‘Պահուստները կրճատվել են 1/3-ով, տրանֆերները՝ 25%-ով. Կառավարությունը «փող բերելու» ուղիներ է փնտրում ‘

1259

Անցած դեկտեմբերին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով ավելի քան $60 միլիոնով պակաս գումար են փոխանցել Հայաստան, քան 2013-ի դեկտեմբերին:

Նախօրեին երեկոյան Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, 2014-ի դեկտեմբերին ֆիզիկական անձինք արտերկրից Հայաստան են ուղարկել 127 միլիոն 287 հազար դոլար այն դեպքում, երբ նախորդ՝ 2013-ի դեկտեմբերին այդ թիվը կազմում էր 187 մլն 780 հազար:

Արտասահմանյան տրանֆսերտների «առյուծի բաժինը» հասնում է Ռուսաստանից կատարվող փոխանցումներին: Եւ հենց Ռուսաստանից էլ համապատասխանաբար ամսական կտրվածքով փոխանցումները դեկտեմբերի տվյալներով նվազել են շուրջ $63 մլնով ($97,676մլն՝ 2013-ի դեկտեմբերի $160.667-ի փոխարեն): 

Ուշագրավ է, որ նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ից կատարված փոխանցումներն ավելացել են ավելի քան 3մլն դոլարով: Տարեկան կտրվածքով մասնավոր անձանց փոխանցումներն արտասահմանից նվազել են շուրջ 150 միլիոն դոլարով: 

Հրապարակած մեկ այլ աղյուսակի համաձայն, դրամի փոխարժեքի փլուզումը կանխելու նպատակով Կենտրոնական բանկը անցած տարվա ընթացքում ծախսել է ՀՀ պետական միջազգային պահուստների ավելի քան մեկ երրորդը, եւ այժմ Հանրապետության միջազգային պահուստները կազմում են ընդամենը 1 միլիարդ 489,3 միլիոն դոլար:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, առկա Կառավարությունը տնտեսակա բարդ իրավիճակի լուրջ գնահատական եւ դրա հետ կապված անելիքn դեռեւս չի ներկայացրել: Իսկ հունվարի 30-ի կառավարության նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի զեկույցն այն մասին, որ աշխատանքային խումբը փորձում է նոր վարկեր ներգրավել եւ պարտատոմսերի նոր խմբաքանակ թողարկել, Վահագն Խաչատրյանը տարօրինակ է համարում: 

«Ավելի լավ կլիներ, ընդհանրապես չխոսել: Կառավարությունը խոստովանում է, որ ի վիճակի չէ իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնել: Պետական պարտատոմսեր թողարկելու մասին են խոսում այն դեպքում, երբ Moodey’s-ը հերթական անգամ նվազեցրել է Հայաստանի վարկանիշը, այսինքն, պարտատոմսերի եկամտաբերությունը նվազելու է: Մոռացել են, որ պետական պարտքը 5 միլիարդի է հասել, իսկ միջազգային պահուստները նվազել են: Այս պայմաններում ՀՀ-ում ո՞վ պետք է ներդրում անի, ինչու՞ եք մարդկանց թյուրիմացության մեջ գցում», — iLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նա հիշեցրեց, որ օրերս Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը Հայաստանի համար զրոյական աճ էր կանխատեսել՝ կապելով դա Ռուսաստանի տնտեսության իրավիճակի հետ:   

Խաչատրյանի խոսքով, այն դեպքում, երբ նույն Ռուսաստանում կառավարությունը լայն հանրային քննարկում է նախաձեռնել՝ գործարարներին հակաճգնաժամային ծրագրեր առաջարկելով՝ Հայաստանում կառավարությունը բավարարվում է միայն դրսից փող բերելու պլաններ մշակելով՝ առանց ներդրումային մթնոլորտի բարելավմանն ուղղված քայլերի մասին մտածելու:

«Որեւէ մեկը չի հարցնում՝ երկրում ներդրում անելու ցանկություն կա՞,  որեւիցե մեկը վստահություն հավատ ունի՞ գործող իշխանության նլկատմամբ», — նշեց Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ՎԶԵԲ-ի գնահատականներն «իրական պատկերը չեն արտացոլում», ապա, ըստ Վահագն Խաչատրյանի, ՎԶԵԲ-ն իր գնահատականները հիմնավորել է մի շարք փաստարկներով:

«Այդ դեպքում՝ ո՞րն է Հովիկ Աբրահամյանի «անհամաձայնության» հիմնավորումը:  Ինչպե՞ս է մեղմացնելու տրանսֆերտների նվազումը, ինչպե՞ս ես կարգավորելու արտարժույթի հետ կաօված քաղաքականությունը: Այդ բոլոր հարցերի պատասխանները կառավարությունը չունի», — նշեց տնտեսագետը:

Նախորդ հոդվածը‘Բրիտանիան նշել է Չերչիլի հուղարկավորության 50-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ. Բերձորում ծեծի են ենթարկվել Հիմնադիր խորհրդարանի ավտոերթի մասնակիցները ‘