«Չպատերազմ»՝ գաղափարախոսական քարոզչություն Ռուսաստանում

1067

Ռուսաստանի դպրոցներում և բուհերում ակտիվացել է գաղափարախոսական աշխատանքը։ Մարտի 1-ից հատուկ դասեր են անցկացվում, որտեղ աշակերտներին բացատրում են՝ Ուկրաինայում ֆաշիստական ռեժիմ է, և Ռուսաստանն ստիպված էր սկսել «չպատերազմ»՝ խաղաղություն հաստատելու համար։

Կրթության նախարարությունը բաց դաս է անցկացրել՝ «Խաղաղության պաշտպանները», որի ընթացքում պատմել են, թե որքան վտանգավոր է ՆԱՏՕ-ն Ռուսաստանի համար, և «ազատագրական առաքելությունը» որքան անհրաժեշտ էր։ Պաշտոնական տվյալներով՝ այն դիտել է ավելի քան 5 միլիոն մարդ։

Ամենափոքրիկներին իրավիճակը «ճիշտ» բացատրելու համար հայտնվել է մուլտֆիլմ՝ «Հեքիաթ Վանյայի և Միկոլայի մասին», որտեղ ռուս Վանյան (ռուսաստանյան եռագույնով շապիկ հագած) ուկրաինացի Միկոլայի ձեռքից խլում է մահակը, որով նա ծեծում էր ավելի թույլ տղաներին (ենթադրաբար՝ ԴԺՀ-ին և ԼԺՀ-ին)։

Ոչ պակաս կոշտ քարոզչություն է տարվում բուհերում։ Սկզբում շատ ուսանողներ, շրջանավարտներ ու դասախոսներ կոլեկտիվ նամակներ էին գրում ընդդեմ ներխուժման, բայց մարտի 4-ից հետո պատերազմի դեմ ցանկացած ելույթ քրեորեն պատժելի է։ Դրա փոխարեն՝ հիմա Ուկրաինայի վերաբերյալ «նոր դասախոսություններ» են ընթերցվում։

Վերջերս  մի քանի դեպքեր են եղել, երբ այն մանկավարժների դեմ, ովքեր արտահայտվել են ընդդեմ պատերազմի Ուկրաինայում, ոստիկանություն են դիմել հենց նրանց սաները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ-ը խնդրելու է ՄԱԿ-ին, որ ՌԴ–ին հեռացնի Մարդու իրավունքների խորհրդից
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» մտադիր չէ բավարարել Սալահի ֆինանսական պահանջները