‘Չնայած ԵՄ պնդումներին՝ Նալբանյանը չի բացառում Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը’

781

Ազգային ժողովում ավարտվել է Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դռնփակ նիստը, որի ընթացքում պատգամավորները պարզաբանումներ էին ստանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանից Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ։ eMedia.am-ի փոխանցմամբ՝ նիստի ավարտին Նալբանդյանը լրագրողների հետ կարճատև զրույցում հայտարարել է, որ միևնույն է, հնարավոր է համարում Վիլնյուսում Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը։

Նա ընդգծել է, որ հանդիպել է Լիտվայի արտգործնախարարի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ և ներկայացրել ստորագրման վերաբերյալ ՀՀ ցանկությունը. «Այն է՝ հնարավոր բոլոր ձևաչափերով և հնարքներով և հնարավորինս սերտ և խորը համագործակցություն ունենալ Եվրամիության հետ և շարունակել առաջ տանել մեր հարաբերությունները այն դրականով, որը արձանագրվել է վերջին շրջանում Հայաստանի և Եվրամիության միջև: Բոլոր հնարավոր ուղղություններով շարունակել, որը հնարավոր կլինի Եվրամիության կողմից, և որը չի հակասի Հայաստանի որոշմանը՝ անդամակցել Մաքսային միությանը»։

Նախարարի խոսքերով՝ Լիտվայի արտգործնախարարն ասել է, որ պետք է համատեղ շարունակել համագործակցությունը՝ հիմնվելով երկու կողմերի մոտ առկա ձեռքբերումների վրա։ 
Ինչ վերաբերում է նրան, որ պատգամավորները նիստից հետո դժգոհ էին, որ պատասաններ այդպես էլ չստացան, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է.

«Դե գիտեք ինչ, եթե որևէ մեկը ցանկանում է միայն իր հարցը հնչեցնել և չլսել պատասխանը, ուրեմն կարծում է, որ պատասխան չկա: Պատասխանները բոլոր այն հարցերին, որոնք հնչել են, ես տվել եմ, եթե որևէ մեկը ըմբռնում է, որ ինքը այլ կարծիքի է, և բավարար չէ այդ պատասխանը, դա արդեն անձնական կարծիք է»։ Նալբանդյանն այդպես էլ չի պատասխանել հարցին, թե ինչու  Մաքսային միությանը միանալուց առաջ քաղաքական ուժերի հետ որևէ քննարում չի եղել։

Հիշեցնենք, սակայն, որ երեկ ուշ երեկոյան Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը Թվիթերի իր միկրոբլոգում գրել էր, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն այլևս դուրս է գալիս օրակարգից:

 

Նախորդ հոդվածը‘Վերաքննիչ դատարանում մեկնարկում է ՀԱԿ ակտիվիստների գործով հերթական նիստը’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան-Դանիա. Հենրիխ Մխիթարյանը՝ թիմի ավագ (խաղից առաջ)’