‘«Չորրորդ ինքնիշխանություն». «Եվ այդ մեկ փիղը ինքն ա»’

3154

iLur.am-ը ներկայացնում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթում հոկտեմբերի 18-ի եւ 20-ի համարներում մի դատավարության մասին պատմող հոդվածները՝ առանց խմբագրական միջամտության:

«Հայտնի իմաստով ֆալոսի վրա քաշված ռեզինն էլ ֆալոսի ֆորման է ստանում ու նրա գործառույթները ստանձնում զուգահեռաբար». Վիրավորվել է «ՉԻ» հրապարակման այս նախադասությունից, որտեղ անուն-ազգանուն նշված չէ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանում ընթանում է նախնական դատական նիստ` «Տիգրան Քոչարյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի» գործի շրջանակներում։ Տիգրան Քոչարյանը վիրավորվել եւ իրեն զրպարտված է զգացել «ՉԻ»-ի հուլիսի 13-ի հրապարակումից` վերնագրված այսպես` «Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի»։

Տիգրան Քոչարյանը պահանջում է դատարանից` պարտավորեցնել պատասխանող կողմին, այսինքն` «ՉԻ»-ին, թերթում հերքում տպագրել, ինչպես նաեւ պարտավորեցնել պատասխանողին վճարել փոխհատուցում 1 միլիոն դրամ վիրավորանքի եւ 2 միլիոն դրամ զրպարտության համար,  պարտավորեցնել պատասխանողին վճարել հայցվորի եւ Անահիտ Սարդարյանի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա կատարված վճարումները` 500 հազար դրամի կարգի։ Որպեսզի այս «գործի» էությունն ու ամբողջ զավեշտը հասկանալի լինի այս պատմությունը չիմացող մեր բազմահազարանոց ընթերցողների համար, «ՉԻ»-ն որոշեց առանց էական կրճատումների ներկայացնել առաջին նախնական նիստը` առայժմ հայցվորի եւ պատասխանողի միջեւ տեղի ունեցած երկխոսության տեսքով։ Իսկ պատմության քաղաքական եւ հասարակական շերտերին, մասնավորապես` Տիգրան Քոչարյանի` թերթին դատի տալու որոշման նախապատմությանը կանդրադառնանք հաջորդիվ։ Եվ այսպես.

«ՉԻ» փաստաբան Վահե Հովսեփյան. — Դուք ներկայացրել եք վիրավորանքի եւ զրպարտության վերաբերյալ հայց։ Սակայն, ըստ էության, դիմումում չեն առանձնացվել այն արտահայտություններն ու բառերը` որպես վիրավորանք եւ զրպարտություն։ Քանի որ նախնական դատական նիստ է, բացի այդ, ելնելով հայցի բնույթից, խնդրում եմ ներկայացնել կոնկրետ այն բառերն ու արտահայտությունները, որոնք դուք դիտել եք որպես վիրավորանք` առանձին, եւ որպես զրպարտություն` առանձին։

Դատավոր. — Սա շատ իրավաչափ հարց է, որովհետեւ ապացուցման պարտականությունը պատասխանող կողմը պետք է կրի, եւ պետք է իմանա ինչի դեմ առարկի կամ պաշտպանվի։  

Տիգրան Քոչարյանի փաստաբան Անահիտ Սարդարյան.  — Հուլիսի 13-ի հրապարակման` «Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի» հենց սկզբի հատվածը։

Վահե Հովսեփյան.  —  Ասեք, վիրավորանքը ո՞րն է, զրպարտությունը` ո՞րը։

Անահիտ Սարդարյան- (Սկսում է կարդալ հրապարակման առաջին պարբերությունը- Գ. Վ. ) «Ախր դասական իմաստով ֆաշիստ էլ չէ այս պատվիրված, պատվիրովի խամաճիկը։ Ախր էս անասունին, էս կենդանուն ներշնչել են, թե ինքը պետականամետ, հզոր, անդրկուլիսյան մուտիտի մասնագետ է, կրեատիվ կերպար է ու օգտագործում-գործածում են։

Հայտնի իմաստով ֆալոսի վրա քաշված ռեզինն էլ ֆալոսի ֆորման է ստանում ու նրա գործառույթները ստանձնում զուգահեռաբար։ Հայտնի իմաստով այն, այդ ռեզինը, «իզդելիյե նոմեռ դվա»-ն որոշակիորեն ավտոնոմ գործառույթներ ունի ինքն էլ, որով եւ նպաստում է ֆալոսի գործունեությանը։ Ասենք կան նրա վրա այսպես մանր-մանր-մանր ուռուցիկություններ, կամ այսպես բարակ-բարակ-բարակ մազիկներ, կամ էլ ասենք ինքն այսպես երկարա-տանձա-կնճիթաձեւ է… Ներողություն։ Մի խոսքով սեքսոպաթոլոգին դիմեք, կամ սեքսոլոգին, կամ ֆալոպրոթեզավորողին ու ֆալոիմիտատոր բանեցնողներին՝ իրենք կմանրամասնեն կոնդոմ-ֆալոս  տանդեմի նյուանսները…. Շեղվեցի։Կնճիթ-աձեւ է։ Կնճիթ։ Փիղ։ Փիղ։ Կնճիթ։ Կասեք էլի փղին եկանք։ Կասեք էլի ՓՂԻՆ ես դարձել։ Փղից, կասեք, ի՞նչ ես ուզում»։

Վահե Հովսեփյան.-  Այ ընթերցեցիք ամբողջ պարբերությունը, եւ այն դիտեցիք որպես վիրավորանք։ «Սեքսոպաթոլոգին դիմեք, կամ սեքսոլոգին, կամ ֆալոպրոթեզավորողին ու ֆալոիմիտատոր բանեցնողներին` իրենք կմանրամասնեն» եւ այլն։  Այստեղ ի՞նչն եք դիտել, որ վերաբերվում է կոնկրետ ձեր վստահորդին։

Անահիտ Սարդարյան. — Հարգելի կոլեգա, ես չեմ կարդում «ֆալոս» բառը, եւ այն դիտում վիրավորանք, կամ «կոնդոմ» բառը եւ այն դիտում որպես վիրավորանք։ Ես կարդացի ամբողջ պարբերությունը, քանի որ այս ողջ պարբերությունը` իմաստային համակցությամբ, վիրավորանք է, եւ ավելի մանրամասն ասվում է` ինչու դիմեն սեքսոպաթոլոգին, որպեսզի բացատրի, թե ինչ ֆունկցիաներ ունի ֆալոսի վրա քաշված ռեզինը, եւ այս ամբողջը` բովանդակային իմաստով, շատ հստակ եւ պարզ է, որ էստեղ համեմատական է անցկացվում, թե ինչումն է կայանում այս համեմատությունը, եւ ինչու է այս ամբողջ նախապատվությունը տրվում եւ նորից անդրադառնում այս ֆոնին։

Վահե Հովսեփյան. — Այսինքն, ես ճի՞շտ եմ հասկանում, որ իմ կողմից ընթերցված նախադասությունը վերագրում եք ձեզ, այսինքն` ձեր վստահորդը վերագրում է իրեն։

Անահիտ Սարդարյան.- Դուք մի քիչ….ոնց ասեմ։

Դատավոր.-  Պատասխանեք` այո կամ ոչ։

Անահիտ Սարդարյան. — Էն, որ «սեքսոպաթոլոգին դիմեք…», իհարկե մեզ չէ ուղղված։ Դա ուղղված է հասարակությանը, եւ ես ամբողջ պարբերությունն են համարում վիրավորանք հայցվորի համար, եւ ոչ թե, ասենք, «դիմեք սեքսապաթոլոգին» նախադասությունը։ Խոսքը ամբողջի մասին է բովանդակային իմաստով։  Եթե ավելի մանրամասն եք ուզում` ես ասեմ, որ «ֆալոս», «ռեզին», եւ այլն, եւ այլն…

Դատավոր. — Վստահորդը իր վրա՞ է վերցրել։ Կոնկրետ հարց տրվեց ձեզ` այո կամ ոչ։

Անահիտ Սարդարյան. — Էդ նախադասությունը` ոչ, հարգելի դատարան, ողջ բովանդակությունը այդ պարբերության,  որը ես չեմ կարա սահմանեմ, որովհետեւ իմաստային առումով կզրկվի

Վահե Հովսեփյան. — Եկեք իրար ճիշտ հասկանանք։ Դուք ներկայացրել եք վիրավորանքի եւ զրպարտության հայց. թե՛ վիրավորանքը, թե՛  զրպարտությունը պետք է ուղղակի ուղղված լինեն անձին։ Հիմա տվյալ դեպքում այստեղ կան բառեր, բայց ես չեմ տեսնում ձեր վստահորդի անունը եւ որեւէ ուղղորդում, որ այդ բառերն ու արտահայտությունները վերաբերվում են ձեր վստահորդին։ Իմ հարցը հենց դրա մասին է։ Հիմա, եթե ձեր վստահորդը ընդունում է, որ դա իրեն է վերագրվել տվյալ հոդվածում, դա իր սուբյեկտիվ կարծիքն է։ Ես ընդամենը դա եմ ցանկանում ճշտել։ Դուք գտնո՞ւմ եք, որ դրանք ձեզ են ուղղված, թե՞ դուք կարողանում եք ցույց տալ որեւէ ուղղակի արտահայտություն, որը տվյալ բառերը վերագրում է ձեզ։

Անահիտ Սարդարյան. — Ես ուղղակի կապ տեսնում եմ այստեղ ոչ թե «դիմեք սեքսապաթոլոգին» նախադասության մեջ, այլ ողջ պարբերությունը` անցկացված համեմատություններով։ Իհարկե անհասկանալի կլինի… էս ողջ ամեն ինչը ասվում, եւ հետո նորից անդրդառնում է փղին։ Փիղը գրված է մեծատառով, որը կոնկրետ անձ է։ Եթե անձը հասարակության մեջ, այսինքն` ոչ միայն իր նեղ ընկերների եւ 5 հոգու շրջապատում, այլ ողջ հասարակության մեջ հայտնի է «Փիղ» մականունով, ուրեմն` ակնհայտ է, որ այստեղ գրվում է  անձի մասին ու ոչ թե փղերի մասին ընդհանրապես` որպես կենդանի։ Այո, ես այս ամբողջ պարբերությունը տեսնում եմ որպես վիրավորանք «Փղի» դեմ։

Վահե Հովսեփյան. — Այսինքն` ես ճի՞շտ հասկացա, որ դուք հոդվածում չեք տեսնում, համենայնդեպս, ուղղակի ձեր վստահորդին հղում արվող….

Անահիտ Սարդարյան.- Ես տեսնում եմ հղում անող… եւ շարունակությունը մասնավորեցնում է։

Վահե Հովսեփյան .- Չէ, հիմա խոսքը վերաբերվում է կոնկրետ վիրավորանքի դրսեւորումներին` կոնկրետ ձեր կողմից նշված պարբերության շրջանակներում։ Ես ուզում եմ մանրամասն ձեր տրամաբանությունը հասկանալ, որպեսզի նաեւ ինձ համար պարզ լինի, թե ես ի՞նչ դիրքորոշում եմ գրավոր ձեւով արտահայտելու ձեր ներկայացրածի վերաբերյալ։ Ավելի մանրամասնեմ։ Սկսեմ սկզբից, որտեղ նշված է. «Հայտնի իմաստով ֆալոսի վրա քաշված ռեզինն էլ ֆալոսի ֆորման է ստանում ու նրա գործառույթները ստանձնում զուգահեռաբար»։ Կոնկրետ այս նախադասության մեջ ձեր վստահորդին ուղղված վիրավորանք կա, թե՞ ոչ։ Խնդրում եմ պատասխանել։

Անահիտ Սարդարյան. — Դրա համար ես միայն նախադասությունը չկարդացի, որովհետեւ այս ողջ պարբերությունը դրա տրամաբանական շարունակությունն է, որովհետեւ բացատրում է, թե ֆալոսի վրա քաշված ռեզինը ինչ գործառույթներ է իրականացնում ֆալոսի հետ միասին, եւ ապա անդրադառնում է Փղին։

Վահե Հովսեփյան.- Լավ. էդ դեպքում դուք ուշադրություն չեք դարձնում, որ այստեղ բառ կա, մասնավորապես` «նյուանսները», որից հետո դրված է բազմակետ ու նշված է` «Շեղվեցի»։  (Մեջբերենք.  «Մի խոսքով սեքսոպաթոլոգին դիմեք, կամ սեքսոլոգին, կամ ֆալոպրոթեզավորողին ու ֆալոիմիտատոր բանեցնողներին՝ իրենք կմանրամասնեն կոնդոմ-ֆալոս  տանդեմի նյուանսները…. Շեղվեցի։ Գ. Վ.)։

Անահիտ Սարդարյան.- Ըհը…

Վահե Հովսեփյան.-  Հիմա տվյալ դեպքում ձեր վստահորդի անունը որեւէ տեղ կա՞ գրված։

Անահիտ Սարդարյան.- Այո, պարբերության վերջում։ «Կասեք էլի ՓՂԻՆ ես դարձել։ Փղից, կասեք, ի՞նչ ես ուզում». պարբերությունն այսպես է վերջանում։

Վահե Հովսեփյան.-  Տիգրան Քոչարյան անուն-ազգանունը կա՞ գրված։

Անահիտ Սարդարյան.- Եկեք այս հարցին արդեն դատաքննության փուլում անդրադառնանք, լա՞վ։

Վահե Հովսեփյան. — Ճիշտն ասած, քանի որ հայցի առարկան վիրավորանքն է, իսկ վիրավորանքն ու  զրպարտությունը ենթադրում են անձին ուղղված ուղղակի արտահայտություն, դրա համար ինձ համար կարեւոր է այս հարցը։

Անահիտ Սարդարյան.-  Այո, Փիղը նրա մականունն է, նրան ավելի շատ փիղ են ասում, քան Տիգրան Քոչարյան։ Նա հայտնի բլոգեր Փիղն է։ Ամբողջ հայ հասարակությունը նրան ճանաչում է որպես Փիղ։ Շատերը կան իր ընկերներից, որոնք մոտիկ չեն, չգիտեն էլ, որ իր անունը Տիգրան Քոչարյան է, նրան ճանաչում են որպես Փիղ։

Վահե Հովսեփյան. — Լավ, իսկ դուք բացառում եք, որ բացի իրենից կարող են լինել նաեւ այլ անձինք, ովքեր ունենան նույն ծածկանունը։

Անահիտ Սարդարյան. — Չեմ բացառում, բայց Հայաստանի Հանրապետությունում էդպես ճանաչված` որպես Փիղ, բացառապես հասարակության կողմից ընկալվում է Տիգրան Քոչարյանը, եւ բացի այդ, հիմա հարց ու պատասխանների փուլը չէ, բայց ես կցանկանամ այսպիսի հարցով անդրադառնալ ձեր ասածին։ Ձեր վստահորդի թերթում «Մ.Մ» անուն-ազգանունով մարդը գրել է այս հոդվածից  առաջ մի հոդված, որտեղ գրել է Փիղ եւ նշել անուն-ազգանունը` Տիգրան Քոչարյան։ Կոնկրետ անձին ուղղված դիտավորությունը,  որը դուք նշում եք, արդեն հիմնավորվում է, որ «Մ.Մ»-ն այս հոդվածը տպագրելով, նկատի է ունեցել բացառապես  Տիգրան Քոչարյանին։

Վահե Հովսեփյան. — Ձեր ասած փաստարկին ես ավելի ուշ կանդրադառնամ։ Որքան ինձ է հայտնի, «ՉԻ» օրաթերթի 5-րդ էջի ներքեւի մասում միշտ «Մ.Մ» ծածկանվամբ հոդվածագիրը կամ հոդվածագիրները, միգուցե նա մի հոգի չէ եւ հոդվածագիրների խումբ է, միշտ այս էջում իրենք հոդված են տպագրում։ Հիմա առաջ անցնելով` նշեմ` ձեր կողմից վկայակոչված եւ նախկինում «ՉԻ» օրաթերթում լույս տեսած հոդվածը սույն գործի վեճի առարկա հանդիսանում է, թե՞ ոչ։

Անահիտ Սարդարյան.- Ոչ։ Ուղղակի դիտավորությունն է ակնհայտ։

Վահե Հովսեփյան.- Շնորհակալություն։ Այսինքն` ես կարո՞ղ եմ հասկանալ, որ ամեն դեպքում տեսնելով, որ ձեր վստահորդի անուն-ազգանունը տվյալ պարբերության մեջ նշված չէ, դուք, ամեն դեպքում, դա ընդունում եք որպես իրեն վերագրված բառեր ու արտահայտություններ։

Անահիտ Սարդարյան.- Ես ընդունում եմ, որ նրա անունը նշված է, եւ նրա վերաբերյալ վիրավորանք կա։ Ընդունում եմ, որ Փիղը նրա անունն է։

Վահե Հովսեփյան.- Անունը, թե՞ ծածկանունը։

Անահիտ Սարդարյան.- Ծածկանունը։

Վահե Հովսեփյան.- Շնորհակալություն։

 Հ.Գ. Հոդվածի մյուս պարբերությունների` Տիգրան Քոչարյանի փաստաբանի կողմից ներկայացված «վիրավորանքի» եւ «զրպարտության» «դեպքերին» կանդրադառնանք հաջորդիվ։  Միայն փաստենք, որ նախնական դատական նիստի ընթացքում Տիգրան Քոչարյանն ու նրա փաստաբանը այդպես էլ չկարողացան նշել կոնկրետ արտահայտություններ եւ բառեր, որոնք ուղղակիորեն տրվել են Տիգրան Քոչարյանին։ Ներկայացված երկխոսությունը` ձեզ փաստ, մնացածը դատեք ինքներդ։ Ավելացնենք նաեւ, որ այս ամենը թերթը չէր էլ պատրաստվում կարեւորել եւ ներկայացնել «ՉԻ» ընթերցողների  ուշադրությանը։ Նիստը տեղի է ունեցել երեքշաբթի օրը. եւ նույն օրը Տիգրան Քոչարյանը շտապել է իր ֆեյսբուքյան էջի միջոցով անհասկանալի տեքստեր տարածել տեղի ունեցած դատական նիստի մասին։ Քոչարյանի կողմից սոցիալական ցանցով շրջանառության մեջ դրվող ապատեղեկատվությունը հերքելու համար է միայն, որ «ՉԻ»-ն առանց կրճատումների ներկայացրեց նախնական դատական նիստի առաջին մասը։ Նույն ձեւով մենք շարունակելու ենք անդրադառնալ նախնական դատական նիստի բոլոր «մասերին» ու դատավարությանն առհասարակ` ի դեպ, այլեւս առանց նշելու «Տիգրան Քոչարյան» (այսուհետ` Տ.Ք.)։

Շարունակելի

 

ՓԱՍՏԱԲԱՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ  «ՀԱՅՎԱՆԸ» ԻՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼՆ Է

Թեմայի սկիզբը`

«ՉԻ» N 658-ում

 Հիշեցնենք, որ  Քոչարյանը վիրավորվել եւ իրեն զրպարտված է զգացել «ՉԻ»-ի հուլիսի 13-ի հրապարակումից` վերնագրված այսպես` «Ֆաշիստն ու փիղը. ի պաշտպանություն փղերի»։ Քաղաքացին  պահանջում է դատարանից` պարտավորեցնել պատասխանող կողմին, այսինքն` «ՉԻ»-ին, թերթում հերքում տպագրել, ինչպես նաեւ պարտավորեցնել պատասխանողին վճարել փոխհատուցում 1 միլիոն դրամ վիրավորանքի եւ 2 միլիոն դրամ զրպարտության համար,  պարտավորեցնել պատասխանողին վճարել հայցվորի եւ Անահիտ Սարդարյանի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա կատարված վճարումները` 500 հազար դրամի կարգի։

Մեկ անգամ եւս ընդգծենք, որ «ՉԻ»-ն ներկայացնում է նիստերի դահլիճում տեղի ունեցածն առանց կրճատումների` բացառապես մեկ  նպատակով` ցուցադրել.

1. Հայց ներկայացնող քաղաքացու եւ նրա փաստաբանի` դատարանին փաստեր չներկայացնելու հետեւանքով առաջացած անհեթեթ իրավիճակը,

2. Ինչպես նաեւ կանխել այդ առիթով հայցվորի կողմից տարածվող ապատեղեկատվությունը կամ սուտը։ 

Հիշեցնենք, որ նախորդ հրապարակման շրջանակներում մենք ներկայացրել էինք դատական վեճի առարկա հանդիսացող հրապարակման առաջին պարբերության շուրջ ծավալված հարցուպատասխանը։  Հարցուպատասխանի ընթացքում քաղաքացի Քոչարյանի փաստաբանը` Անահիտ Սարդարյանը, այդպես էլ չկարողացավ գտնել իր պաշտպանյալի անուն-ազգանունը, որին կոնկրետ ուղղված կլինեին տեքստում, ըստ իրենց, վիրավորանք եւ զրպարտություն պարունակող բառ-արտահայտությունները։ Հիմա ներկայացնենք հրապարակման 2-րդ պարբերության շուրջ ծավալված հարցուպատասխանը։ Եվ այսպես.

Հայցվոր Քոչարյանի փաստաբան Անահիտ Սարդարյան. — «Ախր որեւէ իմաստով ու կերպով փղի-ՓՂԻ-Փ-Ղ-Ի՝ այդ գեղեցկագույն, իմաստուն, ծանրամարմին, ճարպիկ ու հզոր ԿԵՆԴԱՆՈՒ հետ այս ՀԱՅՎԱՆԸ որեւէ կապ չունի։ Պարզապես գլուխն են մտցրել, թե «կզայրանամ-կտրորեմ» դեվիզը սազական է իրեն, պարզապես սեքսոպաթոլո… պայմանականորեն ասենք այսպես ՇԱՇԻԿԸ, պարզապես կոնդոմին հորդորել է ու արդյունքի եկել»։ (Մեջբերման ավարտ-Գ.Վ.)։ Այս ամբողջ պարբերությունը եւս մենք դիտում ենք վիրավորանք, քանի որ սա տրամաբանական շարունակությունն է նախորդ պարբերության, որտեղ երեւում է, թե ինչու են օգտագործվել «ֆալոս» եւ «կոնդոն» բառերը։ Այսինքն` համեմատականը անցկացվում է էսպես։ «Եվ նրան հորդորել են եւ արդյունքի են եկել…» եւ այստեղ արդեն շարունակությունը գրում է էն մասին` ի՞նչ են հորդորել եւ ի՞նչ է տեղի ունեցել, որի վերաբերյալ ես ցանկանում եմ ապացույցը ներկայացնել  եւ ներկայացրեցի։ (Դատարանին ներկայացնում է ֆեյսբուքյան ֆորումներից մեկը, որտեղ Քոչարյանը զգուշացրել է «ՉԻ» լրագրողներ Գոհար Վեզիրյանին եւ Քրիստինե Խանումյանին ներողություն խնդրել թերթում. հորդորի տեքստում նա ժամանակ է տվել` մինչեւ հաջորդ օրվա ժամը 13։00-ն։ Ու հորդորի վերջում գրել է «Բեզ աբիդ».-Գ.Վ.)։

Հաջորդ պարբերությունը. «Մայիսին այս ՀԱՅՎԱՆԸ մեծ հաջողությամբ ղեկավարում էր բազմազանության շքերթը գրոհողներին». սա եւս վիրավորանք է։ Ապացույց, որը ես կներկայացնեմ դատարանին, վերաբերվում է հենց էս բազմազանության շքերթին, որտեղ Պետրոսը հրավիրել է հյուրեր… ինչպես գիտենք….ես  չեմ կարող ասել բազմազանության շքերթը ամսի քանիսին տեղի ունեցավ… որտեղ ուղղակի մի խումբ երիտասարդներ գնացին եւ հակառակ կողմում իրենց բողոքի ցույցը ներկայացրին, որ մենք դեմ ենք էսպիսի ցույցերին հայ հասարակության մեջ, եւ դրա վերաբերյալ Պետրոսը «Հայկական ուրբաթ» հաղորդաշարով հրավիրել է հյուրեր, որտեղ քննարկվեցին էդ հարցը` արդյո՞ք ճիշտ էր այդ շքերթը, եւ արդյո՞ք սխալ էր էն մյուս երիտասարդների թիմը, որոնք դեմ էին շքերթին։ Եվ որպես երիտասարդներից մեկը, որոնք դեմ էին բազմազանության շքերթին, հյուր էր հրավիրված նաեւ Տիգրան Քոչարյանը։ Եվ ես հաղորդման այդ դիսկն եմ ուզում ներկայացնել։ Կարո՞ղ եմ ներկայացնել։

Դատավոր. — Դուք բոլոր ապացույցները հիմա ներկայացրեք դատարանին։

Անահիտ Սարդարյան.- Պետք չի նայե՞լ ։

Դատավոր. — Ոչ։

Անահիտ Սարդարյան.- Ուղղակի էդ հատվածը ես կուզեի նայենք։

Դատավոր. — Ոչ, պետք չի։ Երբ որ անցնենք ապացույցների հետազոտման փուլին` մանրամասն բոլորը կհետազոտենք, կլսենք, կնայենք։

Անահիտ Սարդարյան. — Քանի որ հաղորդումը երկար էր, եւ գործի հետ այդքան կապ չունի, մենք ներկայացրել ենք այն հատվածը, որտեղ Տիգրան Քոչարյանն ու «Մազ» մականունով Արմեն Մազմանյանը, ովքեր դեմ էին բազմազանության շքերթին։ «Մայիսին այս ՀԱՅՎԱՆԸ մեծ հաջողությամբ ղեկավարում էր բազմազանության շքերթը գրոհողներին». այս արտահայտության մեջ նշանակում է, որ հայվանը վերաբերվում է Տիգրան Քոչարյանին։ Սա դիտարկում ենք որպես վիրավորանք։ Հետո շարունակում է.   «ԱՀԱ ձեզ դասական, դասականագույն օրինակ, թե ինչպես են ռետինին ներշնչում, թե ինքը ֆալոս է, կամ կոնդոմին, թե ինքը փիղ է»։ Այս նախադասությունը եւս վիրավորանք է հայցվորի մասին։ Առանձին բառեր եւ ողջ բովանդակությունը որովհետեւ ուղղված է նրան։ «Կարեւորը, որ վերոհիշյալ մասնագետների շրջանում քաջ հայտնի բարդույթն առկա լինի՝ երկար, ճկուն, հաստ, շարժուն «կնճիթով» որձ լինելու, փիղ լինելու, որձ փիղ լինելու բարդույթը։ Ու շատ արագ ՀԱՅՎԱՆՆ իրեն շրջապատում է նույնօրինակ հայվաններով եւ ասում-խոսում-գովում-ուրախանում են, թույն են թորում, լիզում-լպստում են թույնն ու թուքը, արտաթորում են եւ նստում մեջը՝ գոհ ու բավարարված»։ Էս պարբերությունը նույնպես վիրավորանք է, որովհետեւ կրկին նշեմ, որ հայվանն ուղղված է փղին` նախ էդ բառը եւ ողջ պարբերության բովանդակային իմաստը։ Շարունակությունը, հարգելի դատարան, անհասկանալի է նույնիսկ հայցվորի համար, թե ինչին է ուղղված, չգիտեմ, եւ դրա համար չեմ էլ ընթերցում, որովհետեւ մեզ չի վերաբերվում։

Հ. Գ. Հոդվածի մյուս պարբերությունների` Քոչարյանի փաստաբանի կողմից ներկայացված «վիրավորանքի» եւ «զրպարտության» «դեպքերին» կանդրադառնանք հաջորդիվ։  Միայն հիշեցնենք, որ մեր նախորդ հրապարակման շրջանակներում, անդրադառնալով վեճի առարկա հանդիսացող «ՉԻ» հոդվածի առաջին պարբերությանը, փաստարկված նշել էինք, որ  նախնական դատական նիստի ընթացքում Քոչարյանն ու նրա փաստաբանը այդպես էլ չկարողացան նշել կոնկրետ արտահայտություններ եւ բառեր, որոնք ուղղակիորեն տրվել են Քոչարյանին։ Ներկայացված երկխոսությունն էր  փաստը։ Իսկ կոնկրետ այս պարբերությունների մասով, ինչպես տեսնում եք, դարձյալ նույն պատմությունն է։ Որեւէ կոնկրետ արտահայտություն, որն ուղղված է քաղաքացի Ք.-ին, հրապարակման երկրորդ եւ երրորդ պարբերություններում եւս բացակայում է։ Իսկ չորրորդ պարբերությունը, ինչպես նշեց Ք.-ի փաստաբանը, առհասարակ իրենց չի վերաբերվում։

Շարունակելի

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ

 

 

Նախորդ հոդվածը‘Գենադի Զուբով. Մխիթարյանը Ուկրաինայի ռմբարկուական նոր ռեկորդ կսահմանի’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյաննն աշխատանքային այցով մեկնել է Արցախ’