‘Պահն է, որ Վ.Գասպարյանն իր ընտրությունն անի’

1570

Օրեր առաջ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Գասպարյանը խնդրել է, որ իր խոսքերի մեջ քաղաքական երանգ չփնտրեն: Ավելին, նա հայտարարել է, թե իրենք  բոլորի ոստիկաններն են, եւ որ իրենց նպատակները շատ ավելի մեծ են: Չդավաճանելով ինքն իրեն՝ Վլադիմիր Գասպարյանը ավելի խորը դատողություններ է արել եւ հայտարարել, թե քաղաքական գործիչները նրանք են, ովքեր մտածում են ընտրությունների մասին, իսկ պետական գործիչները նրանք են, ովքեր մտածում են սերունդների, ապագայի մասին: Բնականաբար, ոստիկանապետն ինքն իրեն դասել է պետական գործիչների թվին:

Անշուշտ, վատ չէ, որ Հայաստանը նման մտածողության տեր ոստիկանապետ ունենար, բայց կա մի մեծ բայց: Տրամաբանական հարց է առաջանում, թե պետական գործիչներն արդյո՞ք պարտավոր են սպասարկել կառավարող կուսակցության, այս դեպքում՝ ՀՀԿ-ի կամ գործող նախագահի նեղ անձնական թիմի շահերը: Հայաստանը մեծաքանակ բնակչություն չունի, եւ ոստիկանների գործողություններից գրեթե ոչինչ չի վրիպում նրա աչքից: Ոստիկանները ժողովրդի աչքի առաջ են գործում նաեւ ընտրություններից առաջ, հենց ընտրությունների օրը եւ դրանից հետո: Ցավոք, մենք դեռ որեւէ հիմք չունենք պնդելու, որ ոստիկանները բոլորինն են; Ավելին, մենք կարող ենք պնդել, որ ոստիկանները հանրապետականների, հանրապետական ընտրակեղծարարների սպասարկուներն են: Եթե ոստիկանապետը նեղսրտի այս խոսքերից, ապա թող հետեւի մամուլի հրապարակումներին, եւ ամեն ինչ իր տեղը կընկնի:

Այնպես որ՝ միայն հայտարարություններ անելով բոլորի ոստիկանը չեն դառնում, եւ առավել եւս՝ պետական գործիչ չեն դառնում: Եւ, վերջին հաշվով, ժամանակն է ընտրություն կատարել դերասանի եւ ոստիկանի միջեւ: Իհարկե, երկու մասնագիտություններն էլ շատ կարեւոր եւ պատվաբեր են, բայց դրանք համատեղելը անհնար է: «Զգուշացեք ավտոմեքենայից» ֆիլմի հերոսներից մեկը համատեղում էր սիրողական դերասանի եւ քննիչի գործը, բայց ինչ-որ պահի ստիպված եղավ գործերից մեկից հրաժարվել, քանի որ կասկածյալն իր դերասան ընկերներից էր: Իսկ որքա՜ն շատ դերասան ընկերներ ունի Վլադիմիր Գասպարյանը: Այնպես որ՝ ճիշտ պահն է, որ Վլադիմիր Գասպարյանն իր ընտրությունն անի:

 

Արթուր Բարսեղյան

 

Նախորդ հոդվածը‘Չինաստանի դեսպան. Հայաստանը Չինաստանի համար տնտեսական լավ գործընկեր է’
Հաջորդ հոդվածը‘Մոսկվայում մի խումբ հայեր փորձել են բանկոմատ գողանալ’