‘Պահանջում են չեղյալ ճանաչել բնապահպանության նախարարության տված դրական եզրակացությունը ‘

1023

«Խաչաղբյուր 2» ՀԷԿ-ի շինարարության ժամանակ 100-ից ավելի ծառեր են հատվել, նախագծային խախտումներ կան, ինժեներատեխնիկական եզրակացությունը բացակայում է, որը պետք է պարզեր՝ շինարարության իրականացման դեպքում սողանքավտանգ իրավիճակ կառաջանա՞, թե՞ ոչ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է իրավաբան Մերի Խաչատրյանը:

«Պարզաբանումներ ստանալու համար դիմել էինք բնապահպանության նախարարություն, խնդրեցինք, որ փորձաքննություն անցկացնելու ժամանակ բացասական եզրակացություն տան, սակայն հետագայում հայտնի դարձավ, որ դրական եզրակացություն են տվել: Եզրակացությունը լուրջ վերանայման կարիք ունի ու պետք է չեղյալ ճանաչվի», — հայտարարեց Խաչատրյանը:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանն էլ նշեց, որ ներկայացված նախագծի դրույթները կապ չունեն այն գործողությունների հետ, որ հիմա կատարվում են, և բնապահպանության նախարարության դրական եզրակացությունում ու նախագծում անհամապատասխանություններ կան:

«Ասում են՝ փոքր ՀԷԿ-երը համայքնի համար սոցիալական առաջընթաց կարող են ապահովել, սակայն նշված է, որ ՀԷԿ-ի շինարարության ժամանակ 20 հոգի է աշխատելու, իսկ շահագործումից հետո՝ ընդամենը 3: Ո՞վ է պատասխան տալու սա գրելու համար», — հարց  է ուղղում Գալստյանը:

Նախորդ հոդվածը‘Իրանում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է մզկիթի մոտ ‘
Հաջորդ հոդվածը‘Դել Բոսկե. Պիրլոն կարող է ստանալ «Ոսկե գնդակը»’