‘«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը պահանջում է դադարեցնել ապօրինի քանդման աշխատանքները’

883

«Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած ապօրինի քանդման աշխատանքները: Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի համաքաղաքացիներ, պետք է համախմբվել!

Այս օրերին կնքվում է քաղաքամայր Երևանի պատմության մասին վկայող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի` Աֆրիկյանների ակումբի մահկանացուն: Մոտ 130 տարվա պատմություն ունեցող շենքը բանտարկված է «Ավելի բարեկարգ Երևան» խոստացող պաստառներով, մինչդեռ արդեն փլուզվել են շենքի ետնամասը, տանիքը և պատշգամբը, անհետացել են դիմային ճակատը զարդարող մետաղական ճաղերը: Սակայն դեռ կանգուն է Աֆրիկյանների ակումբի գլխավոր ճակատը` յուրահատուկ և բազմազան զարդաքանդակներով: Քարերը համարակալված են և ենթակա տեղափոխման, սակայն վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ տեղափոխված հուշարձանները չեն վերակառուցվում, և հանրությանը անհայտ է մնում դրանց ճակատագիրը:

Մենք շարունակ հպարտանում ենք մեր քաղաքի հարուստ անցյալով և այն վավերագրող հուշարձանների թվացյալ առկայությամբ, մենք մեր քաղաքն անվանում ենք «Հռոմից էլ հին թանգարան բաց երկնքի տակ», մինչդեռ նույն բաց երկնքի տակ այսօր ոտնահարվում և ոչնչացվում է մեր պատմությունը: Մենք պահանջում ենք դադարեցնել քաղաքապետարանի նախաձեռնած ապօրինի քանդման աշխատանքները: Ավելին, պատկան մարմինները պարտավոր են արգելել նույն տեղում նախատեսվող հյուրանոցի կառուցումն ու վերականգնել ճարտարապետական ողջ կառույցը: Ցանկության, պատրաստակամության և անհրաժեշտ գիտելիքների առկայության դեպքում, մասնավոր կազմակերպությունները և նրանց շահերն ամեն կերպ պաշտպանող քաղաքապետարանը կարող են իրենց բիզնես ծրագրերն իրականացնել` օգտագործելով նման արժեքավոր հուշարձաններն ու դրանով նոր շունչ հաղորդելով վերջիններիս:

Մեր պահանջը նպատակ ունի ոչ միայն վերականգնել քաղաքի աղճատված պատմական դիմագիծը, այլ նաև պաշտպանել Տերյան 11 հասցեի բնակիչներին, ովքեր անօրինաբար վտարվում են իրենց բնակարաններից: Այսպիսի նախադեպեր մենք նախկինում ևս տեսել ենք Երևանի հին կենտրոնի տարբեր հատվածներում: Բնակիչների բողոքը շարունակաբար մնացել է անպատասխան, հուշարձանները կորսվել են և փոխարինվել քաղաքի ճարտարապետական տեսքին անհամապատասխան և անճաշակ նորակառույցներով:

Այդ իսկ պատճառով կոչ ենք անում բոլոր մտահոգ քաղաքացիներին ոտքի կանգնել և փրկել Երևանի պատմության վերջին բեկորները: Աֆրիկյանների ակումբի շենքը դեռ հնարավոր է պահպանել, և դա կարող է դառնալ նախադեպ նույն ճակատագրին ենթակա այլ նմանատիպ կառույցների համար: Պետք է այսօր վերջ դնել մեր քաղաքի անցյալն ու ապագան վտանգող կամայականություններին: Այս խնդիրը միայն մեկ ճարտարապետական հուշարձանի մասին չէ, այն մեր՝ իրավագիտակից հանրության սեփական մշակութային ժառանգությունը պահպանելու և տնօրինելու իրավունքի մասին է:

Կոչ ենք անում զգոն լինել և պատրաստակամ՝ միանալու Աֆրիկյանների ակումբի շենքի պաշտպանության շարժմանը: Մենք հետևում ենք քանդման նախապատրաստական աշխատանքներին և սոցիալական ցանցերում պարբերաբար տեղեկացնում նորանոր զարգացումների մասին: Միացե՛ք մեր խմբին, տեղյակ եղեք և մասնակցեք: Միասին մենք կարող ենք ապրեցնել մեր քաղաքը: 

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն մտադիր է դադարեցնել կրակը Ուկրաինայի արևելքում’
Հաջորդ հոդվածը‘Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել. վարորդը տեղում զոհվել է’