‘Չնայած բնապահպանների բողոքներին` «Մեգո Գոլդը» «հավանություն» է ստացել Թուխմանուկի նոր պոչամբարի կառուցման համար’

1698

Չնայած բնապահպանների բողոքներին` «Մեգո Գոլդ» ընկերությունը «հավանություն» է ստացել Թուխմանուկի երրորդ պոչամբարի  կառուցման համար:

Ինչպես սեպտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում պատմել է բնապահպան Գրետա Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 30-ին շրջակա միջավայրի վրա ներգործության դրական գնահատական է տվել նախագծին: Մինչդեռ բնապահպանները 1,5 ամսում չէին կարողանում պաշտոնական տեղեկատվություն ստանալ այն մասին, թե արդյոք նախագիծն արժանացել է «հավանության»: Արդյունքում` դրական գնահատականի մասին բնապահպաններին հայտնi է դարձել միայն օգոստոսի 23-ին` Global Gold Mining-ի կայքում զետեղված տեղեկատվության շնորհիվ:

«Մենք գործ ունենք եզակի երևույթի հետ, երբ այդ նախագիծը դրական գնահատական է ստանում, չնայած Մելիք գյուղական համայնքի բողոքին, որի մերձակայքում կառուցվելու է պոչամբարը», — նշել է իրավաբան Արթուր Գրիգորյանը: Նրա ասելով, գյուղացիներն արդեն նամակ են հղել բնապահպանության նախարարին` առաջարկելով մեկնել Մելիք և տեղում ծանոթանալ իրավիճակին: Մասնավորապես, գյուղի  բնակիչները դժգոհում են այն առնչությամբ, որ Թուխմանուկի երկու հին պոչամբարները չեն վերամշակվել, ինչը բնահողի աղտոտման վտանգ է կրում:

Անցած տարի բնապահպանները Գլխավոր դատախազությանը կոչ էին արել պարզել Թուխմանուկի հանքավայրի մշակման լիցենզիային առնչվող իրավիճակը: 2005 թվականի ընդերքօգտագործման թույլտվության համաձայն, հանքավայրը 2 տարի պետք է մշակվեր բաց եղանակով, ինչից հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր ներկայացնել նոր նախագիծ և անցնել Թուխմանուկի փակ մշակման: Չնայած այդ պահանջին` «Մեգո Գոլդ» ընկերությունը (Global Gold Mining դուստր), բնապահպանների կարծիքով, կասկաածելի եղանակներով երկարաձգել է բաց մշակման լիցենզիան:

Նախորդ հոդվածը‘Ֆիննախը կուսումնասիրի երիտասարդ դասախոսների բարձրացրած խնդիրը’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի Պապն ընդդեմ Խավիեր Ձանետիի ‘