‘«Չոռնի» ցինիզմ կամ «Մետաքսի» ճանապարհը’

2545

Մինչ մեր հարևանները զինվում են ու նոր խոշոր տնտեսական նախագծեր իրականացնում, որից Հայաստանն ավելի ու ավելի մեկուսացված ու խոցելի է դառնում, մեր իշխանությունները շարունակում են բացառապես իրենց գրպանների մասին մտածել:

Հայաստանի իշխանությունները ամեն ինչի մեջ տեսնում և գտնում են սեփական շահը, հարստանալու,  ևս մեկ կոպեկ փախցնելու ուղին: Հայաստանում նոր խոշոր բիզնեսի աղբյուր է ձևավորվել. դա  արտագաղթն է: Մինչ ընդդիմությունն ու երկրի մտածող հատվածը ահազանգում է արտագաղթի աննորմալ չափերի մասին և տագնապ հնչեցնում , իշխանությունները դրան նայում են որպես բիզնեսի աղբյուր:

Օրերս Հանրապետության հրապարակում ավտոբուսների ցուցահանդես էր: Աբովյանցի մի երիտասարդ ներկայանում էր որպես այդ նոր նախագծի հեղինակ: Իրականում, լավատեղյակ աղբյուրների համաձայն, «Քինգ Դելյուքս» տրանսպորտային ընկերության հիմնական փայատերերից մեկը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ  Բեգլարյանն է: Նույն ինքը` Չոռնի Գագոն, նույն ինքը` Մետաքսի Գագոն: Խնդիրն այս կամ այն բիզնեսում փայ ունենալը չէ: Մենք դրան վաղուց արդեն սովոր ենք: Խնդիրն  այն է, որ գործող  իշխանությունների մտահորիզոնը «Մետաքսի տղուց» այն կողմ չի անցել:

Քուչի փիլիսոփայությամբ Հայաստանի իշխող վերնախավը արտագաղթը դարձրեց բիզնեսի աղբյուր: Ավտոբուսների շքերթի օրվա հեռուստառեպորտաժները նայելիս զարմանում ես այս իշխանությունների «չոռնիության» վրա: Բոլոր ռեպորտաժներում կարմիր թելով անցնում է այն գաղափարը, թե ցուցադրվող ավտոբուսներից հինգ ամենախոշորներն ու ամենահարմարները ծառայելու են Հայաստանից Ռուսաստան ուղևորափոխադրումների համար: Լավ է, որ խելքները կտրում է և չեն ասում` Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ: Հակառակ ուղղությամբ եկող չկա:  Մի քանի օր հետո այդ հինգ նոր ներկրված ավտոբուսները ամեն օր լեփ լեցուն շարժվելու են դեպի Ռուսասատնի քաղաքաներն ու գյուղերը` դատարկելով  մեր երկրի քաղաքներն ու գյուղերը: Փոխարենը գումարներ են հոսելու աբովյանցի ջահելի ու չոռնիատիպ  հովանավորների գրպանները: Մենք պետություն ենք, մենք ունենք կապի և տրանսպորտի նախարարություն, որը պետք է մի բան մտածի, մի բան անի Հայաստանի շրջափակումը մեղմելու, մի լուծում գտնի, մի նոր ճանապարհի նախագիծ մշակի: Էլ չենք ասում` Հայաստան –Իրան երկաթգիծը կառուցի և այլն: Փոխարենը զբաղված են արտագաղթի համազգային դժբախտության վրա փող աշխատելով: Պետությունը հասցրել են կործանման եզրին, ժողովուրդը ամեն օր հազարներով գնում է, իրենք նոր ավտոբուսներ են բերում, երկրի ամենագլխավոր հրապարակում այդ ավտոբուսների պառադն են անում, հետն էլ իրենց հեռուստատեսություններով` էստի համեցեք անում:  Սա կոչվում է «չոռնի ցինիզմ»:

 Վարդան Առաքելյան

Նախորդ հոդվածը‘Մեկ է՝ Աննուշկան յուղը թափելու է’
Հաջորդ հոդվածը’50 գրամ միս. Հումանիտար օգնություն՝ կարկուտից տուժած գյուղացուն’