‘Չնայած խոչընդոտների, Հայաստանում Carrefour հիպերմարկետներ կբացվեն առաջիկա 12 ամիսների ընթացքում’

950

Carrefour առևտրային ցանցը մտադիր է հայկական շուկա դուրս գալ առաջիկա 12 ամիսների ընթացքում: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը հաղորդել են այդ ընկերության մամուլի ծառայությունում՝ նշելով, որ Carrefour ապրանքանշանի զարգացման իր հայեցակարգի համաձայն` Majid Al Futtaim խումբը շարունակում է վերլուծել հայկական շուկան: Majid Al Futtaim խումբը զարգացնում է Carrefour ապրանքանշանը Մերձավոր Արևելքի երկրներում: Երևանի Dalma Garden Mall առևտրի կենտրոնում շարունակում են փակցված մնալ Carrefour խանութի բացումն ազդարարող պաստառները:

ՍիվիլՆեթի աղբյուրները հաղորդում են, որ Dalma Garden Mall-ից բացի, Carrefour-ը նախատեսում է հիպերմարկետներ բացել Արշակունյաց պողոտայում՝ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ, և Ավանում՝ Երևան-Սևան ճանապարհին:

Ըստ նույն աղբյուրի՝ ներկայում Carrefour-ը Dalma Garden Mall-ի սեփականատերերի հետ բանակցում է հիպերմարկետի բացման իրավական և վարձակալական խնդիրների շուրջ:

Նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի ժամանակ Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հանդիպում էր ունեցել Majid Al Futtaim ընկերության ղեկավարների հետ: Հաղորդվել էր Հայաստանում շուրջ 150 մլն դոլարի ներդրումային նախագծի մասին:

Carrefour S.A. ընկերությունը մանրածախ առևտրի ոլորտի ֆրանսիական անդրազգային կորպորացիա է: Շուրջ 1400 հիպերմարկետներով՝ այն աշխարհի ամենախոշոր հիպերմարկետների ցանցերից մեկն է: Carrefour-ը եկամուտների ցուցանիշով երկրորդ, իսկ շահույթի ցուցանիշով երրորդ խոշորագույն ցանցն է աշխարհում (երկու ցուցանիշներով առաջին տեղում ամերիկյան Wal-Mart-ն է): Carrefour S.A.-ն ամբողջ աշխարհում ունի շուրջ 520 000 աշխատակից: Ընկերության տարեկան եկամուտը 2012թ. գերազանցել է 100 մլրդ դոլարը, իսկ զուտ շահույթը՝ 4,3 մլրդ դոլարը:

Հիշեցնենք, որ մամուլում արդեն հրապարակումներ էին հայտնվել, այն մասին, որ պետական մակարդակով խոչընդոտվում է  Carrefour-ի հայտնվելը Հայաստանում: Տեղեկությունների համաձայն, օլիգարխները և իշխանությունն այդ հարցում արդեն հաջողության էին հասել՝ Carrefour-ը որոշել էր Հայաստանում գործունեություն չծավալել:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ. Ղազախստանում կործանված օդանավում ՀՀ քաղաքացիներ չկան’
Հաջորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել է իր պաստառը…. թույլատրելի տեղից’