‘Պայքար փոխանցումներով’

1627

Սերժ Սարգսյանի և նրա կառավարության կողմից բյուջետային միլիարդների թալանը առնվազն նշանակում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու ունեզրկում, Հայաստանի տնտեսության բռնաբարում: Պետական մակարդակի այս կողոպուտը Հայաստանում գոյություն ունեցող բոլոր տեսակի արատավոր երևույթների առաջին պատճառն է:

Շրջակա միջավայրի ախտոտվածության, կանաչ գոտիների խնամքի բացակայության, գործազրկության, արտագաղթի, աղքատության, բանակում տեղի ունեցող ապօրինությունների, կոռուպցիայի, մարդու իրավունքների ոտնահարման, անպատժելիության, միջազգային ասպարեզում ՀՀ անհաջողությունների առաջին պատճառը` պետական ֆինանսական միջոցների անբավարարությունն ու դրա հետևանքով առաջացած ծանր սոցիալական պայմաններն են:

Տրամաբանական կլիներ, երբ այսպիսի հանցագործությունների մասին հրապարակումներն ուղղակի պայթեցնեին ողջ քաղաքական, քաղաքացիական դաշտը` ոտքի հանելով և փողոց դուրս բերելով հազարավոր քաղաքացիների, որոնք առնվազն կպահանջեին կառավարության հրաժարականը: Սակայն Հայաստանում իրավիճակը քիչ այլ է: Հայաստանում ցավալի է տեսնել, թե ինչ աստիճանի է հայաստանցին սովոր նմանատիպ երևույթների: Պատկերացրեք` քաղաքացիների գումարներով կազմվող բյուջեի 70 և 170 տոկոսի թալանը դիտվում է որպես սովորական և անխուսափելի երևույթ, իսկ դրա դեմ պայքարը անարդյունավետ և անիմաստ ժամանակի վատնում:

Սակայն զարմանալին այսօր ոչ այնքան հասարակության մեծամասնության անտարբերությունն է, որը նորություն չէ, այլ հասարակության ակտիվ հատվածի լռությունն ու անգործությունը: Այստեղ հարց է առաջանում. «Մի՞թե պետական միջոցների թալանը, որը մեզ մտահոգող բոլոր խնդիրների սկզբնաղբյուրն է, արժանի չէ քաղաքացիական հասարակության արձագանքին, արժանի չէ անգամ մի լուռ մոմավառության»:

Ի դեպ, խոսքը չի վերաբերվում ևս հասարակության մասնիկ հանդիսացող կուսակցություններին: Եթե չլինեին կուսակցությունները, մասնավորապես` Հայ Ազգային Կոնգրեսի կողմից իշխանական ողջ կերակրամեխանիզմի հետևողական բացահայտումը, ապա չէին լինի նաև նմանատիպ հայտարարությունները վերահսկիչ պալատի ղեկավարի կողմից, չէին լինի նաև մյուս ընդդիմադիր կուսակցությունների կողմից այդքան սուր հարձակումնբերն ու հարվածները հանրապետականների նկատմամբ: ՀԱԿ-ը շատ բարձր նշաձող է դրել ԱԺ-ում, որին հասնելու համար հարկավոր է իսկապես ցավ պատճառել Սերժ Սարգսյանի վարչախմբին:

Եւ նման իրավիճակում դժվար չէ պատկերացնել, թե ինչ գլխացավանքի մեջ կընկնեին իշխանությունները, եթե վերոնշյալ բացահայտումներին հետևեր քաղաքացիական ակտիվիստների համապատասխան արձագանքը փողոցում: Համագարծակցության այսպիսի մի քանի դեպքեր կարող էին և կարող են ծանր հետևանքներ ունենալ իշխանությունների համար: Շատ հավանական է, որ կուսակցությունների և քաղաքացիական ակտիվիստների, իսկ այնուհետև նաև քաղաքացիների համաձայնեցված, այսպես կոչված, փոխանցումներով խաղը կարող է գողապետության տապալումը դարձնել բացառապես ժամանակի խնդիր: Ցանկացած պարագայում պասիվությունը ձեռնտու չէ ոչ մեկին: Այսպիսի բարդ իրավիճակում, երբ իշխանությունների ամենաթողությունն ու ցինիզմը օր-օրի ավելանում են անհրաժեշտ է հասարակության ողջ ներուժի համախմբում և ակտիվացում:

Արեգ Գևորգյան

 

Նախորդ հոդվածը‘«Ֆուտբոլ-365» Շիրակը հակաֆուտբոլ ցուցադրեց’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի եղբայրն այլեւս «Նաիրիտ»-ի փոխտնօրենը չէ ‘