտպան Յոշկո Գվարդիոլը։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն մարտի 14-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ինտեր» (Իտալիա) — «Պորտու» (Պորտուգալիա)՝ 1:0 (տեսանյութ)

Ռոմելու Լուկակու, 86

Հեռացում՝ Օտավիո («Պորտու»), 78, երկրորդ դեղին քարտ

«ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1:1 (տեսանյութ)

Յոշկո Գվարդիոլ, 70 — Ռիյադ Մահրեզ, 27

Նախորդ հոդվածըԱրդարադատության միջազգային դատարանը մերժել է Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջը
Հաջորդ հոդվածըՉավին 20 ֆուտբոլիստի է հայտավորել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ պատասխան խաղին