‘Չնայած ոստիկանության արգելքին՝ հազարավոր ցուցարարներ Հոնկոնգում դուրս են եկել երթի’

1097

Կիրակի օրը Հոնկոնգում բողոքի զանգվածային ցույց է տեղի ունեցել։ Կազմակերպիչների պնդմամբ՝ դրան մասնակցել է մեկուկես միլիոնից ավելի մարդ։ Երթի մասնակիցների թվի մասին պաշտոնական տվյալ չի հայտնվում։

Ոստիկանությունը, անվտանգության նկատառումներով, երթի   համաձայնություն չի տվել և թույլ է տվել ցուցարարներին մինչև երեկո մնալ Վիկտորիա պուրակում, որտեղ նրանք հավաքվել են։ Սակայն հանրահավաքի մեկնարկից երկու ժամ անց ցուցարարները չեն ենթարկվել արգելքին․ հազարավոր մարդիկ, անձրևանոցներով, շարժվել են քաղաքի փողոցներով։

Հոնկոնգի կառավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ թեպետ ցուցարարները հիմնականում հանդարտություն են պահպանել, սակայն երթը, այնուամենայնիվ, խնդիրներ է առաջացրել ու խանգարել է տրանսպորտի երթևեկությանը։

«Եթե իրադրությունը դուրս գա Հոնկոնգի կառավարության վերահսկողությունից, չինական իշխանությունները չեն նստի ու նայի։ Մենք բավարար իշխանություն և միջոցներ ունենք՝ ճնշելու ցանկացած բողոքի ցույց»,- BBC Radio 4-ի եթերում հայտարարել է Լոնդոնում Չինաստանի դեսպանատան աշխատակից, դիվանագետ Չեն Վենը։ Վերջինիս խոսքով՝ իշխանությունները բախվել են նեոէքստրեմիզմի խնդրին, և Չինաստանի կենտրոնական կառավարությունը ամեն կերպ կաջակցի Հոնկոնգի իշխանությանը։ «Փոքրաթիվ արմատականների գործողությունները, ըստ էության, քվազիահաբեկչություն են, և դա շատ վտանգավոր ազդանշան է»,- կարծում է դիվանագետը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘Սուլշերը՝ Պոգբայի ապագայի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Հատվել է 1462 հատ տարբեր տեսակի և տրամագծերի ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի’