‘Պաղեստինյան իշխանությունները ապացուցված են համարում Արաֆաթի թունավորման փաստը’

875

Յասիր Արաֆաթի մահվան հանգամանքներն ուսումնասիրող պաղեստինյան հգանձնաժողովը ապացուցված է համարում ՊԻՀ նախկին առաջնորդի թունավորման փաստը և ներկա պահին զբաղված է մարդասպանի փնտրտուքով, այսօր «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի ղեկավար, գեներալ Թաուֆիկ Թիրավին, փոխանցում է  РИА Новости-ն:

Ավելի վաղ շվեյցարացի գիտնականները, որոնք պաղեստինյան իշխանությունների խնդրանքով հետազոտել են Արաֆաթի աճյունում պոլոնիումի առկայությունը, պարզել էին, որ այն 18 անգամ գերազանցում է նորման: Իրենց հերթին՝ Քաթարի «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության տվյալներով՝ ռուսաստանցի գիտնականները, ովքեր նույնպես հետազոտել են ՊԻՀ նախկին առաջնորդի աճյունը, ռադիոակտիվ ֆոն են հայտնաբերել չորս մասունքներից մեկում:

Չնայած եզրակացությունների տարբերությանը՝ Թիրավին համարում է, որ «Շվեյցարիայի և Ռուսաստանի գիտահետազոտական ինստիտուտները միաձայն հաստատել են, որ Արաֆաթի մահը բնական ճանապարհով վրա չի հասել»: «Ինձ համար կարևոր չէ, թե դրանք  ինչով են տարբերվում միմյանցից, այլ՝ թե ինչով են նման: Իսկ այդ եզրակացություններում ընդհանրությունն այն է, որ Արաֆաթը հիվանդությունից չի մահացել: Եւ ինձ համար, ճիշտն ասած, այնքան էլ կարևոր չէ, թե մարդուն ինչով են թունավորել: Կարևորը՝ որ թունավորման փաստը հաստատվել է՝ Արաֆաթին սպանել են,- ընդգծել է Թիրավին, ապա հավելել: -Ես այդ սպանության համար մեղադրում եմ Իսրայելին: Նրանք ուզում էին ազատվել Արաֆաթից: Իսրայելն է պատվիրել այդ սպանությունը: Բայց կա նաև ինչ-որ մեկը, ով իրականացրել է սպանությունը: Ինչ-որ տեղ կա մարդասպանը: Եւ մենք հիմա փնտրում ենք նրան», փոխանցում է Trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘Ախթալայում բողոքի ալիք է հասունանում’
Հաջորդ հոդվածը‘2013-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա կապիտալի մասնակցությունը կրճատվել է 18.2%-ով’